13 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2018

Արդյո՞ք հեղափոխական Նիկոլ Փաշինյանը կարող է վարչապետ Նիկոլ Փաշինյան դառնալ. Washington Times

5-149-750x450

Ամերիկյան Washington Times պարբերականը հրապարակել է Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան, Պետքարտուղարության նախկին փոխխոսնակ Ադամ Էրելիի «Անարխիա Հայաստանում» վերտառությամբ հոդվածը:

«Հայաստանն անարխիայի մեջ է, այլ կերպ ասած՝ կառավարական իշխանության բացակայության հետևանքով առաջացած անօրինության կամ քաղաքական խառնաշփոթի միջավայրում: Հայաստանի ինստիտուցիոնալ մասնատման հետևանքները չարագուշակ են Եվրոպայի և Կովկասի համար»,-անդրադարձը սկսում է հեղինակը՝ նկատելով, որ ինքը՝ որպես Ուկրաինայում տեղի ունեցած «Նարնջագույն հեղափոխության», ինչպես նաև 10 տարի առաջ Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալու ականատես, զգաստանում է ներկայում Հայաստանում ծավալվող իրադարձություններից:

Էրելին հիշեցնում է՝ ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկել՝ անցած գարնանը մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում մոբիլիզացնելով 250.000 աջակցի ու սպառնալով համազգային գործադուլ անցկացնել, եթե խորհրդարանն իրեն վարչապետ չընտրի:
«Պաշտոնը ստանձնելուց հետո ինքնահռչակ «ժողովրդի թեկնածուն» սկսել է կանոնավոր կերպով կազմաքանդել Հայաստանի կառավարական ինստիտուտները»,-գրում է հեղինակը՝ այս համատեքստում հիշեցնելով, որ իր կառավարման 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ այսուհետ «Հայաստանում չկա կոալիցիոն կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն և որ իշխանությունն ուղղակիորեն պատկանում է ժողովրդին»:

«Հայաստանի փողոցները Փաշինյանի համար դարձել են հաշվետու լինելու և իրավունքի հաստատման նախընտրած գործիք: Նրա թիրախում են հայտնվել պետական մարմինները, արդարադատության համակարգն ու խորհրդարանը»,- շարունակում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ նախկինում ՀՀ վարչապետը կեղծված էր հայտարարել նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ է անցկացրել:

Նա նշում է, թե Փաշինյանը «կոռումպացրել է անվտանգության ծառայություններն ու դատարանները, որպեսզի դրանք մաֆիայի ոճով քաղաքական վենդետաներ իրականացնեն»՝ հիշեցնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու նրա օրոք ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշման կայացումը:

Էրելին գրում է, որ Փաշինյանը սկսեց իր նախկին քաղաքական հակառակորդների հարցով զբաղվել վարչապետի պաշտոնը ստանձնելուց դեռ երեք ամիս չանցած, ինչը դատապարտելի է, քանի որ իշխանական դիրքի չարաշահում է:

Իր անդրադարձում հեղինակը նաև հիշատակում է Ազգային անվտանգության ծառայության ու Հատուկ քննչական ծառայության ղեկավարների գաղտնալսված ու այնուհետև համացանցում մեծ աղմուկ բարձրացրած հեռախոսազրույցը:

«Ձայնագրությունում ԱԱԾ պետն ասում է, որ վարչապետից կարգադրություն է ստացել «փակել» պաշտպանության նախկին փոխնախարարին (Յուրի Խաչատուրովին): Իսկ հետո ՀՔԾ պետն ասում է, որ ճնշում է գործադրել դատավորի վրա Քոչարյանին կալանավորելու համար: Եվ այս ամենը չնայած նրան, որ Փաշինյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ցուցումներ տալ դատարաններին: Սակայն ձայնագրությունում առկա ապացույցը հակառակն է ցույց տալիս»,-գրում է հեղինակը:

Էրելին նշում է, որ քաղաքական գործընթացների թափանցիկությունը, հաշվետու լինելու պրակտիկան ու օրենքի գերակայությունը վտանգված են Արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ պետություններից գրեթե յուրաքանչյուրում:

«Նիկոլ Փաշինյանն այժմ կարող է հպարտորեն իր տեղը զբաղեցնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միևնույն շարքում՝ որպես մի առաջնորդ, որն իր հայեցողությամբ է փոփոխում պետական ինստիտուտները: Իշխանությունը փողոցի ձեռքը հանձնելն ու զուգահեռաբար պետական ինստիտուտները թուլացնելն անարխիայի բաղադրատոմսն է»,-գրում է Էրելին՝ իր հոդվածը եզրափակելով քաղաքագետ Գևորգ Հարությունյանի հետևյալ մտքով. «Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք հեղափոխական Նիկոլ Փաշինյանը կարող է վարչապետ Նիկոլ Փաշինյան դառնալ: Առայժմ այս հարցի պատասխանը դրական չէ»:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ