19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Խաչի նշանը աջ ձեռքի եւ մեջքի վրա կրելու հրամանը ես եմ տվել. հաղթանակն Աստծուց է

arkadi-ter-tadevosyan-634x445

1992 թվականի մայիսի 9ին ազատագրվեց Շուշի քաղաքը: Եվ այս հաղթանակի մեջ Աստվածային մեկ կարեւոր գործոն փայլատակեց: Այդ Քրիստոսի հաղթանակի՝ Խաչի խորհուրդն է:

Շուշիի գրավումը վաղուց էր նախապատրաստված, սակայն չգիտես ինչու, ծրագիրը չհաջողվեց ո՛չ ապրիլ ամսին եւ ո՛չ էլ մայիսի առաջին օրերին: Եվ միայն հարձակման հաստատ որոշումն ընդունվեց, թե մայիսի 7ին է կայանալու: Բացի այն բանից, որ 7ը Աստծո խորհրդակիր թիվն է, հաջորդ Աստվածային խորհուրդը հայ զինվորները իրականացրին: Եվ ահա հարձակումից առաջ, բոլոր զինվորներն անխտիր՝ 2425 հոգի, մոտենում էին հոգեւորականներին եւ խաչ էին խնդրում, որ խաչ կրելով գնան ճակատ:

Իհարկե, խաչը ամենքին չբավարարեց: Եվ ովքեր չկարողացան խաչ ձեռք բերել՝ իրենք էին կարմիր կտորից կտրում, ամրացնում իրենց վրա: Եվ խաչի նշան դրեցին թե տանկերի, թե զրահամեքենաների եւ թե այլ զենքերի վրա էլ: Ինչպես Սասունցի Դավթի Խաչ Պատերազմին, հայ մարտիկները խաչ կրելով եւ իրենց զենքերի վրա խաչի նշան դնելով՝ այդպես գնացին ճակատ: Այս ամենքիս հայտնի իրողությունն է։ Սակայն թե ինչպե՞ս եղավ, որ մեր զինվորներն հանկարծ որոշեցին խաչի նշանով ելնել մարտի։ Այս հարցի պատասխանն ստացա զրուցելով քահանայի թոռ, գեներալ մայոր Արկադի Տեր Թադեւոսյանի հետ։ 

Խաչի նշանը աջ ձեռքի եւ մեջքի վրա կրելու հրամանը ես եմ տվել, ասաց գեներալը։ Եվ այդ ոչ պատահականորեն։ Արկադին ցույց տվեց հայերեն մի օրացույց՝ 1915 թվականի, վրան գրված էր սեղանի եւ գրպանի օրացույց։ Քայքայված տեղերը խնամքով սոսնձված էին։ Իմ ներս մտնելու պահին էլ գեներալն այս թանկարժեք օրացույցի հերթական պոկված էջերն էր սոսնձում։

Այս օրացույցը միշտ էլ իմ սեղանին է, ես հիմնականում այս օրացույցով եմ առաջնորդվում, բնականաբար՝ Շուշիի ազատագրման օրերին էլ, ասաց գեներալը։ 

Այս օրացույցում նշված էր մեր հոգեւոր բոլոր տոները։ Բնականաբար նաեւ խաչի երեւման տոնը, որ ըստ օրացույցի, կարծեմ, մայիսի 5ին էր։ 

Նաեւ խաչի նշանը մեր զինվորներին կտարբերեր ազերի զինվորներից. չէ՞ որ թե մերոնք, թե նրանք խորհրդային բանակի նույն համազգեստներն էին հագել,ավելացրեց գեներալը։  Մայիսի 5ին էլ որոշել էինք հարձակվել, սակայն ձյուն եկավ եւ հետաձգեցինք։ Եվ հարձակվեցինք մայիսի 7ին։ Եվ մայիսի 9ին տոնվեց փառավոր հաղթանակ, որ ամենքին է հայտնի: 

Խաչի խորհրդով հաղթանակը անօրենների դեմ պատերազմներում պատմության մեջ հայտնի է մի շարք վկայություններով: Կոստանդինոս արքան, երբ անօրեններից կրած մի շարք պարտություններից հետո աղոթեց Աստծուն, բացահայտ տեսիլք տեսավ. երկնքում երեւաց խաչի նշանը եւ մի գրություն, թե՝ Սրանո՛վ /Խաչով/ հաղթիր: Եվ իր դրոշակը Խաչը դարձրեց, իսկ բոլոր զինվորները իրենց վահանների վրա խաչը դրվագելով, փոքրաթիվ խմբով հարձակվեցին բարբարոսների մեծաթիվ բանակի վրա եւ հրաշալի հաղթանակ տարան: Ուրիշ մի ներդաշնակություն արդյո՞ք չէր լրացնում այս ամենին՝ Շուշիի հաղթանակի պարագայում: Ինչու՞ օրինակ, միայն մայիսի 7ին հաջողվեց հարձակվել: Այդ օրը Խաչի խորհրդի հետ ինչ որ տեղ կապ ունի՞: Այս մասին խորհում էր նաեւ Արցախի առաջնորդ Պարգեւ սրբազանը եւ մի քանի օր անդադար աղոթում էր:

Եվ Սուրբ Հոգուց մղում ստանալով՝ մի օր աչքն ընկավ «Հայ եկեղեցու տոներ» գիրքը, բացեց մի պատահական էջ, եւ պարզվեց, որ բացել է այն էջը, որտեղ իր հարցի պատասխանն է: ԵՐԵՒՄԱՆ ԽԱՉԻ տոնի մասին էր այդ էջը: Պարզվում է, 357 թվականին, Կյուրեղ Երուսաղեմցու օրոք, Երուսաղեմ քաղաքում, մայիսի 7ին երկնքում երեւացել է Խաչի նշանը: Եվ այդ օրը, նշանը տեսնելով, հազարավոր հրեաներ եւ հեթանոսներ եկել մկրտվել են: Մեզ մոտ այս տոնը շարժական տոն է, սակայն բուն Խաչի Երեւումը մայիսի 7ին է եղել:

Այդժամ Առաջնորդը հասկացավ, որ Աստված հետաձգում էր հարձակումը, որ հարձակման օրը համընկնի Խաչի Երեւման տոնի հետ, տոն, որ Սուրբ Հոգու մղմամբ եւ հրամանով Արկադի Տեր Թադեւոսյանի՝ նշանավորեցին հայ զինվորները՝ ամենքն էլ Խաչ կրելով եւ Աստծո ամենահաղթ այս նշանի զորավոր զորությամբ խիզախելով՝ բերեցին փառավոր հաղթանակի մեզ արդեն հայտնի պտուղը՝ Շուշիի ազատագրումը: Շուշիի ազատագրումը ղեկավարում էր Աստվածապաշտ գեներալը, որ թոռ էր քահանայի եւ այնքան սիրվեց մեր ժողովուրդի կողմից, որ նրան Կոմանդոս /Զորությամբ հաղթող հրամանատար/ անվանեցին։ Օրհնյա՛լ է Աստված:

ՔԱՀԱՆԱՅԻ ԶԱՐՄ ԳԵՆԵՐԱԼ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ 
ԹԱԴԵԻՈՍՅԱՆԸ ԽԱՉԻ ՆՇԱՆՈՎ ՏԱՆՈՒՄ Է
ՍՔԱՆՉԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ

Ամենեւին պատահական չէր, որ Նազարեթ քահանան եկեղեցապահ Անդրանիկին ու նրա ընկերներին Սուրբ Սարգիս զորավարի ուխտատեղիում, երբ աղբյուրի ջրով մկրտեց, մկրտեց նաեւ Խաչով ու Սրով։ Որովհետեւ թե Հին եւ թե Նոր կտակարանները պատվիրան պահողներին նաեւ սրով պահպանություն է վերապահում ազգի, ազգային սրբությունների, ազգային արժեքների համար, որ Տիրոջով եղան։ «Իմ Ավետարանը ինձ է պահպանում, ես էլ իմ սրով պահպանում եմ իմ Ավետարանը»ասել է Զորավար Անդրանիկը։

Եվ ամենեւին պատահական չէր, որ քահանայի որդի եւ քահանայի թոռ Նժդեհը եղավ «Վարդանանց նման մտածելու, պատերազմելու» քարոզիչ, երբ Վարդանանք մեր ազգի մեջ սրբեր են եւ առավել Աստվածապաշտ ու եկեղեցապահ լինելու իրավական խորհրդանիշն ունեն։ 

ԱՍԵԼԻՔՍ ԱՅՆ Է, ՈՐ ԱՍՏԾՈ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՒ ԸՆՏԻՐ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ Է ԾՆՈՒՄ։ Քանի որ Աստված է կարող սքանչելի հաղթության զորություն շնորհել իր ընտրյալ անոթներին։
Արարիչ Աստծո զորությամբ լցված Սամփսոնը՝ մեն մենակ՝ բանակներ էր կոտորում։ Տասներկուամյա Դավիթը ոտաբոբիկ եւ մեն մի պարսատիկով ելավ մինչ ատամները սպառազեն հսկա Գողիաթի դեմ, սակայն բանն այն է, որ Հավերժ Կենդանի Աստծո՛վ ելավ եւ Աստվածահայոյ հսկային պատասխանեց.

«Ես մենակ չեմ, այլ իմ Աստծո զորությամբ եմ գալիս քեզ վրա…ասաց եւ… պարսատիկից արձակած քարը մեխեց հսկայի ճակատի ճիշտ մեջտեղում» եւ մանուկն Աստծով սպանեց ահռելի հսկա գազանին։ «Թեկուզ բանակներ էլ ելնեն իմ դեմ, սիրտս չի վախենա, քանի որ ինձ հետ ես, Տե՛ր» հետագայում խոստովանեց Դավիթն իր սաղմոսարանում։

Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ Շուշվա Խաչ Պատերազմին քահանայի զարմ էր ղեկավարում՝ գեներալ Արկադի Տեր Թադեւոսյանը, որ սակավ բանակով, բայց զորությամբ Աստծո սքանչելիորեն ազատագրեց մեր Շուշին։ 
Շուշիի ազատագրումից առաջ Աստծո հետ կապված որեւէ հայտնություն ունեցե՞լ եք, հարցրեցի գեներալին։ 
Ես քահանայի թոռ եմ, ինձ համար նվիրական են անգամ ավերակ եկեղեցիները։ Եվ երազիս մեջ հաճախ եկեղեցիներ եմ տեսնում։ Բացի այդ մի ալբոմ ունեմ, ուր եկեղեցիների նկարներ են։ Հաճախ եմ թերթում։

Մինչեւ Շուշիի ազատագրումն՝ այնտեղ չեմ եղել։ Նկարով էի ճանաչում Կանաչ ժամն ու Ղազանչեցոց եկեղեցին։ Չէի էլ պատկերացնում, որ Ղազանչեցոց եկեղեցին այդպիսի մեծ զորություն ունենար։ Ազատագրումից առաջ երազիս մեջ այդ զորությամբ հայտնվեցի Ղազանչեցոց եկեղեցում։ Երբ ազատագրեցինք, տեսա ու ճանաչեցի. ահա ա՛յստեղ էր, որ Աստված երազում ինձ բերեց, պատասխանեց գեներալը։ 

Պատահական բան չէ։ Որքան էլ աշխարհիկ քաղաքականությունները պնդեն թե պատերազմը հավատի հետ կապ չուներ, բայց մենք մեր պատմությունից եւ Սուրբ Գրքից գիտենք, որ Աստծո՛վ են բոլոր հաղթանակները։ Որ այս դեպքում եկեղեցիների եւ հատկապես Շուշիի եկեղեցու երեւումով է ի հայտ եղել՝ Աստծո սիրո եւ զորության ներկայությունն ու գոտեւորումը խորհրդանշելով։ 

Հարձակումից առաջ Արկադին փոքրաթիվ իր բանակը, ինչպես նախորդ գլխում տեսանք, զինեց նաեւ Խաչի՛ նշանով, որ Աստծո՛ այս աշխարհի վրա հաղթության Խորհրդանիշն է։ Եվ երկնքից տրված ավանդույթ Տիրոջից, որպեսզի քրիստոնյաներս պատերազմի ելնենք մե՛ր Տիրոջ նշանով։ Ըստ քրիստոնեական այս արդար ավանդույթի՝ Արկադին իր փոքրաթիվ բանակը Խաչի նշանով զինելով հարձակվեց գերավար Շուշի քաղաքի վրա եւ ազատագրեց անառիկ մեր Շուշին։ «Շուշվա հաղթանակը հայ ազատագրական պայքարի ծաղիկն է», հայտարարեց Սպարապետ Վազգեն Սարգսյանը։

Եվ Շուշիի սքանչելի ազատագրման համար գեներալին իշխանությունը Ազգային հերոսի կոչում շնորհեց, իսկ ժողովուրդն իր սիրելի հերոսին անվանեց «Կենդանի լեգենդ», «Կոմանդոս», ասել ուզելով, որ քահանայի շառավիղը հրամանատար եղավ մարդկանց համար արտասովոր ու մշտահաղթ նախախնամությամբ՝ Խաչով եւ Սրով սքանչելի հաղթանակի։ Այսինքն, ժողովուրդն ասաց ճշմարտությունը, որ Արկադի Տեր Թադեւոսյանը հաղթող հրամանատար եղավ ՁԵՌԱՄԲ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ, որ Օրհնյա՛լ է հավիտյանս: Ամեն:

Մաքսիմ Ոսկանյանի գրառած գրքից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ