28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջերմուկի ինքնավար Հանրապետությունը և կառավարության լռությունը

hanq

Ամուլսարի շուրջ ստեղծված տարօրինակ իրավիճակը շարունակում է էլ ավելի զավեշտալի շրջադարձեր ստանալ: Այսպես, օրերս Ջերմուկի ավագանին ընդունեց Ամուլսարի ճանապարհները փակող ակտիվիստներին: Նրանք ավագանուն հանձնեցին, իրենց պնդմամբ,  ջերմուկցիների կողմից ստորագրված մի նամակ, որտեղ ասում են, թե պետք է արգելել մետաղական հանքերի շահագործումը տարածաշրջանում:

Դրանից մի քանի օր անց Ջերմուկի քաղաքապետարանը որոշում հրապարակեց քաղաքապետարանի կայքում, որով քաղաքապետարանը հավանություն է տալիս ակտիվիստների կողմից ներկայացված՝ Ջերմուկի բնակիչների հանրագրի առաջարկությանը՝ տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին:

Սրան ի պատասխան՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Վահե Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակային գրառում կատարեց այն մասին, որ Ջերմուկի ավագանու կայացրած որոշումը հակաօրենսդրական է և հակասահմանադրական, և Ջերմուկի ավագանին նման որոշումներ կայացնելու իրավասություն չունի: Հետաքրքիր էին այս գրառման տակ հայտնված մեկնաբանությունները: Այսպես, ոմանք կատակում էին, թե միգուցե Ջերմուկը անկախանալու որոշում կայացնի, և ինքնավարություն հռչակի…

Առավել հետաքրքիր էր, սակայն, մի խումբ ակտիվիստների զայրացած արձագանքը, թե ինչպե՞ս է փոխվարչապետի օգնականը համարձակվում այս որոշումը որակել հակաօրենսդրական: Ընդ որում, կրթությամբ իրավաբան Վահե Դանիելյանի բավական պաշտպանվողական հակադարձումը, թե որոշումն իրոք չի բխում սահմանադրությունից և ավագանու իսկ մեջբերած իրավական ակտերից և չի կարող իրավական ուժ ունենալ, արժանացավ ակտիվիստների բավական կոպիտ արձագանքներին՝  թե՛ Դանիելյանի, թե՛ նրա անմիջական ղեկավարի՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հասցեին:

Իրավիճակն այնքան սրվեց, որ Վահե Դանիելյանը, որն ընդամենը համարձակվել էր արձանագրել, որ զուտ իրավական տեսանկյունից  համայնքապետարանը նման որոշումներ կայացնելու իրավասություն չունի, ստիպված էր հեռացնել գրառումը, կամ սահմանափակել դրա տեսանելիությունը հանրության համար:

Վերջին ամիսների ամենաթողությունից ոգևորված ակտիվիստները, սակայն, շարունակեցին հարձակումը փոխվարչապետի ու նրա օգնականի հասցեին արդեն իրենց ֆեյսբուքյան էջերում: Ու հավանաբար սա բավական օրինաչափ է: Կառավարությունն արդեն 7 ամիս հանդուրժում է տնտեսվարող սուբյեկտի հանդեպ ակնհայտ ապօրինությունն ու ոչ միայն քայլեր չի ձեռնարկում Ամուլսարի շրջափակումը վերացնելու համար, այլև վախվորած ռևերանսներ է անում այս մի խումբ ակտիվիստների ուղղությամբ: Ու երբ կառավարությունից որևէ մեկը համարձակվում է բարձրաձայնել նույնիսկ ամենաանմեղ իրավաբանական ճշմարտությունը, նրա վրա ամենակոպիտ հարձակումն են գործում այն մարդիկ, ում կողմից իրականացվող ապօրինությունը կառավարությունն արդեն 7 ամիս հանդուրժում է՝ որպես «քաղաքացիական դիրքորոշում»:

Հանդուրժում է երկրի հեղինակության, տնտեսության, առանց աշխատանք մնացած հազարավոր քաղաքացիների հաշվին, որպեսզի հանկարծ վիրտուալ տարածքում այս մի քանի տասնյակ մարդկանց հայհոյանքին չարժանանա:

Ամուլսարի բազմասերիանոց դրամայի այս մի սերիան, սակայն, ևս մի անսպասելի ու զավեշտալի շրջադարձ ունեցավ: Ջերմուկի ավագանին երեկ ինքն ընդունեց, որ մետաղական հանքերն արգելելու որոշում կայացնելու իրավասություն չունի: Իսկ հրապարակված որոշումը պարզապես նպատակ ուներ հայտնելու Ջերմուկի ավագանու համաձայնությունը ակտիվիստների կողմից որպես Ջերմուկի բնակիչների ցանկություն ներկայացված առաջարկությանը: Դե, իսկ կլինե՞ն հանքեր, թե՞  ոչ, դա, ըստ Ջերմուկի ավագանու պարզաբանման՝ կառավարության որոշելիքն է:

Այսինքն՝ ակտիվիստների հարձակումները փոխվարչապետի օգնականի հասցեին իզուր էին, Ջերմուկի ավագանին ինքն ընդունեց, որ իր որոշումը ոչ մի իրավական ուժ չունի, և իր լիազորությունների մեջ չի մտնում արգելել կամ թույլատրել հանքարդյունաբերությունը: Ջերմուկի ավագանին ևս սպասում է կառավարության որոշմանը, որին արդեն 7 ամիս սպասում է հանրությունը, ներդրողները, աշխատանքից զրկված մարդիկ:

Կարելի է միայն պատկերացնել՝ ինչ եզրակացություններ է անում այս ամենին նայելով՝ որևէ պոտենցիալ ներդրող, ընդ որում՝ ցանկացած ոլորտում, ու հասկանալ, թե ինչո՞ւ են Հայաստանում ներդրումները շարունակում անկում ապրել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ