16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեւան-Թբիլիսի երկաթգիծը փակ է. ալավերդցիները պահանջում են լուծում տալ գործազրկությանը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները այսօր`փետրվարի 15-ին, դարձյալ փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Գործարանի աշխատակիցներին նախօրեին Լոռու մարզպետը նախօրեին ասել էր, որ հարցը քննարկման փուլում է, ուրբաթ օրը, ինչպես աշխատակիցները փոխանցեցին Henaran.am-ին, պետք է Ալավերդի ժամաներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այսօր, սակայն մարզպետարանից փոխանցել են, թե փոխվարչապետի այց չի լինի, մեկ շաբաթով հետաձգվում է եւ որ հարցը դարձյալ քննարկման փուլում է:

  Փետրվարի 8-ին գործարանի աշխատակիցները նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր Կառավարություն:

Նամակում նշված էր, որ գործարանի աշխատանքի ընդհատումը բոլորին ծանր հարված է հասցրել, մեծ մասն ունեն վարկեր ու չեն կարողանում մարել դրանք:

«Ալավերդիում չկա այլընտրանք, ստեղծվել է մի աղետալի վիճակ, երբ աշխատանքին ընդունակ մարդն ի վիճակի չէ ապահովել իր ընտանիքի նվազագույն կարիքները: Անորոշությունը ստիպում է մարդկանց արտագաղթել երկրից: Հեռանում են բարձրակարգ մասնագետներ, որոնց պակասը մոտ ապագայում չի կարող լրացվել: Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները մեծ հույսով ակնկալում են օժանդակություն՝ պղնձաձուլարանը հնարավորինս արագ վերագործարկելու և ներկա պայմաններով արտադրության ժամանակավոր շահագործումը թույլատրելու հարցում՝ մինչև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բնապահպանական բոլոր լուծումներով արտադրություն կազմակերպելը: Միևնույն ժամանակ, մինչև հիմնախնդրի հանգուցալուծումը, խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ գործարանի աշխատակիցների վարկային պարտավորությունների ժամանակավոր սառեցմանը»,- ասվում է վարչապետին ուղղված նամակում:

Ալավերդու ավագանին ուղերձ էր հղել ՀՀ նախագահին և վարչապետին՝ հորդորելով մինչև մարտի 1-ը վերջնական լուծում գտնել:

Գործարանի ղեկավարությունն աշխատողներին, արդեն երեք ամիս է՝ վճարում է աշխատավարձի 2/3-ի չափով։ Դա կտևի մինչև մարտի 1-ը։ Դրանից հետո հնարավոր է, որ գործարանը վերջնականապես աշխատանքից ազատի աշխատակիցների հիմնական մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալավերդիում հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված բանակցություններ են տարվում ռուսաստանահայ գործարարի հետ, եթե հանկարծ նույնիսկ պղնձաձուլարանի հետ կապված պատմությունը երկարի, բոլոր աշխատողներն աշխատանքի վերցվեն Թեղուտում և ոչ մի մարդ աշխատանքից չզրկվի: 

51775190_754594891580935_6670619720095367168_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ