26 Ապրիլի, Ուրբաթ, 2019

2018 թ-ի դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ. Կենտրոնական բանկ

bd68687b6f692426e464f22ec233bf8a

2019 թ. հունվարի 29-ին ՀՀ ԿԲ խորհուրդը նիստ է անցկացրել: Ինչպես հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը:

Խորհրդի նիստը սկսվել է հունվարի 29-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվել է, որ 2018 թ-ի դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որը պայմանավորվել է բացառապես սեզոնային ապրանքների գների փոփոխություններով, մասնավորապես՝ «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերում գներն աճել են համապատասխանաբար 12.5% և 25.2%-ով, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է շուրջ 1.8 տոկոսային կետ: Այդուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գները շարունակում են մնալ ցածր մակարդակում, ինչի հետևանքով տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%՝ շուրջ 1.0 տոկոսային կետով ցածր կանխատեսված ցուցանիշից: Միաժամանակ, գնահատվող թույլ ներքին պահանջարկով պայմանավորված՝ շարունակում է նվազել նաև բնականոն գնաճը, որը դեկտեմբերի վերջին կազմել է 2.6%:

Խորհուրդն անդրադարձել է ձևավորված տնտեսական միջավայրին. նշվել է, որ 2018 թ-ի չորրորդ եռամսյակի փաստացի արդյունքների համաձայն՝ պահպանվել է տնտեսական ակտիվության թուլացման միտումը՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի և հանքարդյունաբերության ենթաճյուղի թողարկման ծավալների նվազմամբ: Այս պարագայում տարեկան տնտեսական աճը գնահատվում է 5.0%-ի շրջակայքում, որին գերակշռող նպաստում ունեն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները:

Դրան համապատասխան, չորրորդ եռամսյակում ներքին պահանջարկը ևս մնում է թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության զսպողական բնույթով (չորրորդ եռամսյակի հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 3.6 տոկոսային կետ զսպող) և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ:

Խորհրդի նիստում ներկայացվել են արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական աճի տեմպերի որոշակի դանդաղում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում, ինչն ուղեկցվել է նաև ապրանքահումքային միջազգային շուկաներում ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները:

Խորհրդի նիստում քննարկվել են ֆինանսական շուկայի զարգացումները, և արձանագրվել է, որ թե՛ նախորդ տարվա վերջին և թե՛ այս տարվա սկզբին շուկայի տարբեր հատվածներում դիտվել են հիմնականում կայուն միտումներ, և տոկոսադրույքները պահպանվել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկման էին ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ իջեցնելու տարբերակները:

Հաշվի առնելով սպասվածի համեմատ ձևավորված ցածր գնաճային միջավայրը և առաջիկա ամիսներին դրա պահպանումը` պայմանավորված որոշ գնանկումային ռիսկերի դրսևորմամբ և արտաքին ու ՀՀ տնտեսություններից սպասվող ոչ գնաճային ազդեցություններով՝ ԿԲ խորհուրդը նախապատվությունը տվել է դրամավարկային պայմանների խթանման չափի մեծացմանը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում ավելի երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գների կայունության ապահովման համար։ Արդյունքում՝ ակնկալվում է, որ գնաճը հիմնականում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով 4% ցուցանիշի շուրջ:

 

 

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ