25 Ապրիլի, Հինգշաբթի, 2019

Ռիսկային քայլ կառավարության կողմից. նախկին իշխանություններն այդ հարցում շատ զգույշ էին

mailservice-4-22

«Իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հնչած իրարամերժ հայտարարությունները ներքին անկազմակերպության, կոմունիկացիոն խնդիրների մասին է վկայում, դա չեմ մեկնաբանի, բայց մի բան հստակ է՝  Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու ռիսկերի վերաբերյալ որեւէ հանրային քննարկում  չի իրականացվել,  խոսքը նրա մասին չէ, որ ասենք 4-5 հոգով քննարկել են ինչ-որ թուղթ, հետո թաքուն ստորագրել, խոսքը լուրջ հանրային քննարկման մասին է, որը տեղի չի ունեցել, այս գործողությունը ծանր ու թեթեւ չի արվել»,-Henaran.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Սիրիայում հայ մասնագետների խմբի տեղակայմանը:

Կարեն Վրթանեսյանի խոսքով, սա խիստ ռիսկային գործողություն է եւ ամենակարեւորն այստեղ այն է, թե ինչ ենք շահում եւ ինչ կարող ենք կորցնել: «Այստեղ խոսքը ոչ միայն Հայաստանի,  այլեւ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների մասին է, ի վերջո իզուր չէ, որ նախկին իշխանություններն այդ հարցում շատ զգույշ էին: Ռիսկերը բավականաչափ խորությամբ չեն քննարկվել, գոնե հանրային բաց տիրույթում լուրջ բանավեճ չենք տեսել: Ես հիմա վախեցնող հայտարարություններ չեմ ցանկանում անել, միայն կպնդեմ, որ ռիսկերը նորմալ չեն քննարկվել եւ պաշտոնապես նպատակն էլ չի բացատրվում»,-շեշտում է փորձագետը:

Վրթանեսյանի խոսքով, իշխանության քարոզիչները  Ֆեյսբուքում ինչ-որ ստատուսներ են գրում, հեքիաթներ պատմում Հայաստանի քաղաքակրթական առաքելության մասին, բայց հստակ նպատակը պրագմատիկ տեսակետը,  թե ինչ ենք դրա դիմաց ստանում, չի նշվում:

«Չեմ կարծում, որ հենց այսօր Հալեպում կամ մեկ այլ սիրիական քաղաքում այնպիսի վիճակ է, որ մարդկանց փրկելու համար պետք է խումբ ուղարկել, 2012-13 թվականների սրացումները չկան, երբ վիճակը շատ ավելի լուրջ էր , ու ՀՀ  ղեկավարությունը, ծանր ու թեթեւ անելով ու հասկանալով, թե ավելի ակտիվ միջամտությունը ինչի կարող է բերել, զերծ մնաց գոնե հրապարակայնորեն ինչ-որ քայլերից, որը կարող էր տարբեր կողմերից դիտարկվել որպես սադրիչ մի բան եւ ազդեցություն թողնել հայ համայնքի վրա: Այս  պահին նման քայլի կարիքը  չկար»,- պնդում է ռազմական փորձագետը:

Կարեն Վրթանեսյանի խոսքով,  ի վերջո, կարելի էր ուղղակի առանձին բժիշկներ ուղարկել՝ քաղաքացիական առաքելության տեսքով եւ եթե  ինչ-ինչ պատճառներով պարտադիր էր, որ դա ռազմականացված առաքելություն լիներ, որի անհրաժեշտությունը հանրությանն այդպես էլ չի բացատրվում, դա կարող էին գոնե ՀԱՊԿ բրենդի ներքո իրականացնել: 

Հիշեցնենք, 3 օր առաջ հայ մասնագետների խումբը մեկնեց Հալեպ: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով  հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա՝ Հալեպ: Տեղեկությունն ստանալուց առաջ եւ հետո քաղաքական ու փորձագիտական շրջանակներն ահազանգում էին այս գործողության հնարավոր ռիսկերի մասին, մինչդեռ իշխանությունը մինչեւ այսօր որեւէ հստակ բացատրություն չի ներկայացրել ՝ հիմնավորելու այս որոշման նպատակն ու իրավական հիմքերը: 

 

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ