20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ էինք սպասում և ի՞նչ ստացանք. հրապարակվել է նոր հարկային օրենսգրքի նախագիծը. 168 Ժամ

Վերջին շրջանում առավել քննարկվող թեմաներից մեկը հարկային բարեփոխումներն են, որոնց շուրջ քննարկումները առավել ակտիվացան, երբ այս տարվա սեպտեմբեր ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվի» միջոցով ներկայացրեց հարկային բարեփոխումների հիմնական մոտեցումները, տարբեր հարթակներում լայն քննարկումներ սկսեցին, որոնք բազմակողմանի քննադատեցին ներկայացվող հարկային փաթեթը: Իր աչքի առաջ ունենալով այս դասը, նոր կառավարությունը կարծես 180 աստիճանով փոխել է ռազմավարությունը և այժմ փոփոխությունները սկսել է իրականացնել գրեթե ծածուկ, ասել է թե՝ առանց ավելորդ ուշադրություն գրավելու:

Մասնավորապես, նոյեմբերի 15-ին, առանց հայտարարելու և հրապարակելու Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այսպիսով, փոփոխությունների փաթեթն արդեն հասանելի է, և ստորև կներկայացնենք առաջարկվող նախագծի հիմնական դրույթները։ Իսկ ամբողջական փաթեթի տնտեսական բովանդակության, դրական և բացասական կողմերի մասին կխոսենք հետագա վերլուծություններում:

Համաձայն ներկայացված փաստաթղթի, առաջարկվում է՝ 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ եթե ընկերության կամ անձի շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը: Հարկման համակարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմանել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է վերացնել արտոնագրային հարկի համակարգը՝ այդ հարկման համակարգի շրջանակներում ներկայումս հարկվող գործունեության տեսակների հարկումը կազմակերպելով ընդհանուր սկզբունքներով, անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019 թվականի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:

2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս, ինչպես նաև նվազեցնել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը՝ 10 տոկոսի փոխարեն սահմանելով 5 տոկոս: 

Շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ առավել առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Առաջարկվում է բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գներ՝ը 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ,
2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ 5 և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:

Արդեն 2020 թվականի հունվարի 1-ից առաջարկվում է վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ։

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվում է շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ:

2020 թվականի հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունքների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհանուր համակարգ: Առաջարկվում է նաև վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջանակներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) գործունեության կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ:

Ընդհանուր առմամբ սրանք են սպասվելիք հարկային օրենսգրքի փոփոխությունները: Անկախ նրանից, թե ինչ սպասելիքներ ունեինք, առաջիկայում սպասվող փոփոխությունները կլինեն այսպիսին, իսկ թե որքանո՞վ են դրանք արդարացնում հասարակության սպասելիքները, դեռևս առիթներ կունենանք խոսելու:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ