26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենիշխանության կիրքը. հեղափոխությունը հասցրեց տեռորի

Մինչև ձմեռ առատ բերք է լինելու, Երևանի բերքահավաքը ցույց տվեց, որ պիտի շուտ հանրապետության բերքն էլ հավաքել, թե չէ մնա, գարնանը կարող է փտել։ Բայց մանգաղը Ազգային ժողովում է, պետք է ձեռներից վերցնել, որ հավաքի։ Ազգային ժողովը չեմուչում է անում, ասում է արի իրար հետ որոշենք բերքահավաքի օրը։ Ոնց թե, դու ով դառար որ բերքի մասին մտածես, բերքը մենակ իմն է ու երբ ուզեմ՝ էն ժամանակ պիտի հավաքեմ։

1988 թվին Ղարաբաղ կոմիտեն սենյակում ինչ-որ բան էր որոշում, գալիս հրապարակում հայտարարում՝ ժողովուրդը պահանջում է Գերագույն սովետի նիստ, ու մարդիկ բռունցքները բարձրացնում էին։ Գերագույն Սովետում ինչ-որ չեմուչում էին անում, իյա, այ կոմունիստներ, դուք ո՞վ եք, որ ժողովրդի պահանջի դեմ գնաք։

Վանո Սիրդեղյանի խոսքն էր՝ նոմենկլատուրային բանդիտիզմ։ Պատմությունը էնպես շրջվեց, որ իշխանության գալով ինքը բանդաներ ստեղծեց։ Իսկ «նոմենկլատուրային բանդիտները» դարձան հարգարժան մարդիկ, այնքան հագարժան, որ նրանց առաջնորդը՝ Կարեն Դեմիրճյանը երկրի նախագահ կդառանար, եթե չկեղծեին ընտրությունները։

Բայց ՀՀՇ֊ն 1990-1991թվերին ընտրությունները չկեղծեց, 80-90 տոկոս ձայն ունեին, ինչի՞ կեղծեին։ Նիկոլն էլ ունի 90 տոկոս՝ նա պայքարում է մաքուր ընտրությունների համար, միայն թե պիտի ընտրությունը էն պահին լինի, երբ ինքը մաքուր 90 տոկոս ունի։ Հետո 5 տարի հետո, կերևա արժի՞ մաքուր ընտրություն անել, թե՞ հակահեղափոխականները կարող է սպառնան երկրի անվտանգությանը։ Կասեն, բայց Փաշինյանը խոստացել է, որ հենց ձայն չստանա, մի օր էլ չի մնա իշխանության մեջ։ Բայց ուրիշ բաներ էլ էր խոստացել, օրինակ՝ խոստացել էր, որ այլևս դատավորներին վերևից կարգադրություններ չեն լինելու, գաղտնալսված ձայնագրությունը ցույց տվեց, որ խաբել է, իսկ ինչո՞ւ այլ հարցերում չի կարող խաբել։

Այո, 1988-1991 թվերին Ղարաբաղ կոմիտեն, ապա Հայոց համազգային շարժումը ամեն քայլ ժողովրդի անունից էին անում, իսկ հենց բերքը հավաքեցին, իշխանության եկան, երկիրը դարձրին մի քանի ընտանիքի սեփականությունը, իսկ լայն զանգվածներին աղքատության մատնեցին։

Ժողովուրդը ուզում է, ժողովրդին մի զայրացրեք։ Լավ, ընդունենք ոչ թե Փաշինյանն է որոշել արտահերթ ընտրությունը դեկտեմբերին անել, այլ ցուցարարները՝ տանը նստել որոշել են՝ նոր տարուց առաջ նոր ԱԺ ունենանք, ու դուրս են եկել փողոց։ Բայց կարելի է հարցնել՝ ո՞վ է ժողովուրդը։ Եթե ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք են, ապա նրանց մեջ կան այնպիսիները, որ դեմ են շուտափույթ ընտրություններին, որ առաջարկում են ԱԺ պատգամավորների հետ պայմանավորվածություններով ընտրությունների օրը որոշել, որ ընտրությունը չդառնա մի անձի քմահաճույքը։

Նրանք լուսնից չեն իջել ժողովրդի դեմ դավադրություն անելու համար, նրանք էլ են ժողովուրդ։ Եվ ահա, այստեղ սկսվում են հակասությունները, ինչպե՞ս կարող է ժողովուրդը մի բան ուզի, նրա մի հատվածը, թեկուզ փոքրամասնությունը այլ բան։ Փաշինյանը շատ լավ պրյոմ է օգտագործում՝ նրանք ժողովուրդ չեն, նրանք հակահեղափոխականներ են։ Ավելի դիպուկ բառ կա՝ ժողովրդի թշնամիներ են, բայց չարժի օգտագործել, որ տհաճ զուգահեռները շատ ակնհայտ չլինեն։ Ոչ ոք չի ուզում հակահեղափոխական լինել, վտանգավոր է, կամ լռում են, կամ էլ արդարանում՝ ախր մենք հակահեղափոխական չենք։ Փաշինյանը ժպտում է՝ ես կորոշեմ, թե ովքեր եք դուք, և նրա ժպիտի ալիքները տարածվում են զանգվածների սրտերում։

Բայց կարո՞ղ է այնքան շատ մարդ դուրս չգա փողոց, հեղափոխությունից 5 ամիս անցել է, բայց ոչ մի լուրջ փոփոխություն մարդկանց կյանքում չկա։ Ամեն դեպքում արտերը ժամանակ առ ժամանակ պետք է ոռոգել , նախ թունաքիմիկատ ես փչում «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչեւ վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին», ապա նախարարիդ շլանգը տալիս, որ ջրի՝ մինչև արտահերթ ընտրություն չլինի, ներդրումներ չեն լինելու:

Ու բերքը լցվում է փողոցները, աճում Ազգային ժողովի վրա, Փաշինյանը ահաբեկում է՝ տեսեք, Ազգային ժողովը չցրեք, չթողնեք բերքս հավաքեմ, հանգիստ կողովներով նկուղը շարեմ, բերքիս ճյուղերը կաճեն, ձեզ կխեղդեն։

Տաքսի չնստած, վարորդը ասում է՝ էհ, Փաշինյանը սկսում է աչքիցս ընկնել։ Ինչի՞։ Որովհետև շատ կուլտուրական ա, պիտի թողներ մտնեինք ազգային ժողով սաղին ցրեինք, գրավեինք, պրծներ էթար։ Լավ, ի՞նչ կլինի, մի փոքր սպասեք, պատգամավորների հետ համաձայնության գան, նորմալ ընտրություններ անցկացնեն։ Ոնց թե, հենց հրաժարական տա, Քոչարյանին կընտրեն վարչապետ, տանկերը կկոխի, սաղ կվերանա։ Ո՞նց են Քոչարյանին ընտրելու, հենց մեկի մտքով անցնի թեկնածությունը դնի, այ էդ ժամանակ կլցվեք ԱԺ, չեք թողնի։ Չէ, ինչ ես խոսում, էնպես արագ կանեն, չենք հասցնի։

Ախր հիմա երկնքից աստված էլ իջնի, վարչապետ չի կարա դառնա, կթողնեք Նիկոլին թողած աստված ընտրե՞ն։ Չես համոզի, գալիս եմ Ֆեյսբուք, նույն վախը հայտնում է մտավորականը՝ հենց հրաժարական տա, Քոչարյանին վարչապետ կընտրեն։ Շատ լավ ստացվեց, Քոչարյանին Ադրիատիկի ծովափներից բերեց, վրան քրեական գործ հարուցեց, որ նրանով վախացնի ամբոխին։

Մեկ է բան չես համոզի, առաջնորդը 90 տոկոսով ԱԺ-ն վերցնելու խաթեր դուխով ժողովրդին պարանոյիկ է դարձրել։

Կամ էլ լսում ես՝ շուտ ընտրություններ են պետք ազատվելու համար քրեաօլիգարխիկներից։
Բայց քրեաօլիգարխները վաղուց դարձել են ՀՀ հպարտ քաղաքացիներ և Փաշինյանը ինչ ասի, էն էլ կքվեարկեն, Ազգային ժողովում դիմադրում են հիմնականում քաղաքական դեմքերը, որոնց վրա ոչ մի կոմպրոմատ չի լինում աշխատացնել։ Ուրեմն, նրանց մի ձև կա ահաբեկելու՝ ամբոխով՝ շնորհակալ եղեք ինձ, որ ձեզ չեն հոշոտում, բայց որ չենթարկվեք, ոչինչ չեմ կարող անել, էնպես որ տեսեք՝ դեկտեմբերին համաձայնվեք, թե չէ հրաժարական կտամ, կցրվեք, որտև ԱԺ-ն պահելու միակ ձևը նոր վարչապետ ընտրելն է,  քանի գլուխ ունեք մտքներովդ ուրիշ վարչապետ անցկացնեք։

ՔՊ֊ի պատգամավորն էլ հայտարարում է. «Մարդիկ կբռնեն, կմտցնեն աղբարկղերի մեջ, չենք կարողանալու այդ մարդկանց զերծ պահել»։ Հիշե՞նք այն կառավարությունները, որոնց բանակներն ու ոստիկանությունները «զերծ չէին պահում» ուրիշներին խցեր ու աղբամաններ մտցնելուց։ Այս ահաբեկումը Եվրոպայի խորհրդի անդամ երկրում, որտեղ ոչ մի իրավապաշտպան ձայն չի հանում։

Վահան Իշխանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ