10 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Ջավախահայերը ահազանգում են՝ Հայաստանի իշխանությունները վտանգավոր պայման են դրել իրենց առաջ. 168 Ժամ

3292272

Ահազանգ-նամակ էր ստացել ջավախահայերի՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների խնդրի մասին։

 «Արդեն 10-15 տարի Ջավախքի հայ տղամարդիկ Ռուսաստան արտագնա աշխատանքի (խոպան) մեկնելու համար ստանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ ըստ էության դառնալով երկքաղաքացիներ։ Դա արվում էր այն պատճառով, որ ռուս-վրացական հակամարտության արդյունքում չեղարկվեց Ռուսաստան Վրաստանի քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելելու ռեժիմը, և Վրաստանի քաղաքացի ջավախահայերի համար առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու միակ տարբերակը դարձավ հայկական քաղաքացիություն ստանալը։

Սակայն այժմ լուրեր են շրջանառվում, որ Հայաստան մուտք գործած երկքաղաքացի ջավախահայերը երկիր մտնելու հետ կապված լուրջ խնդիր ունեն, քանի որ իշխանությունները նրանց առջև պայման են դնում՝ կամ որպես ՀՀ քաղաքացի վերջիններս պետք է ծառայեն ՀՀ զինված ուժերում, կամ կդատապարտվեն։ Կռվանն այն է, որ ջավախահայ տղամարդիկ, լինելով ՀՀ քաղաքացիներ, չունեն զինվորական գրքույկներ։

 Այս լուրերը խուճապ են առաջացրել ջավախահայերի շրջանում, և նրանցից արտագնա աշխատանքի մեկնած շատերը վախենում են վերադառնալ։

 Սա մեծագույն վտանգ է իր մեջ պարունակում, որովհետև դա նշանակում է, որ ոչ մի ջավախեցի Հայաստան չի մտնի՝ այսպիսով սպառնալիք ստեղծելով Ջավախքն ինքնակամ վրացիներին հանձնելու հեռանկարի մասով։

 Լուրեր են շրջանառվում նաև, որ 5000 ջավախահայ տղամարդիկ Հայաստանի իշխանությունների կողմից գտնվում են հետախուզման մեջ բանակից խուսափելու մեղադրանքով, իսկ 20 հոգու էլ արդեն ձերբակալել են նույն այդ մեղադրանքով»,- ահազանգում էր քաղաքացին։

 «168 Ժամն» այս ահազանգի իսկությունը փորձեց ճշտել ՀՀ Ոստիկանությունից, ապա՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

 Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, որ նման խնդրով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ խոսքը վերաբերում է Քրօր 327 հոդվածին (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը)։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը։ «Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ բացառում»,- ասաց նա։

 ՀՀ քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ կան Ջավախքից քաղաքացիներ, որոնք խուսափել են բանակից, բայց հերքեցին, թե կան ձերբակալվածներ։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ