21 Հունիսի, Ուրբաթ, 2019

Վերջին շնչին չեն խփի. ԱԺ-ի լավությունը կառավարությանը

12506729

Նոյեմբերի 21-ին կարող է գումարվել արտահերթ նիստ՝ պետական բյուջեի ընդունման համար, այս մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է՝ կողմ են քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել, նաև նրա համար են կողմ, քանի որ բազային կենսաթոշակը 10․000 դրամով ավելանալու է։

Բյուջեին կողմ քվեարկելու խոստում տվեց «Ծառուկյան» դաշինքը։ «Չենք կարող չաջակցել այս կառավարությանը, որ ապագայում գործունեություն ծավալի։ «Ծառուկյան» դաշինքը միանշանակ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

ՀՀԿ-ն թեև նշում է, որ կառավարությունը չի կատարել խոստումը և չի բերել հեղափոխական բյուջե, այնուամենայնիվ, կողմ են քվեարկելու։ «Այս բյուջեի մեջ չեմ տեսնում այն խոստումների արտացոլումը, որի միջոցով եկել եք իշխանության, ոչ միայն արտացոլումը չեմ տեսնում, այլև նշույլները չեմ տեսնում ապագայում դրանց իրականացման համար։ Այդ դեպքում ի՞նչն եք փոխել, ի՞նչով են տարբերվում ձեր իսկ ներկայացրած բյուջեն ու վարած քաղաքականությունը նախորդ իշխանությունից։ Դուք ընդամենը շարունակությունն եք, և սա ոչ թե մեկ քայլ առաջ, այլ հետ է»,- հայտրարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե սխալ է այս բյուջեն իներցիոն անվանել, ինչպես կառավարությունն անվանում է: Նրա խոսքով՝ իներցիոն կարող է լինել 2018թ. բյուջեն, երբ Փաշինյանը տարվա երկրորդ կեսից ստանձնեց Կարեն Կարապետյանի կառավարության հեղինակած բյուջեի կատարողականը, մինչդեռ հաջորդ տարվա բյուջեն, արմազանովի համոզմամբ՝ պետք է ներառեր այն բոլոր խոստումները, որոնք համաժողովրդական շարժման լիդեր Նիկոլ Փաշինյանը հռչակել է եւ որի համար հասարակությունը գնաց նրա հետեւից: Հասարակությունը մեծ սպասումներ ունի Փաշինյանի կառավարությունից: Բայց հռչակված որեւէ սկզբունք այս բյուջեում չկա, որի համար մարդիկ հրապարակ էին գնացել:

«Սա այն բյուջեն է, որը դուք եք բերել, եւ սա չի կարող իներցիոն բյուջե լինել, սրա պատասխանատուն դուք եք: Եւ այս բյուջեի արդյունքում մարդիկ ավելի վատ են ապրելու, քան անցած տարի: Ասում էիք 800 միլիոն դոլարով ավելացվելու է բյուջեն, ուր ա էդ ավելացումը:

Չկա տնտեսական թռիչքաձեւ զարգացման միտում, խոստացել էիք , որ երկրում որեւէ աղքատ մարդ չի լինելու, սրա մասին խոսք չկա, ասում էիք՝ ստվեր կա, որը պիտի կրճատել, եթե կրճատվել ա, բա ո՞ւր ա, ինչի՞ ստեղ գրված չի: Էս քանի օրն էլ իմացանք, որ հեղափոխական Հայաստանում հնարավոր ա էվոլյուցիոն օպտիմալացում: Էն, ինչ կառավարությունն այսօր անում ա, հակասում ա իր լիդերի հռչակած սկզբունքներին: Դուք էդ լոզունգներով եք եկել իշխանության, ո՞ւր է»: 

Ուշագրավ է, որ «Ելք» խմբակցությունից ելույթներ չեղան։

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ