26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանը հիասթափված է

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական  Վարդան Օսկանյանը անդրադարձել է Ազգային ժողովի արտահերթ նիստին հնչած ելույթներին:

“Երեկ խորհրդարանում գրեթե միաձայն ընդունվեց Ադրբեջանին Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարությունը: Չնայած բովանդակության առումով տարաձայնություններին, քաղաքական բոլոր ուժերը այս հարցում համերաշխություն և միասնականություն դրսևորեցին: Սա ողջունելի է:

Մինչև հայտարարությունն ընդունելը ավելի քան երեսուն ելույթ եղավ: Չնայած հոգնեցուցիչ էր, բայց լսեցի բոլոր ելույթները։ Ինձ իսկապես հետաքրքրում էր այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուր անհատի մոտեցումն ու ընկալումը։
Հատկապես իշխող ուժի ներկայացուցիչները, կոչ էին անում համերաշխության և կոնսոլիդացիայի, բայց նրանցից որևէ մեկը համարձակություն չունեցավ նույնիսկ անուղղակի ակնարկել, որ այս բոլորի մեջ միգուցե մեղավորություն ունի նաև իրենց կառավարությունը: Սա արդեն ողջունելի չէ:

Ինձ համար հիասթափեցուցիչ էր նաև արտգործնախարարի ելույթը, երբ նա իր ներկայացրած փաստարկներով ըստ էության ընդունում էր, որ իրենց խաբել են: Ես կուզենայի արտգործնախարարին ասել, որ խաբված լինելը չի կարող արդարացում լինել ձախողումների համար: Դա ծանրացնում է ձախողման պատասխանատվությունը:

Պատկերացրե՛ք մի օր խորհրդարանի առաջ մի արտգործնախարար փորձի արդարանալ, որ մինչև վերջին պահը այս կամ այն երկիրը մեզ երաշխավորում էր, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի անի Ղարաբաղի նկատմամբ:

Ակնհայտ է, որ մենք թերացել ենք: Մենք թերացել ենք, Հունգարիան նողկալի արարք է գործել, Ադրբեջանի վարչակարգը ցույց է տվել իր իրական՝ անմարդկային դեմքը:

Այն, ինչ եղել է, անընդունելի է հայ ժողովրդի համար: Սրա հետևանքները վերացնելու առումով մենք պետք է հետևողական և համառ պայքար մղենք բոլոր առումներով, հատկապես իրավական և դիվանագիտական: Իրավական առումով խնդիր պետք է դնել Սաֆարովին վերադարձնել իր խուցը, իսկ դիվանագիտական առումով՝ հասնել Լեռնային Ղարաբաղի արդեն ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի միջազգային ճանաչմանը: Ինձ համար սա է լինելու կառավարության գործունեության արդյունքը գնահատելու չափանիշը”,-գրում է Օսկանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ