27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ

Vahe-Hovhannisyan

Ընտրությունների նախնական  հետևությունները

Ընտրությունները և ձևավորված իրականությունը պատշաճ խորությամբ վերլուծելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Այս պահին կարող ենք անել մի քանի կարևոր փաստագրում՝ դրական, մտահոգիչ և զավեշտալի։

1. Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ։ Կար մի քանի տարբերակ խուսափելու այս գերկոնցենտրացված վիճակից, բայց ընտրվեց հենց այս մեկը, որի պատճառները մենք երևի ժամանակի ընթացքում կհասկանանք։

Փաշինյանի 132 ընկերները հանրային գիտակցության մեջ չեն կիսում պատասխանատվությունը, հանրությունը նրանց մեծ մասին չի էլ ճանաչում։ Սա վտանգավոր վիճակ է թե՛ պետության համար, թե՛ վարչապետի։

2. «Ռեյտինգային» համակարգն իր ողջ արատավոր հմայքով հաջողությամբ օգտագործվեց նոր իշխանությունների կողմից։ Օրինակներից միայն մեկը նշենք. արժանապատիվ և հպարտ քաղաքացիները ազատ և արդար ընտրություններում, ազատ կամարտահայտությամբ բոլոր թեկնածուներից ամենաշատ՝ 31 000 ձայն են տվել Սասուն Միքայելյանին, որը երբևէ չի առանձնացել որպես ինտելեկտուալ օրենսդիր։

3. Արժանապատիվ և հպարտ քաղաքացիները տասնյակ հազարավոր ձայներ են տվել այլ ուժերի ցուցակներում ներկայացված՝ նվազ տառաճանաչ, ոչ վաղ անցյալում այսօրվա գործող իշխանության կողմից «կրիմինալ» որակվող անձանց և այլն։

4. Նորանշանակ մարզպետները, ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարած, իրենց մարզերում ստանում են 15-20 հազարական և ավելի ձայներ. սա լուրջ պրոբլեմի մասին է վկայում։ Հասկանալի է, որ նրանք օբյեկտիվորեն լուրջ գործեր չէին հասցրել անել, չէին կարող նման բացառիկ հեղինակություն վաստակել։ Ու ինչքան էլ կրկնենք, թե հզոր ժողովուրդ ենք ու ժողովուրդը էլի հաղթեց, միևնույն է չի հասկացվում, թե հզորությունը տվյալ դեպքում որտեղ է, և հատկապես ո՛ւմ հաղթեցինք։

5. Արժանապատիվ և հպարտ քաղաքացիները հարյուր հազարավոր ձայներ են տվել մարդկանց, որոնց անունը 7 ամիս առաջ ընդհանրապես չէին լսել, և որոնց 90 տոկոսը այս 7 ամսվա ընթացքում որևէ լուրջ միտք չի ձևակերպել։ Նայեք ռեյտինգայինի թոփ տասնյակը և կհամոզվեք։ Նշանակում է՝ հասարակության մի մեծ հատված շարունակում է քվեարկել գործող ուժի օգտին՝ առանց երկար մտածելու։

6. Փոխարենը՝ Նոր Հայաստանում իմ ընկեր (և, ի դեպ, կարգին մարդ՝ չնայած մեդիայի ստեղծած կերպարին) Էդուարդ Բաբայանը ստացել է ավելի շատ ձայն, քան՝ ԲՀԿ ողջ քաղաքական թիմը միասին վերցրած։

7. Մի դրվագը բացում է շատ փակագծեր։ Տապալումների և ձախողումների մեջ պետք չէ կոնսպիրոլոգիա և բարդ տեսություններ փնտրել։ Առաջարկում եմ բոլորին՝ մեկ անգամ ևս ուշադիր նայել, թե որտեղ էր քվեարկում Սերժ Սարգսյանը։ Ճակատագրի բերումով՝ նախկին նախագահը նոր գրանցում ունի և ստիպված էր քվեարկել նոր վայրում. դա իբր թե մարզադահլիճ էր։ Նայեք պատերին, նայեք դահլիճի վիճակին՝ 21-դարում Հայաստանում այդ վիճակն է՝ երբևէ չվերանորոգված, չխնամված։ Դա ավելի շատ լքված գոմ էր հիշեցնում, քան՝ հանրակրթական մարզադահլիճ։ Ու հիմա համեմատեք պաշտոնյաների ու օլիգարխների, նրանց ընտանիքների՝ ապրելու և մարզվելու պայմանների հետ, ու էլ հարց չի ծագի՝ ինչու այսպես եղավ։

8. Որպես դրական փաստ արձանագրենք, որ ընտրատեղամասերի առջև չկային մարզահագուստներով կիսակրիմինալ զանգվածներ և գազելային հասարակություն։ Եվ սա իրոք շատ կարևոր է։

9. Եվ վերջապես՝ խորհուրդ կտամ առկա իրավիճակը վերլուծելիս հրաժարվել բարդ ձևակերպումներից՝ էլեկտորալ վարքագիծ, հետհեղափոխական սթրես, գաղափարական վակուում և այլն և այլն։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է և պետք է նկարագրվի շատ ավելի պարզ բառերով ու ձևակերպումներով։ Հայ հասարակության սոցիոլոգիան առանձին գիտություն է, որով կարելի էր  հանգիստ, մի քիչ հումորով ու պրոցեսներին անհաղորդ զբաղվել, եթե իհարկե կարողանաս մոռանալ, որ ադրբեջանա-թուրքական բանակը գտնվում է Երևանից մեկ ժամվա հեռավորության վրա։

Հ. Գ. Սրանք ընտրությունների շուրջ առաջին նախնական  դիտարկումներն են և, բացառությամբ առաջին և վերջին կետի, առանձնապես վտանգներ չեն պարունակում։ Իսկ այլ խորքային վտանգների, ռիսկերի և անելիքների մասին պետք է շատ ավելի լուրջ խոսել, ինչն անպայման առաջիկայում կանենք։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ