27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Դու խաբվել ես, հպա՛րտ քաղաքացի

26525_Varchapetio_sharasyun3_M

Բազմաթիվ առիթներով Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրին կարգել է վարչապետ, բայց, անհասկանալիորեն, մեզանից վարչապետավարի ապրում է միայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իր ընտանիքը, իր նշանակածներից շատերը և ապրում են անխնա ճոխությամբ։

Ինչո՞ւ ենք սկսել հաշվել վարչապետի ապրելակերպը, որովհետև այն խստորեն անհամապատասխան է քաղաքացիների վիճակին և նախկինում իր տված խոստումներին՝ գազը ու հոսանքը կէժանանան, աշխատավարձերն ու թոշակները կկրկնապատկվեն, բյուջեն կավելանա, աշխատատեղեր կբացվեն, կամերաներն ու արագաչափերը կհանենք․․․ Դե, հիշում եք։

Նախատոնական օրերին հարցումներ էինք անում Երևանի փողոցներում, մեզ հատկապես հուզեցին Շենգավիթում հարցումները, երբ սոցիալական վիճակից խոսելիս մարդիկ լաց էին լինում, իսկ մի կին էլ ասաց, որ աղջիկն ինքնասպան է եղել սոցիալական վատ պայմանների պատճառով։ Դուք կասեք՝ Սերժ Սարգսյանի կառավարման արդյունքն է, մենք կասենք, որ նույն հարցումներն անում ենք 2014 թվականից ի վեր, բայց որևէ քաղաքացի տեսախցիկի առաջ լաց չի եղել սոցիալական պայմանների պատճառով։

Ամանորյա տոներին բոլորս էինք այցելում ընկեր-հարևան-բարեկամի տներ՝ մաղթանք հղելու։ Հատկապես գյուղերում այդ այցելությունների ժամանակ մի ցավալի բան նկատեցինք՝ գրեթե բոլորի տներում ցուրտ էր։ Գազը թանկ է ու դեռ թանկանալու է, չեն օգտագործում, շրջաններում անգամ գազի ջեռուցման համակարգն են վերափոխել փայտի, հոսանք չեն օգտագործում ջեռուցման նպատակով, արևային էներգիայի մասին խոսելն ավելորդ է։ Փայտի ու աթարի հույսին են։ Հնարավորությունները չի ներում փայտ շատ գնելու համար, ու ստիպված տնտեսում են։ Վառելիքն օգտագործում են երեկոյան մի երեք ժամ բնակարանը ջեռուցելու համար, մի մասն էլ շուտ է մտնում անկողին։ Դե, ինչպես 90-ականների սկզբներին։ Գրեթե բոլորը բողոքում էին սոցիալական վիճակից, ու միաբերան ասում՝ ոչ մի բան էլ չի փոխվել, դեռ մի բան էլ՝ ավելի վատ է։

Այ այդտեղ սխալվում են, ինչ-որ բան փոխվել է, պարզապես՝ ոչ իրենց կյանքում։

Համացանցում ամեն օր տեսանյութեր են հրապարակվում քաղպայմանագրի քեֆերից, որոնց գրեթե բոլորին մասնակցությամբ պատվում է ինքը՝ ժողովրդի վարչապետը։ Ամեն օր, ամեն երեկո Երևանի Մաշտոցի, Տերյան, Աբովյան, Թումանյան և այլ փողոցների տարբեր մակարդակի բարերի, թանկարժեք ռեստորանների մուտքի մոտ կարելի է տեսնել երեք հսկա ջիփ ու դրանց արանքում՝ հպարտորեն կանգնած վարչապետի S դասի «Մերսեդեսը»։ Վստահաբար՝ խուզարկության ու թալանած փողերը պետբյուջե լցնելու համար չի մտել այդ սրճարանները։ Արդյունքը երևում է կարճ ժամանակ անց՝ սելֆիի տեսքով, որից էլ երևում է մի քանի հարյուր դոլարանոց սվիտերն ու շարֆը։

Գաբրիելն ասում էր՝ «Ես Կորյունի փողոցում ծեծ կերա, որ Փաշինյանը 600 դոլարանոց բլուզկա ու 300 դոլարանոց շարֆ կապի՝ «բոշի յուղի պես»» (թևավոր խոսք է՝ բոշայի յուղն այնքան շատ է լինում, որ քսում է քամակին)։ Հա, Գափո ջան, հենց դրա համար ծեծ կերար, դու ծեծ կերար, որպեսզի մի քանի աղքատ, բայց չտեսներ քո հաշվին հարստանան ու իրենց հռչակեն քեզ թագավոր, բայց արդարացնեն, որ այդ ամենը քեզ համար են անում։

Ու այդ ամբողջ ցոփ ու շվայտ կյանքը, որ ապրում է քաղպայմանագրի «ոսկե երիտասարդությունը», ոչնչով չի տարբերվում նախորդ համակարգի քեֆերից։ Թերևս, տարբերությունն մեկն այն է, որ այն ժամանակ միայն մամուլն էր գրում, որ այսինչ քեֆն է եղել ու մասնակցել են այսինչ մարդիկ։ Իսկ հիմա այդինչ մարդիկ են իրենց տժժացող քեֆերը տեղադրում համացանցում, մի բանել՝ հետո մեկնաբանում։ Իսկ գլխավոր տարբերությունն էլ նա է, որ նախկինները քեֆեր անում էին, բայց չէին հայտարարում, թե իրենցից մեկն են, իսկ նոր Հայաստանի իշխանավորները դեռ պաշտոնները չմարսած, վայելում են այն ամբողջ ծավալով ու քաղցրությամբ։ Նույն «ժանտախտի» ժամանակ, ինչի պատճառով իշխանության են։

Իսկ ինչո՞ւ միայն քեֆեր ․․․ Քարտուղարուհիներ, սպասարկող «օգնականներ», թանկարժեք մեքենա, ինքնաթիռով ու ուղղաթիռով «գործուղումներ» և այդ ամենը՝ մեր՝ հարկատուներիս հաշվին։ Հարկատուները պակասում են, ամենուր օպտիմալացումներ են, միայն թե քեֆերը չեն պակասում՝ ավելանում ու ճոխանում են։

Կառավարությունն իրեն անհուսորեն տվել է խմիչքին, խմում է ու պարում, հավանաբար, որպեսզի մոռանա, թե ինչ քար ու քանդ եղած երկիր է իրեն բաժին հասել։ Ուշագրավ է, որ կառավարության յուրաքանչյուր անդամ մայիս-հունիս ամիսներին գիշերվա տարբեր ժամերի նկարներ էր ֆեյսբուք գցում, թե՝ «Իսկ մենք էս ժամին աշխատում ենք», «ՀՀԿ-ն այնքան վատ տնտեսություն է թողել, որ պետք է գիշեր ու զօր աշխատենք»։ Իսկ հուլիսից սկսած արդեն համացանց էին գցում ֆոտոներ, թե ինչպես են ծանր աշխատանքից հետո բլոտ խաղում, արտասահման գնացել շոփինգի, բարերում թռվռում են ու պար գալիս ․․․ Որ աշխուժանան ու «աշխատեն»․․․

Այդ քեֆչի հասաններին շատ չենք մեղադրում, ջահելներ են, արյունը եռում է, մարդիկ այդ տարիքում, սովորաբար, լինում են բարերում, գիշերային ակումբներում, պպզում են բեսետկաներում, մայթերին, թքում փողոցում ու մի թաքուն անկյունում մարիխուանա ծխում։ Հիմա նրանց բերել ենք կառավարություն, վստահել ենք պետություն․ նա, որ չի հասկանում աշխատանքի լրջությունը, հասկանալի է, չէ՞, որ ջանասիրաբար նույն բանն անելու է իր աշխատասենյակում։

Մարդու խելքը, փորձառնությունը մենք չթողեցինք տարիքի ու ժամանակի հետ համընթաց լիներ, միանգամից փոխեցինք, կարիերան դարձավ գլխապտույտ սրընթացությամբ, չհասկացավ ինչ է կատարվում և աշխատասենյակ մտնելիս՝ ապտակում է իրեն՝ հասկանալու համար՝ արթնացե՞լ է, թե դեռ երազում է։ Ու նրանից պետք է մենք պահանջենք, ցեղասպանություն, ղարաբաղյան պատերազմ ու Լևոն Տեր-Պետրոսյան տեսած երկրի զարգացո՞ւմ։

Մարդը դուրս է գալիս համալսարանից, քանի որ ինքը մասնակցել է հեղափոխությանը, փողոց է փակել, բայց ընդամենը երկրորդ կուրս է, չի կարող պաշտոնի գնալ։ Կիսատ է թողնում ուսումը, որ պաշտոնի գնա, քանի որ մինչև ավարտի, կարող է Նիկոլն այլևս չլինի ձիու վրա։ Իսկ եթե Նիկոլն այսպես շարունակի, ոչ միայն ձիու վրա չի լինի, այլ պետք է մեծ ջանքեր ներդնի գոնե ձիու տակ չհայտնվելու համար։

Այնպես որ, հարգելի՛ քաղաքացի, դու, վստահ քո կամքով, այժմ կերակրում ես աղքատ ու չտես մի ամբողջ «բանակի», որը ոչինչ չունի մեզ տալու, բայց վերցնում է, վստահ, ուրախ ու ամենակարևորը՝ հպարտ։

Ո՞րն է «սև ու հակահեղափոխական լրատվամիջոցների» ու «հպարտ քաղաքացիների» տարբերությունը․ առաջինները բոլոր խնդիրները, վատ երևույթներն ու տխուր ապագան գուշակում են՝ ներկան վերլուծելով, գրում այդ մասին։ Իշխանավորը մատ է թափ տալիս, խուզարկուներ է ուղարկում, ֆեյքերին գործի դնում։ Քաղաքացին ևս քննադատում է, թե՝ թողեք մարդն աշխատի։ Քո գրածի ճշմարտացիությունն այնուամենայնիվ հասկանում է, բայց՝ ամիսներ անց։ Այդ ժամանակ, արդեն, դժվար է խոստովանելը։ Հասկանում ենք, հեշտ չէ քաղաքացու համար, որը կարմիր դիպլոմ ունի, Ռուսաստանում բանվորություն էր անում, եկել է Հայաստան, մասնակցել հեղափոխությանը, քեզ հայհոյել է «հեղափոխական իշխանությանը» քննադատելու համար, հիմա կանգնի ու ասի՝ հա, գիտե՞ս, դու ճիշտ էիր, ես էշ եմ (եղել)։

Ահարոն Համբարձումյան

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ