25 Մարտի, Երկուշաբթի, 2019

Կառավարության ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումներն անարդյունավետ են. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ /տեսանյութ/

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են դժգոհել. նրանց չի գոհացրել նաև ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ի որոշումը, համաձայն որի՝  ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրվեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել:

Նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, որ իրենք դեմ են ղեկը փոխելուն:

«Մեքենաները պետք է ներկրվեն գործարանային կառուցվածքով և շահագործվեն: Ղեկը փոխելու մասին նախաձեռնությունը քննարկումներ չի կարող վարել, որովհետև համաձայն չենք: Ղեկը աջից ձախ վերասարքավորելու մոտեցմանը մենք դեմ ենք: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արծրուն Տոնոյանը ևս անդրադառնալով այդ առաջարկին՝ ասել է, որ կան մեքենաներ, որոնց ղեկն ուղղակի չի թույլատրվում աջից ձախ տեղափոխել»,- նկատեց Դավիթ Գասպարյանը:

Նա նշեց, որ Կառավարության ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումներն անարդյունավետ են գնահատում:

«Նոյեմբերի 28-ին հերթական բողոքի ակցիայի իրականացման ժամանակ Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհին հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանին, ներկայացրինք իրավիճակը: Նրան ասացինք, որ ունենք ձեռք բերված 800-1100 մեքենա, որոնք խնդիրներ չեն կարող առաջացնել, քանի որ այսօր ավելի շատ ներկրվում են ձախ ղեկով մեքենաներ: Նրան ասացինք, որ կարող ենք երաշխիքներ տրամադրել մեքենաների VIN  կոդերի տեսքով՝ ընդգծելով, որ 1100 մեքենաների թիվը հետագայում չի ավելանա: Պարոն Փաշինյանը խոստացավ խնդիրը խորապես ուսումնասիրելուց հետո պատասխան տալ, իսկ դեկտեմբերի 6-ին արդեն որոշում ընդունեց կառավարությունը: Մենք համաձայն չենք դրա հետ, ուստի շարունակելու ենք պայքարը»,- նշեց Դավիթ Գասպարյանը:

Նախաձեռնության մյուս անդամ Զոհրապ Իգիթյանն էլ ևս մեկ անգամ շեշտեց, որ ղեկը փոխելու դեպքում մեքենաները վտանգավոր են դառնում:

«Nissan Elgrand 7 տեղանոց մեքենան, օրինակ, չունի ձախ անալոգ: Նույնիսկ Վրաստանում ոչ մի գումարի դիմաց վարպետները չեն փոխում, քանի որ հասկանում են՝ մեքենան շատ վտանգավոր է դառնում: «Ղեկը աջ» նախաձեռնության մեքենաները 90 տոկոսով նմանատիպ մեքենաներ են, չի՛ կարելի փոխել դրանց ղեկը»,- մանրամասնեց  Զոհրապ Իգիթյանը:

«Մեր դեմ հիմա պատ է, չենք կարողանում հասկանալ, թե խնդիրն ինչո՞ւմն է: 800-1000 մեքենան ի՞նչ խոչընդոտ կարող են հանդիսանալ ՀՀ-ում, եթե 40.000 ձախ ղեկով մեքենա կա»:

Նախաձեռնության անդամները հայտնեցին, որ հայ-վրացական սահմանի մոտ կուտակված մեքենաների թիվը  մոտ 450 է:

168.am-ի հարցին՝ այսինքն, հիմա այս 450 մեքենաներից ոչ ոքի սեփականատերը չի՞ ցանկանում ղեկը փոխել, Դավիթ Գասպարյանը պատասխանեց.

«Բոլոր մեքենաները չեն, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներինն են: Կան մարդիկ, որ մեզանից անկախ՝ մեքենաները ներմուծել են: Կոնկրետ չեմ կարող ասել, թե քանի՞սն է կողմ, քանի՞սը՝ ոչ»:

Նշենք, որ դեկտեմբերի 6-ի Կառավարության որոշման նախագծով սահմանվում է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև մինչև 2019 թ. մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծել՝ վերամշակում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով: Նշված ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող տրանսպորտային միջոցները ներմուծել ՀՀ տարածք, մինչև 6 ամսվա ընթացքում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում աջ ղեկով մեքենաների ներմուծմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքում են՝ պնդելով, որ այս տարվա ապրիլի 1-ից այդ մեքենաների ներկրումն արգելող օրենքի նախագծի քննարկումների փուլում իրենց ասվել է, որ արգելքը ժամանակավոր է՝ մինչև հոկտեմբերի 1-ը:

Այդ մասին իմանալով՝ իրենք փորձել են մեքենաներ ներկրել և ներմուծել հոկտեմբերից, սակայն պարզվել է, որ ընդունված օրենքում արգելքը ոչ թե ժամանակավոր բնույթ է կրում, այլ՝ մշտական:

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ