29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Զրո գաղափարախոսության պետությունը

Axas-2

Վլադիմիր Լենինը հայտարարում էր, որ այնպիսի պետություն պետք է ստեղծի, որտեղ խոհարարները կկարողանան երկիր կառավարեն։ Մեր կառավարության անդամներն ունեն բարձր կրթություն, աշխատանքային որոշակի փորձ։ Պատկերավոր ասած՝ նրանք ոչ թե խոհարարներ են, այլ գոնե բուֆետչիկներ, բայց երկիր կառավարելը չի ստացվում։ Ո՞րն է ձախողման պատճառը։

Դեռևս հեղափոխությունից առաջ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ ինքը դեմ է որևէ գաղափարախոսության: «Մենք իզմեր չենք ընդունում»,- ասել էր նա։ Թվում է, թե այս մոտեցմամբ հեշտ է կառավարելը, դու որևէ սահմանափակում չունես,  անհրաժեշտության դեպքում դու ընդունում ես պետության կարգավորիչ կարևորությունը և ներդրողներին խոստանում ես, որ իրենց համար կստեղծվեն բոլոր պայմանները։ Մեկ այլ դեպքում՝ դու կատաղի շուկայական ես. «Ով աշխատի, նա կուտի», և դեմ ես, որ 350 հազար աշխատավորների հաշվին ապրեն 800 հազար լոդրերը։

Մեկ կարող ես լինել ծայրահեղ ազգայնական և ազատություն պարգևել մարդասպան տեռորիստներին, մեկ էլ՝ ուլտրալիբերալ, և կառավարության անդամներով քննարկել մարիխուանայի և գեյերի իրավունքների հարցը։ Կարող ես լինել դատավորներին չզանգող մարդու իրավունքների կողմնակից և գրավներով ազատ արձակել կոռուպցիոներներին, բայց և՝ խիստ ու օրենքին հետևող, և ամիսներ շարունակ կալանքի տակ պահել ծանր հիվանդին, ում մեղադրում են կաշառքի հնարավոր միջնորդության մեջ, այն դեպքում, երբ կաշառատուն և կաշառք ստացողը զբոսնում են ազատության մեջ։ Գաղափարախոսություն չունենալը թույլ է տալիս նաև սկզբունքներ չունենալ։

Իզմ-երից խուսափելու մեկ այլ ձևն արտաքին քաղաքականության մեջ քեզ «Հայաստանակենտրոն» հռչակելն է, ինչն իրականում անիմաստ արտահայտություն է, կրկնաբանություն (тавтология -հայերեն՝ տուֆտություն), քանի որ կառավարության գործը, ըստ սահմանման, հենց «Հայաստանակենտրոնությունն» է, Հայաստանի շահի համար աշխատելը։ Ամբողջ հարցն այն է, որ պատկերացնես, թե ինչպիսի՞ արժեքային համակարգի մեջ ես աշխատում, ինչպիսի՞ անվտանգային պատկերացումներ ունես, և, ի վերջո՝ ինչպե՞ս ես պատկերացնում Հայաստանի շահը։ Այս հարցերին կա՛մ պետք է պատասխանես, կա՛մ խրվես «հայու գենի» անպտուղ անհեթեթությունների մեջ։

Կրկին, իհարկե, թվում է, թե հարմար է առանց ֆիքսված արժեքների արտաքին քաղաքականություն վարել։ Կարող ես Եվրամիությունից պահանջել, որ հարգեն քո հեղափոխությունը և փող տան, իսկ Ռուսաստանից՝ որ հարգեն քո սուվերեն իրավունքները և Խաչատուրովին հանձնեն, որ դատես։ Սակայն Եվրամիությունը քեզանից գոնե ծրագիր է ակնկալում, իսկ Պուտինը քեզանից խլում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ու ձեռքի հետ էլ՝ ուղարկում Սիրիա։

Եթե այսօր կառավարության որևէ անդամի հարցնես. «Ինչո՞ւ ես անում քո գործը», առաջին շփոթված պատասխանը կլինի. «Որովհետև նախարար եմ»։ Հետո, մի փոքր շունչ քաշելուց հետո, ավելի ազնիվ պատասխաններ կհնչեն. «Որովհետև Գյումրիից սկսած քայլել եմ», «Որ մեր պարոն Փաշինյանը լինի վարչապետ», և այլն։ Անգամ «Իմ Քայլը» դաշինքը չգտավ ավելի գաղափարական կարգախոս, քան «Նիկոլ վարչապետն» է։

Կառավարության վատ աշխատանքի պատճառը պարզ է.  հեղափոխականները չգիտեն, թե հիմա ի՞նչ պետք է անեն։ Նախարարները մեղավոր չեն, և ճիշտ չէ նրանց բոլոր խնդիրների ակունքը տեսնել իրենց ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Անկախության սկզբում մենք ունեցել ենք կառավարություն, երբ ներքին գործերի ու պաշտպանության նախարարներն արձակագիրներ էին, իսկ ազգային անվտանգության խորհրդականը՝ դպրոցի դասատու, բայց այս թիմով մենք ստեղծեցինք անկախ պետություն և հաղթեցինք պատերազմում։

Այժմ պաշտպանության ու ոստիկանության ղեկավարները բարձր պրոֆեսիոնալներ են, ԱԱԾ պետը՝ նախանձելի տեսլականով կադրավիկ, կրթության նախարարն ունի դասավանդման փորձ, բայց հասարակությունը բողոքում է նրանց ոչ պրոֆեսիոնալիզմից։ Քանի որ չկա Նոր Հայաստանի տեսլականը, նոր նախարարները չեն պատկերացնում, թե իրենցից ի՞նչ է պահանջվում։ Նրանք փորձեցին անել այն, ինչ ժամանակի պահանջն էր, և կոռուպցիայի դեմ պայքարի դարաշրջանում ամեն մեկն իր բնագավառում հայտնաբերեց գանձագողերի՝ կրթության նախարարը՝ դպրոցներում, առաղջապահությանը՝ հիվանդանոցներում, մշակույթինը՝ թանգարաններում, իսկ պաշտպանությանը՝ բանակում։ Հետո հայտարարվեց, որ կոռուպցիան Հայաստանում հաղթահարված է՝ «Զրո կոռուպցիա»,- հայտարարեց ԱԺ ամբիոնից Փաշինյանը, և նախարարները կրկին հայտնվեցին անելանելի վիճակում. հիմա ի՞նչ անեն, հիմա ո՞րն է կառավարության քաղաքականությունը։

Դանեմարքայի իշխան Համլետի խոսքերով ասած, հայտնվել են երկրի ու երկնքի միջև՝ սպասելով գաղափարախոսության ու ռազմավարության։

Եվրոպայում հիմա տարածվել են պոպուլիստական կառավարությունները։ Պատճառը պարզ է. իր հարյուրամյակների պատմություն ունեցող պետականության փորձով, ՆԱՏՕ-ական գերանվտանգությունից ու իր սոցիալիզմից ճարպոտած Եվրոպան փորձում է խաղալ sexy պոպուլիզմով, ինչը մի դեպքում հանգեցնում է հունգարական ֆաշիզմին, մյուս դեպքում՝ լեհական նացիոնալիզմին, երրորդում՝ բրիտանական Brexit-ին։ Հայաստանը չի տիրապետում այդ ճոխություններից ոչ մեկին, և շուստրիությունից բխող անգաղափարականությունը երկիրը մոտեցրել է missmanagement-ի կրախին։

Աղասի Ենոքյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ