11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Այդքան «քաղցր» աթոռը…

305_b-e1525857685365

 «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար քննարկում է ոչ ավել, ոչ պակաս «Նիկոլ վարչապետ» կարգախոսը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին  «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էր հայտնել: Նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ, թերթերից մեկին ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը հավաքական կերպար է:

Ասել է թե՝ հավաքական կերպար Նիկոլով էլ ՔՊ-ն գնում է իր 80 տոկոսի հետեւից: Սա, թերեւս զարմանալի չէ, որովհետեւ ՔՊ ցուցակն առանց Նիկոլ Փաշինյանի, առանց նրա ունեցած վարկանիշի ոչինչ է: Որ այդ ցուցակում ընդգրկված 183 թեկնածուներից հաշված անուններ կարող են իրենք իրենցով ընտրողի քվեին արժանանալ, դա կասկածից վեր է ու չի էլ քննարկվում , եւ այս իրավիճակում, իհարկե, հասկանալի է, թե ինչու է ՔՊ-ն ցանկանում ընտրապայքարի գնալ հենց «Նիկոլ վարչապետ»-ով:

ԵրիտՔՊ-ականներից շատերին իրենց Ֆեյսբուքյան ընկերներից դուրս ոչ ոք չի ճանաչում եւ բնականաբար տեղերում՝ ռեյտինգայինով առաջադրվածներին փրկության պիտի հասնի «Նիկոլ վարչապետ» -ը, որի անունն էլ թմբկահարելով, հու-հու-գըմփով անցկացնելու են քարոզարշավը, բնականաբար, «Նիկոլ վարչապետ» -ը հայտարարելու է, որ ժողովուրդ , ընտրելով այս կամ այն ջահելին, դուք ինձ եք ընտրում: Հեղափոխական էյֆորիայով ապրող ժողովրդի մի մասն էլ, իհարկե, «Նիկոլ վարչապետ» -ին ընտրելու է, նրան չի հետաքրքրելու, որ «Նիկոլ վարչապետ» -ը չէ, որ խորհրդարան է գնալու: Սա  «Նիկոլ վարչապետ»-ի մանիպուլյատիվ կողմն է, քաղաքական տեխնոլոգիան, բայց կա նաեւ ավելի լուրջ, ավելի խորը խնդիր: Այս կարգախոսում, ըստ էության, արտացոլվում է իշխող ուժի տեսլականը:

Հեծանիվ բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները միայն ընտրական տեխնոլոգիայի ատրիբուտ չեն: Իրականում կարգախոսն արտահայտում է այս կան այն քաղաքական ուժի տեսլականն ու նպատակը, ներկայացնում, թե տվյալ ուժն ինչ խնդիր է իր առջեւ դնում: Ու ստացվում է, որ նպատակը մեկն է՝  «Նիկոլ վարչապետ»-ը:

Թերեւս հենց այս հանգամանքով էլ բացատրվում է Նիկոլ Փաշինյանի ՝ ափալ-թափալի քաղաքականությունը, քանի ժողովուրդը տաք է, քանի էյֆորիան չի մարել, քանի դեռ արդիական եւ ընդունված է «Նիկոլ վարչապետ»-ը ժամ առաջ խորհրդարանը ցրելու, արտահերթ ընտրություններ նախաձեռնելու փափագը: Միայն թե ամիսներ անց «Նիկոլ վարչապետ»-ն է միանձնյա պատասխան տալու կուտակված հարցերին ու խնդիրներին, ինչպես որ միանձնյա վերցնում է ողջ իշխանական տարածքը: 

 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ