19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամբողջ Հայաստանը հարցնում էր՝ «սա ո՞վ է». Շահնազարյանի կոշտ արձագանքը՝ Վանեցյանին․

 «Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ կապված մեր հարցին, ասել էր՝ «Խուսափեց գալ ու իր ասածները ներկայացնել, նշեց, որ դա քաղաքական հետապնդում է: Թե ինչով էր քաղաքական հետապնդում՝ չեմ հասկանում, վարչապետ Փաշինյանը ավելի շուտ կարող էր մեզ մեղադրել քաղաքական հետապնդման մեջ, քան Շահնազարյանը»: 

Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանն ասաց, որ «Ազատությանը» տված հարցազրույցում էլ Վանեցյանը անդրադարձել է իրեն ու փաստերը սխալ է ներկայացրել. «Դեկտեմբերի 4-ի իմ ասուլիսից հետո, որտեղ ես ուղղակի փաստեր ներկայացրեցի, որ Փաշինյանը վարում է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» քաղաքականությունը ու վերջում ասացի՝ եթե մեկ բառ կա, որ չի համապատասխանում իրականությանը, Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի: Դրանից հետո Փաշինյանն իր քարոզարշավային հանրահավաքում հայտարարեց, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի ինձնով, հրահանգավորեց ԱԱԾ-ին: Նույն օրը երեկոյան ժամը 22-ին ԱԱԾ երկու սպա ինձ այդ հրավերը հանձնեցին, ես արդեն ասել եմ, որ պատրաստվում էի գնալ ԱԱԾ՝ ասելով, որ տղաներ, այդ կազմակերպության պատիվը չի կարելի այսպես արատավորել, երբ վարչապետը հրապարակային հրահանգավորում է, դուք մի քանի ժամ անց այն իրականացնում եք: Վանեցյանը այդ փաստը չի նշում: Եթե իրենք հայտարարությամբ հանդես չգային, ես ընդհանրապես մամուլին ոչինչ չէի պատրաստվում ասել: Իրենք դա արեցին ու իրենց դրեցին շատ վատ, ծանր վիճակի մեջ: Ես 23 տարի է այդ հիմնարկի ղեկավարությունից դուրս եմ եկել հրաժարականով ու երբեք որեւէ բացասական բան չեմ ասել: Հիմա էլ կրկնում եմ՝ ոչ թե ԱԱԾ-ն է քաղաքական հետապնդում իրականացնում, այլ ԱԱԾ ղեկավար Վանեցյանը՝ վարչապետի ցուցումով»:

Անդրադառնալով Վանեցյանի խոսքերին, որ Շահնազարյանին բախտ է վիճակվել կարճ ժամանակով ղեկավարել այդ կառույցը՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Դա արդեն վիրավորանք է: Երբ 94-ի հունվարին ես նշանակվեցի այդ կառույցի ղեկավար, մինչ այդ ես զբաղեցնում էի բավական բարձր պետական պաշտոն՝ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով արտակարգ լիազոր դեսպանն էի այդ կառույցի նախորդ ղեկավարները նաեւ ինձ էին զեկուցում: Ու նշանակվելուց հետո ես համատեղության կարգով ոչ թե ինչ-որ ֆեդերացիայի նախագահ էի, այլ նաեւ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան: Համենայնդեպս, որեւէ մեկը ոչ ՀՀ-ում, ոչ էլ դրսում չհարցրեց՝ ո՞վ է Շահնազարյանը: Վանեցյանը մինչեւ հիմա անհասկանալի է ինչ պատճառներով է այնտեղ նշանակվել: Աշխարհում գոյություն ունի երկու պրակտիկա, ճիշտ է, որ դա քաղաքական գործիչ լինի, այդպես է գրեթե բոլոր, նույնիսկ ոչ ժողովրդավարական երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում առաջին անգամ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար նշանակվեց ներսից այսպես կոչված պրոֆեսիոնալ կին, եւ կա երկրորդ պրակտիկան՝ իրեն չարդարացրած պրակտիկա, երբ ներսից պրոֆեսիոնալ է նշանակվում: Բայց Վանեցյանը ոչ այն է, ոչ այն: ԱԱԾ-ում իր անցած ուղին շատ քիչ էր ու այն պաշտոնները, որ նա զբաղեցրել էր, չափազանց ցածր էր, որպեսզի նա միանգամից նշանակվեր ղեկավար պաշտոնի: Ամբողջ Հայաստանը հարցնում էր՝ «սա ո՞վ է»»:

Ըստ Դավիթ Շահնազարյանի, Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում զբաղվում է բացառապես քաղաքական գործունեությամբ. «ԱԱԾ-ի բոլոր ղեկավարներն իրար հետ այնքան մամուլով հանդես չեն եկել, ինչքան պարոն Վանեցյանը, կարծես թե Փաշինյանի խոսնակը լինի»: Մեր դիտարկմանը՝ ասում է թափանցիկ ենք աշխատում, հրապարակային՝ Շահնազարյանն արձագանքեց. «Նա քաղաքական գործունեությամբ է զբաղված: Նա 7 ամիս է աշխատում է, ես էլ երկար չեմ աշխատել՝ 16 ամիս, բայց ընդամենը 3 անգամ եմ մամուլով հանդես եկել այդ ընթացքում, ընդ որում, մի անգամը ոչ որպես այդ կառույցի ղեկավար, այլ՝ որպես ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան: Նա այդ պաշտոնը օգտագործում է՝ բացառապես քաղաքական գործունեություն իրականացնելու համար: Ես նրան մեղադրում եմ, որ նա վարչապետի հրահանգով իմ նկատմամբ իրականացրել է քաղաքական հետապնդում, եթե համաձայն չէ, թող դիմի դատարան»:

Ըստ Շահնազարյանի, Վանեցյանն իր բուն գործառույթը չի կատարում. «Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն տարածեց՝ ուղղված ԱՄՆ քաղաքացիներին, որտեղ խոսելով, որ քրեական հանցագործությունների աճ է տեղի ունեցել, վտանգ կա, առաջին անգամ իր քաղաքացիներին ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է, որ Հայաստանում կա անդրազգային ահաբեկչության վտանգ: Դա Վանեցյանին չի՞ անհանգստացնում, առաջին անգամ է դա տեղի ունենում: Վանեցյանն իր գործողություներով ոչ թե ՀՀ անվտանգությունն է պաշտպանում, այլ վարչապետի իշխանությունը: Ես իրեն խիստ տարանջատում եմ այդ կառույցից, որովհետեւ կառույցի նկատմամբ իմ հարգանքը կա ու կլինի: Անհայտությունից եկած ու այդ պաշտոնն օգտագործելով՝ իր համար փորձում է քաղաքական կարիերա սարքել էդ անձնավորությունը: Վանեցյանը Փաշինյանի հրամանով իրականացրել է քաղաքական հետապնդում ու ոչ միայն իմ նկատմամբ: Եթե դեմ է, կարող է դատի տալ»: 

Հարցին՝ եթե նույնիսկ վարչապետի ցուցումները կատարում է Վանեցյանը, դա պախարակելի՞ է, դուք ժամանակին ձեր վերադասի ցուցումներին չէի՞ք ենթարկվում՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Վայ այն երկրին, որի հատուկ ծառայությունների ղեկավարը երբեւէ իր ղեկավարին «ոչ» չի ասում: Նրանք շատ լավ հասկանում էին, որ չի կարելի հրապարակային, խոսափողային հրահանգից հետո այն կատարել, որովհետեւ դա հարվածում է կառույցին, բայց նա «ոչ» չի կարողանում ասել: Սա շատ վտանգավոր իրավիճակ է: Ես բազմիցս եմ ասել «ոչ» ՀՀ նախագահին ու թերեւս միակն եմ ուժային կառույցների ղեկավարներից, որ քաղաքական պատճառներով հրաժարական է տվել՝ որպես դրա ապացույց: Լավ կլինի, որ Վանեցյանը քաղաքական գործունեությունը դադարեցնի եւ եթե կարող է, զբաղվի իր պարտականություններով, այլ ոչ թե վարչապետի իշխանության անվտանգությունը ապահովելով»: 

Հարցին՝ Վանեցյանը հանգամանալից ներկայացրել է, թե ինչպես են իրեն նշանակել ԱԱԾ տնօրեն, բացի այդ, նրա նշանակումը հիմնավորվում է նրանով, որ նա 20 տարի համակարգում աշխատել է, այսինքն, փորձ ունի ու կոռումպացված չէ, համենայնդեպս ինտրիգների մեջ չի եղել, սրանք բավարար հիմքեր չե՞ն ԱԱԾ տնօրեն նշանակելու համար՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Մամուլում հրապարակումներ կան, որ ինքը շատ հարուստ, բիզնեսներ ունեցող ընտանիքից է, իր հանդերձանքից էլ դա երեւում է, որ բավական հարուստ ընտանիքից է, ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց ի՞նչ է նշանակում 20 տարի այդ համակարգում է աշխատել: Դա բացատրություն չէ: Նա ոչ քաղաքական գործիչ էր, ոչ էլ պրոֆեսիոնալ, որովհետեւ այն պաշտոնը, որին նա հասել է, շատ ու շատ հեռու էր այդ կառույցի ղեկավարի պաշտոնից»: 

Հարցին՝ նա չպե՞տք է շատ հանդիպի ԶԼՄ ներկայացուցիչների հետ, չպե՞տք է լինի հրապարակային՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ Վանեցյանը քաղաքական հայտարարություններ է անում անընդհատ. «Ե՞րբ է եղել, որ ընտրությունների օրը վաղ առավոտյան ԱԱԾ պետը հրապարակայնորեն մամուլի ներկայությամբ քվեարկի, գնահատականներ տա, ո՞ր երկրում է այդպիսի բան եղել: Մի հատ ուշադրություն դարձրեք հարեւան բոլոր երկրներում՝ ո՞ր հատուկ ծառայության պետն է այսպիսի քաղաքական գործունեությամբ զբաղված: Սա ամենամեծ հարվածն է այդ կառույցին ու ներսում աշխատակիցները դա շատ լավ հասկանում են, այնտեղ արժանապատվություն ունեցող սպաներ դեռ շատ կան»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ