18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջին անգամ ՄԽ հայտարարության մեջ ներառվել է Մամեդյարով-Ալիևի «բովանդակային բանակցություններ» ձևակերպումը. Արմեն Աշոտյան

«Ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեղադրում էր Ռուսաստանին ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ։ Այսօր տեսնում ենք՝ ինչպես է գրկախառնվում նրա առաջնորդի հետ։ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի օրերի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին նշանակել է Պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության օրոք Նախիջևանի սահմանին Հայաստանի Զինված ուժերի վերահսկողության տակից դուրս են եկել ավելի քան 10 000 հա հող»,- Արցախի հիմնախնդրի շուրջ Հանրային հեռուստաընկերության եթերում «Իմ քայլը» դաշինքի  և «ՀՀԿ», «ԲՀԿ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ի կողմից ապրիլյան պատերազմում 800 հա հող մսխելու և բանակը թալանելու վերաբերյալ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Ալեն Սիմոնյանի մեղադրանքին՝ հավելելով, որ ցավում է, որ վերջինս, հավակնելով ԱԺ նախագահի պաշտոնին, այդքան զրոյական գիտելիքներ ունի արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որոնք են Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերները՝ ներկա քաղաքական ուժերի մասնակիցները տվեցին հետևյալ պատասխանները։

Ալեն Սիմոնյան՝ «Իմ քայլը» դաշինք.

«Տարիներ շարունակ գնացել ենք բանակցությունների, և արտաքին աշխարհն իմացել է, որ եկել է Սերժ Սարգսյանը, որը ընտրված չի և երբեք ընտրված չի եղել։ Ակնհայտ է, որ նման պարագայում մեր բախտն ուղղակի բերում է, որ այն կողմից դիկտատոր Ալիևն է, որը նույնպես համակրանք չի վայելում, և այսօր մենք ունենք մի իրավիճակ, ինչպես պարոն Էնֆիաջյանը արդարացիորեն նշեց, որ Ղարաբաղի հարցի հետ կապված շատ կարևոր է իշխանության լեգիտիմությունը։ Վաղվա մարտահրավերների մասին որ խոսում ենք, 2 օրից ընտրություն է։ Մեր հերոսը՝ պարոն Աշոտյանը, ներկայացնում է ՀՀԿ-ն, որը թաքցրել է Սերժ Սարգսյանին և ուզում է նորից քաղաքական դաշտ բերել Սերժ Սարգսյանին»։

Վահե Էնֆիաջյան՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» (ԲՀԿ).

«Արտաքին մարտահրավերները՝ որպես այդպիսին, չեն փոխվել։ Մենք պետք է ունենանք հզոր, զարգացող պետություն։ Դրա նախադրյալները տնտեսության մեջ են։ Երկրում պետք է ապահովել ներդրումներ և աշխատատեղեր։ Մենք մեր քաղաքական ուժով ծրագիր ենք ներկայացրել։ Կրկնում եմ, մենք մեր երկրում պետք է ունենանք լեգիտիմ իշխանություն, մարդիկ, ովքեր փորձառություն ունեն՝ սկսած արտաքին դեմքից, խորհրդարանական դիվանագիտության մեջ, որ միջազգային ամենահեղինակավոր ատյաններում մեր երկրի, մեր ժողովրդի շահերն առաջ քաշենք։ Եվ այն քաղաքական ուժը, որը որ ժողովրդի հարգանքը չի վայելում, նա չի կարող արդյունավետ բանակցություններ վարել։ Եվ այս իրավիճակի լավագույն լուծումը հենց խորհրդարանական ընտրությունների արդյունքն է լինելու, նոր ձևավորվող խորհրդարանը, Կառավարությունը, որոնք կկարողանան, ամուր ոտքի վրա կանգնելով՝ մեր շահերն առաջ տանել»։

Մանե Թանդիլյան՝ «Լուսավոր Հայաստան կուսակցություն» (ԼՀԿ).

«Մեր երկրի արտաքին քաղաքական մարտահրավերն առաջին հերթին՝ ռազմաքաղաքական խախտված բալանսն է։ Սպառազինությունների մասով Հայաստանը զիջում է, նաև քաղաքական մասով Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը պարբերաբար ձախողում է բանակցությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը միակ լեգիտիմ ֆորմատն է, որը մենք պետք է պաշտպանենք։ Շատ կարևոր է նաև ռազմաարդյունաբերական զարգացումը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Պետք է դարձնել առաջնահերթություն։ Չի արվել, որովհետև նախկինում բյուջեի մսխումներից բոլորն են տեղյակ։ Մարտահրավեր է նաև արտաքին տնտեսական քաղաքականությունը։ Հայաստանը մնացել է տնտեսության զարգացման մայթեզրին. Մի կողմից՝ ԵԱՏՄ-ի մեջ ենք, ուր չենք կարողանում զարգացնել մեր տնտեսությունը, մյուս կողմից՝ շարունակում ենք արտահանել եվրոպական երկրներ, որոնց հետ չունենք այն հարաբերությունները, ինչ ԵԱՏՄ-ի հետ։ Անհրաժեշտ է աշխատել։ Աշխատանքն է բերելու դիվանագիտական հարաբերությունների զարգացման»։

Արմեն Աշոտյան՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ).

«Հայաստանի արտաքին քաղաքականությունն անվտանգության վերականգնման առաջին տարիներից իր բովանդակության մեջ չի փոխվել։ Մեր նման երկրների համար արտաքին քաղաքականությունն առաջին հերթին անվտանգությունն ապահովելու համար է։ Մեր մարտահրավերները բազում են՝ հատկապես նկատի ունենալով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված, մեղմ ասած, անհասկանալի, անհանդուրժելի վիճակը։ Հայաստանի որևէ ղեկավար այս տարիների ընթացքում Հայաստանում չի դիտարկվել՝ որպես ոչ լեգիտիմ։

Ես ձեզ մի դրվագ պատմեմ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել հայտնի այցից, երբ նա բրյուսելյան բարձրաստիճան պաշտոնյա Յունկերի հետ հանդիպման ժամանակ, հայտարարելով, որ ինքը Հայաստանի լեգիտիմ ղեկավարն է, ստանում է պատասխան, որ այս դռնից որևէ ոչ լեգիտիմ պաշտոնյա դեռ ներս չի մտել։ Այսինքն՝ այս խաղաքարտն անգամ Եվրոպական միության բարձրաստիճան ղեկավարների մոտ չի աշխատում։ Այս 6-7 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը, ճի՞շտ է։ Ցույց տվեք ինձ գեթ մեկ հետևանք այդ աջակցության՝ որպես նվաճում արտաքին քաղաքականության մեջ։

Ես ասեմ կորուստները՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կորուստ, դիվանագիտական սկանդալներ Ռուսաստանի հետ, Եվրամիության հետ համաձայնագրի տոտալ չիրականացում, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձևերի ավելի թույլ կարգավիճակ թե Մինսկի խմբի, թե Ֆրանկոֆոնիայի եզրափակիչ բանաձևերի մեջ։ Առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահներն իրենց՝ ամռանն արված հայտարարության մեջ ներառել են Մամեդյարով-Ալիևի կողմից օգտագործվող «բովանդակային բանակցություններ» ձևակերպումը, որը երբեք մեր օրոք չի եղել։ Այդ բառերից է սկսվում դիվանագիտական փոփոխությունը։

Առաջին անգամ է, որ այդ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների մասին։»

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ