19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դու հեռացիր չարից և բարիքներ գործիր, հավետ պիտ բնակվես օրհնության մեջ Տիրոջ

Դու չարերին երբեք մի՛ նախանձիր, ո՛չ էլ նրանց, ովքեր անօրենն են գործում: Որպես բո՛ւյս են նրանք՝ ցամաքո՛ւմ են արագ, դալար խոտի նման անցողի՛կ են դառնում: Տիրո՛ջ վրա հույս դիր, քաղցրությո՛ւն գործիր, ապրի՛ր երկրի մեջ հովվությա՛մբ Նրա, Նրա մեծությա՛ն մեջ, զորե՛ղ հովանու տակ: Պաղատանքդ դեպ վե՜ր՝ թող Տիրո՛ջը ելնի, սրտիդ խնդրանքները Նա՛ է իրագործում, ճամփաներդ բոլոր խոստովանի՛ր Նրան, հույսդ Նրա վրա՝ ամե՜ն-ամեն գործում: Արդարությունը քո Լույսի՛ մեջ կհանի, և իրավունքը քո որպես պայծա՛ռ ցերեկ պիտի շողարձակի՛:

Աստծո՛ւդ հնազանդվիր և ծառայի՛ր Նրան, մի՛ նախանձիր նրանց, ովքեր ճամփան իրենց մոլորեցին, դարձրին ամոթալի՛. անօրեն գործ անող մարդուն մի՛ նախանձիր: Բարկությունդ զսպի՛ր, սիրտդ հանդա՛րտ պահիր, մի՛ նախանձիր չարին: Ովքեր չար են, պիտի շուտափո՛ւյթ էլ սատկեն. Տիրոջն համբերո՛ղն է երկրի մեջ ժառանգ: Փոքր ժամանակ և՝ ամբարիշտը չկա՛, եթե ելնես փնտրես՝ չե՛ս էլ գտնի: Իսկ նրանք, որ հե՜զ են՝ երկի՜րն են ժառանգում, խաղաղությունը նրանց լեցո՜ւն է օրհնությամբ: Մեղսագործը աչք է դնում արդարներին՝ ատամները նրանց վըրա կրճտելով, բայց պիտ ծաղրի՛ հանի Տերը ահա նրան: Նրա վե՛րջն է եկել՝ Տերն սկզբի՛ց գիտեր:

Մեղավորը սուր է հանում արդարի դեմ, իր աղեղը լարում՝ բռնի՛ թալանելու խեղճ աղքատին, սպանելո՛ւ համար տնանկ մարդուն, բոլո՛ր- բոլո՜ր նրանց, որ սիրտ ունեն խոնարհ: Բայց սրերը նրանց սիրտն իրե՛նց պիտ մտնեն, պիտի ջարդվե՛ն նրանց աղեղները լարված: Լավ է քի՛չն արդարի, քան թե մեղավորի ունեցվածքներն առատ. բայց խորտակվի՛ պիտի բազուկն ամբարշտաց: Եվ հաստատի՛ պիտի Տերը արդարների՛ն, Նա, որ գիտի օրերն անբի՛ծ սրտովների, Ի՛ր ժառանգն են նրանք՝ հավե՜տ Իր կյանքի մեջ: Որ չե՜ն ամաչելու՝ երբ նեղ օրերը գան, սովի օրերի մեջ միշտ կո՛ւշտ պիտի լինեն: Սակայն մեղավորը՝ թշնամի՛ն մեր Տիրոջ՝ կյանք չի՛ ունենալու, պիտի անհե՛տ կորչի, փառքը այդ եղկ մարդու որքան ելնի վերև, որքան ելնի վերև, պիտ պակասի՛ այդքան, և ի վերջո պիտի ծխի նման ցնդի՛, հավե՛րժ անհետանա:

Մեղավորը, երբ փոխ առնի մեկից մի բան՝ ետ չի՛ դարձնի և կամ՝ չի՛ վճարի նրան, սակայն երբ արդարը փոխ է առնում մեկից՝ իր ողորմած խղճով հատուցո՛ւմ է անում: Տիրոջն ո՜վ որ օրհնի՝ երկրի ժառա՜նգ է նա, ով անիծի՝ պիտի Տերը սատակեցնի՛: Ընթացքը այր մարդու, եթե ուղիղ գնա՝ Տիրոջո՛վ է միայն, Նրա՛ Կամքով է իր ճանապարհը քայլում: Գայթակղության եթե հանդիպի իր ճամփին՝ Տերը դատ չի՛ անի, այլ Իր հզո՜ր Ձեռքով կպահպանի՛ նրան:

Մանուկ օրերից իմ մինչև խոր ծերություն մի արդար չտեսա, ում Տերն արհամարհեր և չտեսա նաև մի արդարի որդու, որ իր հացը մուրար ու մուրալո՛վ ապրեր: Ողջ օրն է արդարը ողորմություն տալիս, ողջ օրն է փոխ տալիս. և զավակն այդ մարդու հավիտյան պիտ ապրի: Դու հեռացի՛ր չարից և բարիքնե՛ր գործիր, հավե՜տ պիտ բնակվես օրհնության մեջ Տիրոջ: Եվ իրավո՛ւնք պահիր, ա՛յդ է Տերը սիրում և չի՛ թողնի, որ իր սրբերը վայր ընկնեն, հավիտյա՜նս հավետ Նա պահո՛ւմ է նրանց:

…Պիտի հալածվեն անօրենները իրար շաղկապված, պիտ սատակեցվեն զավակները սին, ամբարիշտ մարդկանց: Եվ արդա՛ր մարդիկ պիտի ժառանգեն երկիրը միայն և հավիտյանս հավիտենի՜ց էլ ապրեն նրա մեջ: Արդար բերանից լոկ իմաստության խորհուրդ է ելնում, իսկ լեզուն նրա խոսում է միա՛յն իրավունքներից: Աստծո օրենքն է նրա սրտի մեջ, իսկ ճամփան նրա երբե՛ք չի թեքվում գայթակղության: Մեղավորն աչք է դնում արդարին, շարունակ փնտրում նրան սպանել, Տերը չի՛ թողնի նրա ձեռքերում և երբ դատ լինի՝ Նա դատ չի՛ անի ոչ մի արդարի:

Ամբարշտին տեսա անչա՜փ վեր թռած, որպես սլացիկ մայրի ծառերը Լիբանանի: Երբ կրկին անցա՝ արդեն նա չկար, փնտրեցի՝ հետքն էլ չկար ո՛չ մի տեղ: Ապրի՛ր անբիծ և ուղղամի՛տ մնա, խաղաղարա՛րը ժառանգ կունենա: Անօրենները պիտի հավաքվեն և հալածակա՛ն դառնան միասին, ամբարշտի որդին պիտ անհե՜տ կորչի: Երբ մեկն արդա՛ր է՝ փրկությունն Աստծո նրա՛ վրա է կնիքի նման, և նեղ օրերում վերակացո՛ւ է Տերն արդարներին: Եվ պիտի նրանց շարունա՛կ օգնի, պիտ փրկի՛ նրանց, պիտի ազատի՜ մեղավորների մահացու ձեռքից, ապրեցնի՛ կյանքով, որովհետև որ՝ արդարն իր հույսը Նրա՛ն է հիմնել:

Գրաբարից փոխադրեց Մաքսիմ Ոսկանյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ