17 Նոյեմբերի, Saturday, 2018

Բուռն քննարկում Կառավարությունում՝ ներման խնդրագրերի հարցի շուրջ

lol

Այսօր կառավարության հերթական նիստում արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր։ Դրանցում, ըստ Զեյնալյանի, ՀՀ նախագահի լիազորությունների մասով կան հակասություններ 2015-ին թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության հետ։

Այսպես, նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, ներկայացրեց Հանրային ծառայության մասին, Դիվանագիտական ծառայության մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին, Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին, Ներման մասին, Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը։

Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը նախագահի լիազորությունների շրջանակում սահմանում է նրա լիազորությունները քաղաքացիության շնորհման և դադարեցման, ներում շնորհելու, պետական պարգևներով պարգևատրելու բարձրագույն դասական աստիճաններ շնորհելու ոլորտներում՝ նախատեսելով, որ նախագահը այդ լիազորություններն իրականացնում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

Սակայն, ըստ Զեյնալյանի, նախագահի լիազորությանը վերաբերող սահմանադրական դրույթները չեն բացառում այդ լիազորություններն իրականացնելիս նախագահի կողմից օրենքով սահմանված կարգով սեփական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը։ Այսինքն՝ եթե օրենքը նախատեսի, ապա այդ հնարավորությունը չի բացառվում։

Մինչդեռ, օրինակ Ներման մասին, Հանրային ծառայության մասին, ՀՀ քաղաքացիության մասին պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման մասին օրենքներում սահմանված կարգավորումների համաձայն, նախագահն այդ լիազորությունները իրականացնում է միջնորդավորված վարչապետի կամ այլ մարմինների առաջարկների հիման վրա։

«Նախագահը նշված հարցերի շրջանակներում սեփական նախաձեռնություն դրսևորելու հնարավորություն չունի», – նախագծերը ներկայացնելիս կառավարության նիստում նշեց Արտակ Զեյնալյանը։

Հետևաբար, կառավարությունն առաջարկում է այս հարցերում նախագահին տալ լիազորություններ հանդես գալ սեփական նախաձեռնությամբ, մասնավորապես, օրենքով հնարավորություն տալ նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները նախագահը շնորհի իր աշխատակազմի միջնորդությամբ, Դիվանագիտական ծառայության մասին օրենքով տալ հնարավորություն ՀՀ նախագահի և ԱԺ աշխատակազմեր գործուղել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց, որոնք արտաքին կապերի բնագավառում ունեն հմտություներ։ Բացի այդ, տալ անձանց հնարավորություն, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու վերաբերյալ դիմումներ կարող է ներկայացնեն նաև ՀՀ նախագահին, ներման խնդրագրերով դատապարտյալները դիմեն նաև ՀՀ նախագահին, ինչպես նաև ՀՀ նախագահին հնարավորություն տալ պետական պարգևներ շնորհելու հարցում ցուցաբերել նախաձեռնություն։

Նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նկատեց, որ գոյություն ունեցող տեսակետի համաձայն, նախագահի լիազորությունների ընդլայնումը հակասություն է առաջացնում Սահմանադրության հետ ու հավելեց. «Ես տեղյակ եմ, որ կա տեսակետ, որ, մասնավորապես, ներում շնորհելու դեպքում առաջանում է սահմանադրականության խնդիր և նախագահի լիազորություններն ավելացնելու առաջարկությունը ավելին է, քան թույլ է տալիս Սահմանադրությունը։ Հիմնավո՞ր է այս տեսակետը, թե՞ ոչ»։

«Սահմանադրությունը սահմանել է նվազագույն շեմը և օրենքով դրանք կարող են ընդլայնվել և ձգտել իրացնել, ապահովել ներում խնդրելու, շնորհելու բնական իրավունքը», – արձագանքեց Զեյնալյանը՝ նշելով, որ հակասություններ Սահմանադրության հետ չեն կարող առաջանալ։ Նա նաև կառավարությանը խնդրեց մեկ օր ժամանակ տալ նախարարությանը, որպեսզի մեկ դրույթ էլ կարողանան ավելացնել ներման մասին օրենքում այն մասին, որ նախագահը ներում շնորհի ոչ միայն դատապարտյալի, այլ նաև երրորդ անձի, օրինակ՝ իրավապաշտպան որևէ կազմակերպության դիմումի հիման վրա։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, սակայն, որոշ սրբագրումներ արեց. նա չհամաձայնեց այն հայտարարությունների հետ, որ նախագահի լիազորություններն այս նախագծի փաթեթով ընդլայնվում են։ Նրա խոսքով՝ կային սահմանափակումներ նախագահի լիազորություններն իրացնելիս, դրանք ուղղակի առաջարկ է արվում վերացնել։

Ներման խնդրանքի վերաբերյալ ներկայացվող առաջարկում Սահմանադրության 70-րդ հոդվածի հետ հակասություններ էր նկատել Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը։ Նրա խոսքով, ըստ Սահմանադրության, ներման խնդրանքի իրավունքը վերապահված է բացառապես դատապարտյալին, հետևաբար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող են իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտյալի համար ներման խնդրագրով դիմեն նախագահին։

Զեյնալյանը հստակեցրեց, որ Սահմաանդրության 70-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի ներում խնդրել, իսկ մանրամասները սահմանվում են օրենքով։ «Այստեղ «բացառապես» որակավորումը տրված է նեղ մեկնաբանության միջոցով, ինչը Սահմանադրության պարագայում չի կարելի թույլ տալ։

«Բացառապես» եզրույթ սրա հետ կիրառված չէ։ Սա իրավունք է, որը տրված է պետության կողմից, բայց պետությունը դրանով չի մերժում այլ անձանց կողմից ներում խնդրելու հնարավորությունը։ Ներման ինստիտուտը շատ ավելի հին է, քան Սահամանդրությունը և չի կարող դրույթը նեղ մեկնաբանվել ու դրան կպցնել չենք կարող «բացառապես» եզրույթը», – հստակեցրեց նախարարի պաշտոնակատարը։

Կառավարության նիստում որոշվեց նախագծերի փաթեթում կատարել Արտակ Զեյնալյանի մատնանշած անհրաժեշտ փոփոխությունները, ներկայացնել նախարարություններին և միայն քննարկումներից հետո ներչկայացնել կառավարության դատին։

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ