28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արդարներն ուրախ կլինեն այդժամ և պիտի ցնծան

2312

Պիտի հառնի՛ Աստված և Նրա բոլոր թշնամիները լինեն ցաքուցի՛ր, ատելիները Նրան դեմ կեցած ու հակառակող, պիտի սարսափած վա՛զ տան ու փախչե՛ն երկրի երեսով: Եվ ինչպես ծո՛ւխն է ցնդում- վերանում, այդպե՛ս էլ պիտի վերանա՜ն նրանք, որպես որ հրի՛ն հանդիպած մոմն է հալվում- վերանում. մեղավորները այդպե՛ս պիտ կորչեն Աստծո առջևից:

Արդարներն ուրախ կլինեն այդժամ և պիտի ցնծա՜ն Տիրոջ հաղթությամբ և զվարճանա՛ն իրենց առլեցուն ուրախության մեջ: Օրհնեցե՜ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք Անվանը Նրա, ճանապա՛րհ բացեք Նրա առջևից, որ արևմտյան կողմում է նստում և Անունն է՝ Տե՛ր: Եվ պիտի ցնծան Նրա առջևում և երեսներից Նրա խռովվեն: Հա՛յրն է որբերի և այրիների Դատավո՛րն է Նա, արդա՛ր Աստված, որ Իր սրբավայրի մեջ է բնակվում:

Բնակեցնում է միակրոնին առանձի՛ն տնով, և Իր քաջությամբ բանտարկյալներին հանո՛ւմ բանտերից, նույն կերպ և Նա՛ է դառնացողներին, որ բնակվում են գերեզմաններում, հանում ու պահո՛ւմ մխիթարությամբ: Երկի՛րը ցնցվեց, երբ ժողովրդին առաջնորդում էր, անցկացնում նրան չոր անապատով: Եվ երկինքները Աստծու հայտնվելով, Իսրայելի Սուրբ Աստծո առջևից՝ ցողե՛ր ցողեցին Սինայի վրա: Քո ժառանգության համար, Տե՛ր Աստված, կենարա՛ր անձրև Դո՛ւ պատրաստեցիր, թեպետև ժառանգդ հիվանդացավ, սակայն Դու նրան հանեցի՛ր ոտքի, արդեն նրա՛ հետ պիտի բնակվեն գազաննե՛րը Քո: Սեղա՛ն սարքեցիր քաղցրությամբ Քո, աղքատի՛ Աստված, Տերը Իր Խոսքը տալիս է նրա՛նց, ովքեր զորությամբ բազում մարդկանց են բարի լուր տալիս: Թագավորն է Նա զորությունների, որ սիրելի՛ են:

Գեղեցկությունները թանկագին Քո Տան ավարառեցին ու բաժանեցին միմյանց միջև, մինչդեռ մենք այդժամ մեր վիճակներում նինջի՛ մեջ էինք: Արծաթապա՛տ էր թևքերն աղավնու և թիկնամե՛ջքն էր նրա ոսկեգույն: Եվ երկնավորն, երբ թագավորներին ավարառուի վրա դուրս բերի՝ պիտ Սաղմոն սարը ծածկվի ձյունով: Մեր Աստծո լե՛ռն է ամենապարարտ, բարիքների մեջ թա՛նձր ու առատ լեռ, հապա ի՞նչ էիք կարծում լեռներդ, որ հպարտացա՛ք:

Մի լեռ է, որտեղ Ինքը Տե՛ր Աստված հաճեց բնակվել, և հավե՛տ այնտեղ պիտի բնակվի: Եվ կառքերն Աստծո տասնյակ հազարներ և ամենքն իրենց կառավարներով. Տե՛րն է նրանց մեջ Իր սրբավայրում: Բարձունքնե՛րն ելավ և գերությո՛ւնը Նա գերեվարեց և ավարները որպես պարգևներ բաժանեց մարդու զավակաց միջև, որովհետև որ՝ թերահավատներն և՛ս Նրա հետ պիտի բնակվեն: Օրհնյա՜լ է Աստված, և օրհնյա՜լ է մեր Տերը հավիտյան, մեր Փրկիչն Աստվա՛ծ, հենց Ի՛նքը պիտի մեզ առաջնորդի:

Աստվա՛ծ, մեր Աստվա՛ծ՝ Կենարարն է մեր, և Տիրոջի՛ց են ելքերը մահվան: Թշնամիների գլուխները Նա՛ պիտի ջախջախի, և խուզի՛ պիտի մազերը նրանց, ովքեր որ՝ իրենց անօրե՛ն կամքով ընթացան երկրում: Եվ Տերը ասաց՝ քեզ պիտի հանե՛մ խոր անդունդներից և ժանիքների միջից քեզ հափռած: Ինչպես քո ոտքը թշնամիներիդ արյամբ թրջվի, նույնպես և պիտի նրանց արյունով թրջվի բոլոր շներիդ լեզուն: Եվ երևացին քայլերդ՝ Աստվա՛ծ, քայլերը Աստծո Սո՛ւրբ Թագավորի:

Եվ իշխանները վաղորդյանի հետ օրհներգեցին Քեզ՝ կույսերի նաև գովերգուների խմբով միաբան: Օրհնեցե՜ք Աստծուն եկեղեցու մեջ և Իսրայելի Տիրո՜ջն օրհնեցեք, և Նա՛ է Տերը մեր աղբյուրների: Եվ Բենիամինն է այնտեղ գտնվում, որ զարմանալի մանկություն ապրեց, Հուդայի իշխան առաջնորդները նույնպե՛ս այնտեղ են և Զաբուղոնի ողջ իշխանները և իշխանները Նեփթաղիմեսի: Աստվա՛ծ, զորությա՛մբ հրամանդ տուր, զորացրո՛ւ մեր մեջ այն ամենը, որ Դո՛ւ հաստատեցիր: Երուսաղեմի Քո տաճարի մեջ թագավորները պիտի մատուցեն Քեզ պատարագներ:

Սաստի՛ր գազանին, որ եղեգների մեջ է թաքնվում, թող արջառների հավաքների մեջ Քո սա՛ստը լինի և դասերի մեջ եղջերուների: Եվ բոլոր նրանք, որ արծաթ տալով էին ընտրվել՝ պիտի մերժվե՛ն, և ցրի՛ր բոլոր հեթանոսներին և բոլո՛ր նրանց, ովքեր պատերազմ անել կամեցան: Եվ Եգիպտոսից պատգամաբերներ պիտի ելնեն- գան, և հնդիկները ձեռքերը Աստծո՛ւն պիտի երկարեն՝ ամենքի՛ց առաջ: Աստծո՛ւն օրհնեցեք, թագավորություննե՜ր՝ ողջ երկրով մեկ, սաղմո՛ս ասացեք Տիրոջը ուղղված: Ճանապա՜րհ բացեք Նրա առջև, Ով վերն երկինքների երկինքներում է, կո՛ղմն արևելյան:

Ահա պիտի Նա հնչեցնե՛ ձայնը Իր զորությամբ լի. փա՛ռք տվեք Աստծո՛ւն: Վայելչությո՛ւնն է Նրա փառավոր, որ Իսրայելի վրա է իջնում, իսկ զորությունը մինչև երկնքի ամպե՛րն է հասնում: Եվ երբ ի հա՛յտ է՝ սքանչելի՜ է Իր սրբերի վրա, և Տեր Աստվածն է Նա Իսրայելի: Եվ զորությունն Իր և հաստատությունն Իր ժողովրդի՝ այդ Նա՛ է տալիս օրհնյա՜լ Տեր Աստվածը Իսրայելի:

գրաբարից փոխադրությունը Մաքսիմ Ոսկանյանի

Սաղմոս 67

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ