25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հայերի նկատմամբ ատելության հողի վրա իրականացված հանցագործություն

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է  սկսել 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, ոստիկանության և դպրոցների ներկայացուցիչների խոսքերով՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպերը, որոնք առաջացրել են Լոս Անջելեսի հայկական համայնքի անհանգստությունը և վրդովմունքը: Նշվում է, որ շատերը հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշը կախելը նկարագրում են որպես ատելության գործողություն, որը միտված է հայկական համայնքի շրջանում վախ սերմանելուն և Հայոց ցեղասպանության վարկաբեկմանը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը ուսումնասիրում է տեսաձայնագրությունները և պլանավորում է ուժեղացնել հսկողությունը դպրոցների շրջակայքում:

ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի տնօրեն Արփի Ավանեսյանն ընդգծել է, որ իրենց համար անակնկալ է եղել դպրոցի դարպասին Թուրքիայի դրոշներ  տեսնելը: «Մենք նման բան չէինք սպասում: Ես չգիտեմ, թե ի՞նչ է մտածել այդ մարդը: Ինչո՞ւ այսօր, ի՞նչն է նրանց ստիպել անել դա»,- ասել է նա:

ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը հայտնել է, որ Լոս Անջելեսի «Ֆերահյան» հայկական դպրոցի դարպասներին ևս Թուրքիայի դրոշներ են փակցված եղել. դպրոցը հիմնադրվել է շուրջ 60 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների կողմից:

Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի խոսնակ Ջեֆրի Լին հայտնել է, որ գրանցված միջադեպերը գրանցվել են որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն:

Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մի խումբ պաշտոնյաներ իշխանություններին կոչ են արել գտնել և պատասխանատվության ենթարկել կասկածյալին:

Երկու դպրոցներում էլ դրոշները փակցվել են մինչև աշակերտների ժամանումը:   ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանն ասել է, որ տեսաձայնագրություններում երևում է, որ դպրոցների դարպասներին դրոշները փակցրել է ամբողջությամբ սև հագնված 1 կամ 2 մարդ: «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ հասկանան անցյալի հանցագործությունը, և բոլորս կարող ենք ունենալ լուսավոր և երջանիկ ապագա: Մենք հույս ունենք, որ մի օր Թուրքիան կհասկանա, թե ինչ է արել իրենց կառավարությունը 100 տարի առաջ»,- ասել է Հովսեփյանը:

Կոնգրեսական Բրեդ Շերմանը ևս դատապարտել է տեղի ունեցածը  և իրավապահ մարմիններին կոչ է արել արարքի հեղինակներին ձերբակալելը դարձնել առաջնահերթ խնդիր:

Ուսումնական օրվա ավարտին «Ֆերահյան» հայկական դպրոցի աշակերտները դպրոցի բազրիքներին  և դարպասներին փակցրել են Հայաստանի դրոշը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ