12 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Գնդակահարությու՞ն, կախաղա՞ն, աքսո՞ր… Նոր Հայաստանից արտաքսում օրինակ Նոր Զելանդիա՞…

42.thumb (1)

Որպես Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացի ուզում եմ իմանալ՝ ի՞նչ իմաստ է ներդրվում ներկայումս անընդհատ շահարկվող  հակահեղափոխականություն եզրույթում, և  ի՞նչ պատիժ է սահմանված դրա  համար:

Նման հարց  երևի  չէր ծագի, եթե Հայաստանում դասական հեղափոխություն եղած լիներ, այսինքն ըստ ամենագետ Վիքիպեդիայի՝ հասարակական-քաղաքական կարգի, բնության կամ  մարդու գիտակցության մեջ արմատական, խորքային, որակական վերափոխում՝ զուգակցված բացահայտ խզմամբ նախորդի հետ:

Իսկ ի՞նչ վերափոխումներ կարող ենք արձանագրել  հետհեղափոխական հինգ ամիսների ընթացքում: Խորքային և արմատական  իմաստով, ըստ էության,  ոչինչ… շարունակում ենք ապրել նույն հասարակական ֆորմացիայում, նույն Սահմանադրությամբ և օրենքներով, նույն խախուտ հրադադարի պայմաններում՝ ամեն վայրկյան այն խախտող  վայրագ հարևանի հետ: Միակ ակնառու փոփոխությունը  կոռուպցիայի դեմ  հայտարարված անխնա պատերազմն էր, որը հանրության սրտին մեծ սպեղանի լինելով հանդերձ բյուջեն  ափեափ չլցրեց:

Դժվար է հավատալ, որ  ինչ-որ  խորքային փոփոխություններ են առկա  այն պայմաններում, երբ  փաստացի շարունակվում է նախորդ իշխանությունների վարած արտաքին  քաղաքականությունը՝ բարեկամ-դաշնակից- հակոտնյա պետությունների նույն դրվածքով… Երբ հեղափոխական նախարարները կտրում են նախորդների կապած կարմիր ժապավենները… Երբ հաղթական ավարտին են հասցվում տարիներով մշակված և իրագործված նախագծերն ու միջոցառումները՝  օրինակ  Առաջին Հանրապետության 100-ամյակը, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, Երևանի 2800-ամյակը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Արմենիա» ցուցահանդեսը և այլն, և այլն…
Այսինքն՝ ոչ մի կարդինալ փոփոխություն չի եղել… ընդամենը անձինք են փոխվել, անձինք, ովքեր  խոստացան արմատախիլ անելով ստվերն ու կոռուպցիան՝ ծաղկեցնել Հայաստանը: Բայց ինչպես ցույց են տալիս արագընթաց զարգացումները՝ «սիրո և  հանդուրժողականության» շղարշի տակ   արդեն  պարզորոշ երևում են բռնապետության ճիրանները: 
Հիմա  ո՞րն  է հակահեղոփոխականությունն այս պարագայում:
Դարձյալ ըստ Վիքիպեդիայի՝ հակահեղափոխությունը  դիմակայություն է մինչ հեղաշրջումը եղած նախկին համակարգի պահպանման կամ վերականգման օգտին… 

Քավ լիցի…
Հակահեղափոխական ասելով իհարկե միանգամից Հանրապետականներին են հիշում, հոկտեմբերի 2-ից հետո նաև՝  ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին: Ավելին՝   վարչապետն արդեն  պաշտոնապես հայտարարեց,  որ Հայաստանում կա հակահեղափոխություն  և «….Հայաստանի քաղաքական դաշտից պետք է արմատախիլ անել այն ուժերը, որոնք աջակցել են հակահեղափոխությանը»:
Մի կողմ թողնելով  վարչապետի վիճահարույց հայտարարությունը, ասենք, որ այս ամենը քաղաքական պայքարի անբաժանելի մասն է՝ առճակատումներով, փոխադարձ  պիտակավորումներով, բանակցություններով, զիջումներով, սպառնալիքներով և նման բազմաթիվ այլ իրարամերժ  դրսևորումներում լի քաղաքական կյանքը: Անկեղծ ասած, իրենց գործը դա է…

Խոսքն  այն  քաղաքացիների մասին է,  ովքեր հին իշխանությունների վերադարձը բնավ  չեն ցանկանում, բայց  չեն ուզում նաև երկրի  անկմանը նպաստող ուժերի կողքին լինել, քանի որ հինգ ամիսների ընթացքում Հայաստանում տեղ գտած ցինիկ արշավները եկեղեցու, ավանդական և ազգային արժեքների դեմ, սորոսածին ՀԿ-ների, միասեռականների  և աղանդավորների ակտիվացումը  հաստատեցին այն կասկածները, որ գովերգած այս «թավշյա հեղափոխությունը» ընդամենը Եգիպտոսում, Իրաքում  Վրաստանում, Ուկրաինայում և այլուր  իրականացրած   գունավոր հեղափոխություների շղթայի հերթական դրվագն է:  Աստված տա, սխալված լինենք ես ու  իմ նման մտածողները… բայց մինչև սխալն ու ճիշտը պարզվելը այս կերպ  մտածող  քաղաքացիներս և՞ս հակահեղափոխականներ ենք  դիտվելու միմիայն սեփական դիրքորշում ունենալու համար:

Բայց չէ՞ որ այդ իրավունքը Սահմանդրության 3-րդ հոդվածով  է ամրագրված.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և  ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և  քաղաքացու հիմնական իրավունքներով և  ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Իսկ 8-րդ հոդված 1 կետով  Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:
Հետևապես  ՀՀ-ում յուրաքանյուր մարդ ունի սեփական տեսակետն ունենալու սահմանադրական  իրավունք: 

Եվ, արդ, ի՞նչ  պատիժ է սահմանված Հայրենիքը սիրելու և  Սահմանադրությանը հետևելու համար… գնդակահարությու՞ն, կախաղա՞ն, աքսո՞ր… Նոր Հայաստանից արտաքսում օրինակ Նոր Զելանդիա՞…

Լիա Իվանյան

Գրող, հրապարակախոս

Աղբյուրը՝ Panorama.am

 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ