25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարենը կարող է դառնալ Մարիշ. ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում արդարադատության նախարարությանը

Օրերս «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակը (ՔԿԱԳ) կանաչ լույս է վառել սեռափոխված անձանց անվանափոխությունն իրականացնելու հարցում։

«Այսօր, մարդու իրավունքների պաշտպանության օրը, առաջին անգամ Արդարադատության նախարարության  ՔԿԱԳ գրասենյակը օրինականորեն հաստատել է տրանսսեքսուալ մարդկանց անունները՝ առանց տրանսսեքսուալության մասին հոգեբանական ախտորոշման մասին տեղեկանքի, որը նախկինում պահանջվում էր։ «Իրավունքի ուժը» ՀԿ-ն հպարտորեն շնորհավորում է մեր համայնքին՝ նոր ձեռքբերման մասին։ Շնորհակալ ենք նաև արդարադատության նախարարությանը համագործակցության համար», – ասված է ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Ի դեպ, հայտարարության մեկնաբանություններում Իտալիայից տրանսսեքսուալ մի կին գրել է. «Շնորհավորանքներս։ Շնորհակալություն աշխարհի տրանսսեքսուալ կանանց: Ես տրանսսեքսուալ կին եմ ռասիստ Իտալիայում, շնորհակալություն Հայաստան»:

Փորձեցինք Արդարադատության նախարարությունից պարզել, թե անվանափոխության ժամանակ ինչ կարգ է գործում և արդյոք կա տարբերակված մոտեցում սեռափոխված անձանց անվանափոխելու հարցում։

Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱՆ-ից տեղեկացնում են, որ տրանսեքսուալների անվանափոխության վերաբերյալ որևէ կարգավորում կամ առանձին մեխանիզմ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չէ:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված է 16 տարին լրացած անձանց անվան փոխման գրանցում կատարելու հարգելի պատճառները։ Դրանք հետևյալն են՝

«ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունություն.
բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարություն.
գ) ամուսնու ցանկությունը՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.
դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկություն.
ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկություն, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.
զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկություն.
է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկություն.
ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկություն.
թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։

Մյուս դեպքերում, ըստ նախարարության պատասխանի, անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը:

Համաձայն «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ մասի՝ անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում այդ օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:

Անդրադառնալով հարցման մեջ նշված կոնկրետ խավին՝ ԱՆ-ից գրում են, որ տրանսսեքսուալների համայնքի ներկայացուցիչների անունների փոխման հիմք է ներկայացվում նրանց կողմից հայտարարությունն առ այն, որ անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն, սույն հիմքով որևէ փաստաթղթի պահանջի սահմանում գործող օրենսդրությամբ նախատեսված չէ:

«Հետևաբար, անձի հայտարարությունը՝ այլ անուն կրելու համար բավարար է անվան փոխման գրանցումը կատարելու համար, եթե առկա չեն նշված օրենքով սահմանված՝ գրանցումը մերժելու հիմքերը», – նշված է ԱՆ գրավոր պատասխանում: ԱՆ-ն, սակայն, այդպես էլ չի հստակեցնում, թե օրինակ՝ Կարեն անունը կարո՞ղ է փոխվել և դառնալ Մարիշ։

ՔԿԱԳ գրասենյակից փորձեցինք ավելի գործնական պատասխան ստանալ մեզ հետաքրքրող հարցին։ Այստեղից մեզ ասացին, որ սեռափոխված անձը, որը ցանկանում է անունը փոխել, ասենք, Կարենից դառնալ Մարիշ, անունը փոխելու համար որևէ փաստաթուղթ չի ներկայացնում, բավարար է միայն նրա հայտարարությունը։

ՔԿԱԳ գրասենյակի աշխատակիցը նշեց, որ նախկինում որոշ բարդություններ եղել են՝ անունը փոխել ցանկացող անձից պահանջվել է շրջապատի վկայություն և այլն, հիմա գործընթացը հեշտացել է, և անձի հայտարարությունը բավարար է ցանկալի անունն ունենալու համար։

«Անվանափոխության ժամանակ մենք չենք քննարկում անձի սեռը, եթե, օրինակ, Կարենը գալիս է և ցանկանում է դառնալ Գայանե, մենք խնդիր չենք տեսնում և փոխում ենք», – ասաց աշխատակիցը։

ՔԿԱԳ գրասենյակում կարելի է նաև սեռափոխություն կատարել փաստաթղթերով։ ԱՆ-ից ստացված պատասխանի համաձայն, սահմանված կարգով տրված բժշկական կազմակերպության՝ սեռի փոփոխության մասին սահմանված ձևի փաստաթուղթը հիմք է հանդիսանում՝ փոփոխելու տվյալ անձի սեռը ծննդյան ակտային գրանցման մեջ:

ԱՆ-ից միաժամանակ հայտնել են, որ անվան փոխման գրանցման կարգը սահմանող «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության որոշումը ընդունվել են դեռևս 2005 թվականին: Մինչ այսօր որևէ նոր փոփխություններ քննարկվող հարցի վերաբերյալ չեն կատարվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ