23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վտանգավոր հեռանկար Փաշինյանի համար. ինչ է ակնարկում Ժիրայր Սեֆիլյանը. Փաստ

Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով Արցախ կատարած իրենց այցի մասին, նշեց, որ վաղ թե ուշ գալու է պահը, երբ Արցախի ղեկավարությունը նստելու է բանակցությունների սեղանի շուրջ՝ իշխանությունն անցնցում ժողովրդին հանձնելու շուրջ: Այս և նմանատիպ հայտարարությունները, որտեղ կենտրոնականը «ժողովուրդ» բառի ակտիվ կիրառումն է, բավականին մոդայիկ են դարձել վերջին շրջանում:

Պատճառը նախընտրական քարոզարշավն է, որը մեկնարկել է ոչ պաշտոնապես, և այդ քարոզարշավի ընթացքում հնարավորինս շատ հեղափոխական լեքսիկոնի օգտագործումը: Սակայն Սեֆիլյանի հայտարարությունը դժվար է գնահատել բացառապես նախընտրական պրոցեսների կոնտեքստում:

Թե՛ նախկինում, թե՛ հիմա ակնհայտ է, որ Սեֆիլյանի և նրա աջակիցների թիրախում Արցախն ու ներարցախյան գործընթացները կարևոր տեղ են զբաղեցնում: Այժմ, սակայն, արցախյան թեմայի թիրախավորումը՝ պայմանավորված քաղաքական իրավիճակով, իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ: Այն հանգամանքը, որ Հայաստանում փոխված իրավիճակը չի կարող արձագանք չգտնել Արցախում, ոչ միայն փաստ է, այլև եղելություն, որի հետ Արցախը արդեն իսկ բախվեց ամիսներ առաջ: Սակայն «Սասնա ծռերի» և Սեֆիլյանի մտահոգությունները չեն ներառում իրավիճակի ամբողջական պատկերը, հաշվի չեն առնում Արցախի առանձնահատկությունները: Խոսքն այստեղ բնավ այն մասին չէ, որ Արցախը գտնվում է հնարավոր պատերազմի կիզակետում:

Խոսքն այն մասին է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Արցախում կգտնեն արձագանք, բայց չեն կարող կրկնվել նույնությամբ: Ոչ թե չպետք է կրկնվեն, ինչպես ասում են քաղաքական գործիչները, այլ չեն կարող: Բազմաթիվ նմանություններով, քաղաքական համակարգերի բազմաթիվ համադրելիություններով հանդերձ, Արցախի հասարակական և քաղաքական նկարագիրն ունի որոշակի հիմնարար տարբերություններ: Այդ տարբերություններից ամենաշատ աչքի զարնողը Արցախի տարածքի փոքրությունն է: Փոքր տարածքը, հասարակական շերտերի հիմնականում մոնոտոնությունը Արցախում դժգոհության հնարավոր դրսևորումներն ավելի արագ լսելի են դարձնում այդ երկրի իշխանություններին:

Վերոնշյալի դրսևորումները մենք տեսանք ամիսներ առաջ, երբ հասունացող հանրային դժգոհությանն ընդառաջ՝ արցախյան իշխանությունները գնացին կադրային շատ կոնկրետ փոփոխությունների: Ավելին՝ նկատելի է նաև, որ արցախյան վերնախավը պատրաստվում է նաև սպասվելիք սերնդափոխությանը: Զսպանակներն Արցախում ավելի արդյունավետ են, քան Հայաստանում, և տարածքի, հասարակության և պետության միջև կապերի կոմպակտությունն էլ նպաստում են այդ զսպանակների արդյունավետ աշխատանքին:

Ասել է թե, հայտարարել, որ Հայաստանում տեղի ունեցածը պետք է տանել ու մեկին–մեկ պրոյեկտել Արցախի վրա, նշանակում է ոչ միայն հաշվի չառնել տարածաշրջանային և արտաքին մարտահրավերները, այլև չիմանալ Արցախի կառուցվածքը, հասարակության և քաղաքական համակարգի իրական տրամաբանությունը: Այդ տրամաբանության՝ թեկուզև մասամբ իմացությունը բավարար է ասելու, որ Արցախում ոչ թե չպետք է կրկնել այն, ինչ եղավ Հայաստանում, այլև Արցախում այդ կրկնությունը պարզապես հնարավոր չէ օբյեկտիվ պատճառներով:

Եթե ամեն դեպքում այս օբյեկտիվ պատճառները անտեսելով՝ փորձ է արվելու արհեստականորեն կրկնել Հայաստանում տեղի ունեցածը, ապա գործ ունենք պարզ քաղաքական սաբոտաժի հետ: Պատահական չէ, որ Սեֆիլյանը առանց կաշկանդվելու նշում է, որ իրենք արմատական են, ավելին՝ չեն նեղսրտում ահաբեկչական խումբ որակվելուց, մի բան էլ դա գնահատում են որպես իրենց վարկանիշի բարձրացման հնարավորություն: Իհարկե, կարող ենք թե՛ այս, թե՛ այլ հայտարարություններին, օրինակ՝ Հայկական բարձրավանդակի վերանվաճման մասին, վերաբերվել որպես պարզապես իռացիոնալ քաղաքական տեքստերի: Բայց հաշվի առնելով այն դառը փորձը, որը Հայաստանը ճաշակեց 2016թ. հուլիսին, չենք կարող այդ իռացիոնալ հայտարարությունների մեջ վտանգ չտեսնել:

Այն հանգամանքը, որ «Ծռերը» և նրանց աջակիցները թե՛ նախկինում, թե՛ հիմա գտնվում են մարգինալ վիճակում, չի նշանակում, թե նրանք չունեն ֆորս–մաժորների գնալու հնարավորություն: Ընդհակառակը՝ ծայրահեղությունների գնում են նրանք, ովքեր կորցնելու ոչինչ չունեն: Նրանց վերջին շրջանի հայտարարությունները, հատկապես արցախյան ուղղությամբ նրանց գործունեության մասին հնչող մտքերը լուրջ անհանգստության առիթ են ոչ միայն Արցախի, այլև Փաշինյանի համար: Ի վերջո, ակնհայտ է, որ «Ծռերը» խանդով են վերաբերվում հեղափոխությանը և Փաշինյանին, չնայած հենց նրանց շնորհիվ են հայտնվել ազատության մեջ: Այնպես որ, եթե Հայաստանում չստացվի մաս կազմել հեղափոխության կապիտալիզացիային, չի բացառվում, որ նրանք այդ փորձն իրականացնեն Արցախում: Փաշինյանի համար «Ծռերի» արցախյան գործունեությունն, ըստ այդմ, ունի, թե՛, այսպես ասած, քաղաքական, թե՛ պետական անհանգստության կողմեր: Մի կողմից՝ հայտնվում է ուժ, որը հավակնում է սաբոտաժով դառնալ քաղաքական վերնախավ, մյուս կողմից՝ այդ սաբոտաժի թիրախում Հայաստանի անվտանգության դարպասն է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ