20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։ Այս դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, ինչը, ըստ ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի, իրենց համար շոկային անակնկալ էր։

«Մեզ համար անակնկալ էր, որովհետև երբ Ռաֆայելին հրավիրեցին քննչական կոմիտե, մեր մոտ վստահություն կար, որ կանչում են, որպեսզի պարզեն հանգամանքները՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահման հետ», – ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ քննչական կոմիտեն պետք է գործը հարուցած լիներ 149.1 հոդվածով, այնինչ, պարզվել է, որ գործը հարուցված է 146 հոդվածով (նամակագրության գաղտնիության խախտումը)։

«Թեև Ռաֆայել Աֆրիկյանն այդ գործով չունի կարգավիճակ, այսինքն, նրա կարգավիճակը վկա է, բայց արդեն փաստացի գործը հարուցված է մեր դեմ։ Դա շոկային անակնկալ էր և կարծում եմ, որ քրեական իրավունքի ամենապարզ հիմունքներն իմացող մարդու համար ակնհայտ է, որ այդտեղ հանցակազմ չկա», – ասաց Իոաննիսյանը։

Նա որպես օրինակ նշեց նախորդ տարվա ընտրությունների ժամանակ իրականացված նմանատիպ մեկ դեպք, երբ կայքը ձայնագրել, ապա հրապարակել էր դպրոցների տնօրենների հետ խոսակցությունը։

«Ուզում եմ օրինակ բերել նախորդ տարի արված 114 տնօրենների ձայնագրությունները, որ լրիվ նույն կերպ էր իրականացվել, դարձյալ հրապարակվեց և այն ժամանակ խոսք անգամ չգնաց նման հոդվածով գործ հարուցելու մասին։ Այս պարագայում դա բավականին մտահոգիչ է։ Ես  հուսով եմ, որ դա պաշտոնական Երևանի հետ կապ չունի, որ դա տեղում կամ կոմպետենտության խնդիր ունեցող քննիչների, կամ որոշ մարդկանց գործն է, ովքեր ուզում են «ծառայություն» մատուցել տեղական հեղինակություններին», – նշեց նա։

Իոաննիսյանն ասաց, որ այս պահին փորձում են հասկանալ իրողությունը, տեսնեն, թե այս կապակցությամբ ինչ կասի քննչական կոմիտեն, ըստ այդմ էլ, կորոշեն հետագա անելիքները։

«Բնականաբար, հետամուտ ենք լինելու, որ ոչ միայն գործը փակվի, այլ նաև գործ հարուցվի 149.1 հոդվածով։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ, ուղղակի ուզում եմ ասել, որ նույն Հրազդանի ընտրությունների մասով ունեինք դեպք, երբ տեղամասում մեր դիտորդներին այն աստիճանի էին սպառնացել, վախեցրել և խոչընդոտել գործունեությունը, որ վախենում էին տեղամաս վերադառնալ նույնիսկ այն պարագայում, երբ տեղամաս եկան լրագրողներ, տեղամասային հանձնաժողովի նախագահը։ Այս դեպքով առ այսօր, խախտելով բոլոր ժամկետները, որոնք սահմանված են օրենքով, չկա քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում։ Կոնկրետ Հրազդանի ընտրությունների հետ կապված իրավապահ մարմինների գործունեությունն ուղղակի, կուզենայի ասել, որ չի փոխվել հին Հայաստանի հետ համեմատած, բայց այս անգամ դա չեմ կարող ասել, որովհետև դեպի վատն է փոխվել», – եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ