25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չարի 666 թվանիշով համակարգի մասին

Չարի 666 թվանիշով համակարգի մասին
նախ քաջալերվենք
Մեր Տիրոջ եւ սուրբ հայրերի քաջալերանքը

Խոսքն այսօր այն մասին է, որ Համաշխարհային գաղտնի Կառավարության գերավարող փոթորիկը, որ արդեն տարիներ ի վեր սկսվել է աշխարհում, մտել է նաև Հայաստան: Մտել, արդեն համարակալել է գրեթե ողջ հայ ժողովրդին, ամենքին անցկացրել «Մսրա Մելիքի թրի տակով», և ինչպես մեր էպոսից գիտենք, միայն մանուկ Դավիթը չի անցնելու բռնատերի թրի տակով: Թե հա՛րկ եղավ՝ կնահատակվի՛, բայց չի՛ անցնի:Դավիթը, որ Հայոց ոգու հերոսացման ու չարահաղթության, նույնն է, թե՝Հայոց Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակների համահավաք խորհրդակիրն է:

Այսօր քրիստոնյաներս պահեցողություններով և աղոթքներով «Գառան պատերազմին» մասնակցելու ենք ելնում, նախ Հակառակորդին մեր ճանաչումով, որովհետև ազգեր և ժողովուրդներ ոտնատակ տվող Համաշխարհային չարը խաբեական, որոգայթող դրամաշնորհների միջոցով իր ծրագրերը վերանվանում է. «Ազգային ծրագրեր» և հայրենակիցներիդ, իշխանություններիդ ձեռքով է իր քայքայումները գործում- իրականացնում, այդպես իսկ այս խնդիրները դարձնելով առավե՛լ վտանգավոր, առավե՛լ ամոթալի և առավե՛լ դժվար լուծելի:

Օրինակ. Հայոց դպրոցներից մեկում նման կեղծ «ազգային» մի ծրագրով, մերոնց թույլտվությամբ, նեռականները երեխաներին սպիդից պաշտպանվել են «սովորեցնում» և հայ մեր երեխաներին բաժանում են սեռական պահպանակներ, «որպեսզի երեխաները միմյանց կամ այլոց հետ կենակցելիս սպիդով չվարակվեն»: Շնության և պոռնկության որոգայթ դնելու՝ իսկը նեռական- սատանայական, մարդասպանի՛ «հոգատարություն», որ նզովյա՛լ լինի: Ամէ՛ն: Նեռական «մարդասիրություն»` իր էության նման պիղծ ու գերորոգայթ, գայթակղություն, որ երեխաներին դրդում է տանեն պահպանակները փորձարկեն ու քայլ քայլ ընկնեն անբարո փչացումների գիրկը, կորուստների ու դժբախտությունների, ինքնաոչնչացման մեջ: Հանրային ռադիոյով խոսող զայրացած մանկավարժ գիտնականների ձայնը այս խնդրով՝ մեր Տեր Աստծուն էլ լսելի՛ լինի: Ամէ՛ն:

Այսօր Նեռի գալուստն է փոթորկում աշխարհում: Եվ այդ ահռելի փոթորկին դիմագրավելու համար հայ քրիստոնյաներս ունենք Քրիստոսի քաջալերանքը. «Մի՛ վախեցիր, փոքր հոտ, Տերը քե՛զ հետ է», սակայն մենք էլ պիտի Տիրո՛ջ հետ լինենք, և ո՛չ թե մեզ որոգայթողների ջրաղացին ջուր լցնենք` ամեն ինչ մեր վրա թույլ տալով: Նաև. «Ով մարմինն է սպանում` հոգին սպանել չի՛ կարող»: Նաև վերհիշենք, որ սուրբ Սահակ Պարթևը իր տեսիլքով կենսաբեր մի ժառանգություն է թողել մեզ: Աստված այդ մարգարեությամբ նախորոք ցույց տվեց համաշխարհային այս մեծ փոթորիկը հայկական միջավայրում, ասելով, որ հայ Առաքելական եկեղեցու զավակները, քրիստոնյա իշխանավորներ, անգամ հայ փափկասուն կանայք` կենդանի գործերով ի վերջո հաղթելու են այդ մեզ որոգայթող գազանին, քա՛ջ եղեք:

Այդ սքանչելի հաղթանակներից մեկի օրինակն այսօր հիշատակենք. մինչդեռ նեռականների ծրագրերը լի են ընտանիքի սրբությունը խափանելու, ծնելիությունը կտրուկ կրճատելու հակամարդկային գործընթացներով, մի այլանդակ ձեռնարկում, որ ծնունդ տվեց «Օպտիմալացում» (խոշորացում) կոչվածին, Արցախում մեկ օրում յոթհարյուրհիսուն զույգ ամուսնացան առաքելական սուրբ եկեղեցու պսակով ու օրհնությամբ: Ապա, հաջորդ տարի՝ կրկնակի՝ հազար հինգհարյուր զույգ: Այսինքն թե, նեռականների բոլոր որոգայթների դեմ հայերս իմաստուն հաղթանակի պտուղներով պիտի հանդես գանք, կենդանի գործերով և ո՛չ միայն խոսքով, որպեսզի հարատևենք և ամոթալի չլինենք Քրիստոսի մեզ ընծայած լույսի ու կյանքի առաջ:

Նաև ունենք Համաշխարհային առաջին Նեռին տապալած` Հայկ Նահապետի հաղթանակի ժառանգական փորձառու զորությունը մեր ազգի մեջ, որ հարկ է մեզ ժամանակին արթնացնե՛լ, ոտքի՛ հանել, կենդանացնե՛լ: 

Նաև ունենք սուրբ Վարդանանց պատերազմի հոգևոր հաղթանակի օրինակ բանալին.
-Մենք շատ պատերազմների մեջ եղանք,- պատերազմից առաջ զորքին խոսեց Վարդան Մամիկոնյանը,- և ավելի շատ հաղթեցի՛նք, քան թե պարտվեցինք: Բայց այդ հաղթանակները մարմնավոր պարծանքներ էին երկրավոր թագավորի հրամանով: Որքան ավելի մեծ արիություն պիտի գործենք Երկնավոր Թագավորի համար, որ Տերն է կենդանիների ու մեռելների և ամենքին հատուցելու է ըստ իր գործերի: Չվախենա՛նք հեթանոսների բազմությունից և մահկանացուների սրի առաջ կռնակ չծռե՛նք… 

Սուրբ Հովհաննես Գառնեցին խնդրեց Աստծուն, թե Հայոց մեր ազգը ինչ տեղ ու պատիվ պիտի ունենա Քրիստոսի առաջ: Եվ Աստված տեսիլքում ցույց տվեց նրան, որ Քրիստոս բոլոր ազգերից գերադաս ընդունեց Հայոց մեր ազգին, անգամ Աստծո ժողովուրդ հրեա ազգից էլ ավելի, երբ Հայոց մեր ազգը Նրան ներկայացավ Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ, և Լուսավորչի գահաթոռը Տերը դնել տվեց Իր առաքյալների աթոռների կարգում:

Մե՛նք էլ, Տիրոջ զորությամբ և Լուսավորչի գլխավորությամբ քրիստոնյա՛ մնանք և չվախենա՛նք Նեռի ահավոր ու չար գայթակղություններից և մահկանացուների առաջ կռնակ չծռե՛նք՝ մեզ պարտադրած «սատանի քարտերը» ստրկահաճո հեզությամբ վերցնելով, այլ Դավթի սաղմոսով կարողանանք ասել. «Տէ՛րն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տէ՛րն իմ կյանքի ապավէնն է, ո՞ւմից ես դողամ: Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան: Եթէ իմ դէմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի՛ սոսկա. եթէ իմ դէմ ճակատամարտի ելնեն, միեւնույն է, Տէ՛ր, հույսս քե՛զ վրա եմ դնելու»: (Աստվածամատյան, Սաղմոս 26):

Մաքսիմ Ոսկանյանի ՛՛Չարի 666 թվանիշով համակարգի մասին՛՛ գրքույկից

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ