10 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Եթե ՀՀԿ-ն չանցնի խորհրդարան, Հայաստանը չի ունենա ընդդիմություն. Ա. Իսկանդարյան

images

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավն ընթանում է այնպես, ինչպես և նախատեսված էր։

Նա հիշեցրեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որտեղ ներգրավված չէր Հանրապետական կուսակցությունը, սակայն տեղի էր ունենում գրեթե նույն գործընթացը՝ «Իմ քայլը» կրկին աշխատում էր ընդդեմ  հանրապետականների, որոնք, սակայն, չկային։

«Այժմ ՀՀԿ-ն կա և նախընտրական քարոզարշավի ժամանակ բավականին օգնեց «Իմ քայլը» դաշինքին, քանի որ հակառակորդ են։ Ընդհանրապես ցանկացած ընտրություններում հակառակորդ ունենալն օգնում է։ Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ընթանում է պայքար հակառակորդի՝ նախորդ ռեժիմի դեմ։ Սա ընդունված  տարբերակ է, քանի որ դրանով հնարավոր է ձեռք բերել որոշակի ձայն։ Կարծում եմ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը պահպանվում է»,- նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ կասկածներ չկան, որ «Իմ քայլը» առաջիկա ընտրություններում ձեռք կբերի ընտրողների ձայների մեծամասնությունը։

Քաղաքագետը նաև նկատեց, որ այսօր չկա որևէ քաղաքական ուժ, որը կհայտարարի, որ պատրաստ է իշխանության համար պայքարել «Իմ քայլը» դաշինքի դեմ, բոլորը խոսում են ընդդիմություն դառնալու կամ խորհրդարանում այս կամ այն չափով ձայներ հավաքելու մասին։

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ խորհրդարանում երկրորդ տեղը կզբաղեցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ունի իր ավանդական ընտրազանգվածը և առաջիկայում կհավաքի բավականաչափ ձայներ։

«Կարծում եմ՝ խորհրդարանում երրորդ տեղի համար կպայքարեն «Լուսավոր Հայաստան» և Հանրապետական կուսակցությունները։ Ամենահետաքրքիրը տեղի է ունենալու ընտրություններից հետո, քանի որ ընտրությունների ընթացքն արդեն հասկանալի է»,- ասաց քաղաքագետը։

Դիտարկմանը, որ, եթե ՀՀԿ-ն չանցնի խորհրդարան, ո՞ր ուժը կլինի ընդդիմություն, Ա. Իսկանդարյանը նշեց, որ այդ դեպքում Հայաստանը կունենա այնպիսի խորհրդարան, ինչպես Նազարբարևի խորհրդարանն է, այսինքն՝ առանց ընդդիմության։

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ