25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շնորհակալություն, հարգելի վարչապետ, որ թույլ ես տվել կենդանի մնալ. Էդուարդ Շարմազանով

lragir.am-ի  զրուցակիցն է զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանկոֆոնիայի օրերից հետո ինքը հրաժարական կտա, և Ազգային ժողովը երկու տարբերակ ունի՝ կամ ընտրել նոր վարչապետ, կամ գնալ ընտրությունների։

-Նիկոլ Փաշինյանի իրավունքն է՝ երբ ուզի կարող է հրաժարական տալ։ Մինչև մայիսի 8-ը նա ազատ է ամեն ինչ անելու, և խորհրդարանն այստեղ անելիք չունի։ Ինքն ընտրված վարչապետ է, ԱԺ-ն մեկ տարվա ընթացքում նրան անվստահության չի կարող ենթարկել։ Այլ խնդիր է, որ գալիս, ասում ես՝ հուշագիր ստորագրեք, բանակցում ես մայիս-հունիսի վրա, հաջորդ օրը գալիս, ասում ես՝ որոշել եմ դեկտեմբերին ու առաջարկում ես հուշագիր ստորագրել, որ դեկտեմբերին պետք է մարդ չառաջադրեք։ Սա քաղաքական բանակցությո՞ւն է թե՞ ղազագիր։ Քաղաքական գործընթացները ոչ այսօր են ավարտվում, ոչ էլ վաղը։ Հայաստանը ունեցել է Նիկոլ Փաշինյանից ավելի ժողովրդական, ավելի մեծ լեգիտիմություն ունեցող, ավելի խելացի և ուժեղ գործիչների, որոնց քամահրական վերաբերմունքը քաղաքական օպոնենտներին և քաղաքական ինստիտուտներին, առաջին իսկ առիթով ողբերգական են անդրադառնում հենց այդ մարդկանց քաղաքական ճակատագրերի վրա։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ Նապոլեոն Բոնապարտից կամ Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի հզոր տղա է, հաստատ սխալվում է։

Մենք ասում ենք՝ չի կարելի Սահմանադրությունը մի կողմ դնել, չի կարելի Ազգային ժողովին արհամարհել։ Պարզ է, որ մենք այլևս չենք ասում 2022 թվականին պետք է լինեն հաջորդ ընտրությունները։ Այդ բանակցությունների արդյունքում ՀՀԿ-ն վերանայեց իր դիրքորոշումը, համաձայն է ընտրություններն անցկացնել հունիսին։ Դա ինքնանպատակ չէ, Փաշինյանն ինքը հայտարարել է, որ պետք է լինեն Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններ։ Հիմա այդ երկուսից ոչ մեկը չկա։ Էյֆորիայի փաստարկը հանում եմ։

Ինքը հայտարարում է, որ էյֆորիան կտևի 15 տարի, կարող է 50 տարի տևել, կարող է տևել երկու օր, քաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում, և Աստված չանի, որ միշտ էյֆորիա լինի։ Բայց ինքը երկու բան է առաջարկել՝ Ընտրական օրենսգիրք և կուսակցությունների մասին օրենք, ոչ մի բան չի արել։ Երկրորդ, Փաշինյանի փաստարկներից մեկն այն է, որ կառավարությունը խորհրդարանում չունի մեծամասնություն։ Այո, ճիշտ ես ասում, պարոն վարչապետ, այլևս չունի։ Բայց մայիսի 8-ին էլ չունեիր մեծամասնություն, ինչպես դու ես ասում՝ 4 նվիրված պատգամավոր ունեիր, բա էն ժամանակ ո՞նց էիր առաջադրվում։ Էն ժամանակ վարչապետ չդառնայիր, գնայիր արտահերթ ընտրությունների։ Թե՞ ձեզ պետք էր պետական ռեսուրսները, ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն, ոստիկանությունը, նախարարությունների ռեսուրսները: Դա՞ էր պետք։

-Վարչապետը Ազգային ժողովում հայտարարեց, որ որոշ կուսակցություններ գնում են ինքնասպանության, ինքնասպանությունները շարունակվում են։

-Էդ կուսակցությունների դարդը թող վարչապետը կամ որևէ մեկը չլացի։ Կգնա՞ն ինքնասպանության, թող գնան, ժամանակը ցույց կտա։ Վարչապետը պետք է դուրս գա իր այդ դերից։ Մինչև հիմա ՀՀԿ-ն էր խանգարում, հիմա սկսեց Ազգային ժողովը խանգարել։ Թող ինքն իր գործն անի։ Ասում է՝ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, ներդրումներ չեն լինում։ Ծիծաղելի է այդ փաստարկը։ Թող մի ներդրողի անուն ասի, որն ասում է՝ ժողովուրդ ջան, ես պատրաստ եմ այս ներդրումն անել, բայց վատ ԱԺ-ն է խանգարում։ Նման բան ասող կա՞։

Հասկացանք, լեգիտիմություն ունեք, հասկացանք, Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթել եք, բայց կարիք չկա, պարոն վարչապետ, քաղաքական հաջողություններից գլխապտույտի մեջ ընկնել։ Այդ գլխապտույտը բազմաթիվ գործիչների քաղաքական վախճանի պատճառ է դարձել։ Մի քիչ զարմանալի է, որ ես եմ դա ձեզ ասում, մի  քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, որը նաև շատ սխալներ է արել և ժամանակին, կարող է, գերագնահատել է իր հնարավորությունները, բայց սա է իրականությունը։

Ամեն րոպե գալ ասել՝ ժողովուրդը մեզ հետ է, հասկացանք, որ ձեզ հետ է, դրա համար էլ պայմանավորվում ենք, որ մայիսին անենք ընտրությունները։ Դրա համար որևէ մեկը չէր ասում՝ արտահերթ չի լինելու։ Որևէ մեկը պայման չէր դրել։ Մենք ասել ենք՝ արի մեզ համոզիր, որ եթե այդ գործը կարող ես անել մինչև դեկտեմբեր, արա դեկտեմբերին։ Բայց եթե այդ գործը մինչև մայիս չես կարող անել, ինչո՞ւ ես պետությունը դնում վտանգի տակ։

-Այսինքն՝ դուք չեք գնալու զիջումների և դեկտեմբերին չեն լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր։

-Ո՞նց կարող է չլինել, դա մեզնից չի կախված, գնդակը վարչապետի դաշտում է, հերիք է մեզ վրա գցեք։ Եթե վարչապետը հրաժարական է տալիս, մենք մտնում ենք կամ նոր վարչապետի ընտրության փուլ, կամ արտահերթ ընտրությունների փուլ։ Մենք մտնում ենք նոր քաղաքական իրավիճակի մեջ, ու դա կախված է բացառապես վարչապետից։

 -Այդ դեպքում դուք նոր վարչապե՞տ եք ընտրելու, թե՞ գնալու եք արտահերթ ընտրությունների։

-Ես այս պահին պատրաստ չեմ որևէ բան պատասխանել, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել, ես չեմ կարող որևէ բան ասել։ Քանի դեռ մենք քննարկում չենք ունեցել, որևէ բան չեմ կարող ասել։ Մենք ինքնանպատակ ոչ թեկնածու ենք առաջադրելու, ոչ էլ ինքննպատակ պատգամավորի մանդատ ենք պահելու։

-Իսկ վարչապետի թեկնածուի հարց քննարկե՞լ եք, ունե՞ք թեկնածու։

-Ոչ, չի քննարկվել, նման բաներ չկան։ Այսօր թիվ մեկ խնդիրն այն է, որ նախօրեին Ազգային ժողովի նկատմամբ տեղի է ունեցել հակաիրավական գործընթաց։ Գործադիրն ուղղակի ճնշել է օրենսդիրին, մտել է օրենսդիրի գործառույթների դաշտ, ինչն անթույլատրելի է։ Երկրորդ, հասկացանք, որ ժողովուրդն իր հետ է, բայց ես չեմ պատրաստվում ղազագրի փաստաթուղթ ստորագրել։ Ի՞նչ է նշանակում՝ փաստաթուղթ ստորագրել, որ դեկտեմբերին են լինելու ընտրւթյունները։ Ես պատրաստ եմ արժանապատիվ բանակցությունների, բայց մարդն ասում է՝ ես եկել եմ իրազեկման։ Թիվ մեկ խնդիրը ցնցումների չգնալն է, մենք չունենք ցնցումների տանող հայրենիք։

Մենք նույն երկրի քաղաքացի ենք, մենք սպառել ենք առճակատման գնալու բոլոր հնարավորությունները և պետք է իրար լսենք։ Բայց երբ դիմացինդ քեզ չի լսում, դու ամեն ինչ ասում ես, ինքն ասում է՝ ես որոշել եմ այսպես։ Բա եթե որոշել ես, ինչի՞ ես եկել Ազգային ժողով, եկել ես, որ անձա՞մբ իրազեկես։ Եկել ես, որ թվացյալ բանակցությունների տպավորություն ստեղծե՞ս, որ ասես՝ վայ, միջազգային հանրություն, ես փորձեցի, էն բոբո ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չհամաձայնեցին։

Բանակցություն չի եղել որպես այդպիսին։ Եղել է իրազեկում և զրույց տարբեր հարցերի շուրջ։ Տարբեր պատգամավորներ տարբեր բաներ էին առաջարկում կապված կուսակցությունների մասին օրենքի, ընտրական օրենսգրքի վերաբերյալ, Արմեն Ռուստամյանը խոսում էր սուպերվարչապետական համակարգի մասին։ Ինչ ասում էինք, ասում էր ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին։ Այդպես ո՞նց կլինի։ Երբ իրենք ընդդիմադիր էին, մեղադրում էին Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններին, որ հապճեպ օրենքներ են բերում։ Եթե երեխան 9 ամսում է ծնվում, ո՞նց կարող է երկու ամսում ծնվել։ Ինձ համար մի բան է ակնհայտ, որ Երևանի ընտրություններում մեծ հաջողությունից հետո վարչապետը իր մեջ քաղաքական որոշում է կայացրել, որ պետք է ԱԺ ընտրությունները դեկտեմբերին լինեն։ Թե մնացած քաղաքական ուժերին հարմար է, հարմար չի, Ազգային ժողովն ինչ է կարծում, հետաքրքիր չի։ Դրա սահմանադրական ճանապարհը կա՝ հրաժարական է տալիս, ժողովրդին կբերի փողոց կամ չի բերի, մարդկանց կասի հակահեղափոխականներ և այլն։

Քաղաքական դիսկուրս որպես այդպիսին չկա վարչապետի և ԱԺ-ի միջև։ Էական չէ, թե վաղն ով ինչքան տոկոս կհավաքի, էականն այն է, որ Ազգային ժողովը որպես կառույց, որպես անկախ մարմին, լուրջ միջամտության ենթարկվեց գործադիրի կողմից, ինչն անթույլատրելի է։ Դա ուղղակի միջամտություն է ԱԺ պատգամավորների աշխատանքին։ Այդ պաշարումը, որ տեղի ունեցավ, լավ բան չէր։ Քիչ էր մնում վարչապետը ասեր՝ շնորհակալություն հայտնեք, որ ժողովրդին թույլ չեմ տվել, որ ձեզ ծեծեն։ Ամբիոնից համարյա դա էր ուզում ասել։ Ի՞նչ պետք է անեիք, սպանելո՞ւ էիք, հասկացանք, բոբո Շարմազանովին սպանեք։ Եթե ստրկատիրական նախնադարյան հասարակարգի մակարդակն է ձերը… այսինքն ես ԱԺ փոխնախագահ եմ, ՀՀ քաղաքացի եմ ու անընդունելի է, որ իմ երկրի վարչապետը այդպես է խոսում։

Քիչ էր մնում ասի՝ ինձ շնորհակալություն հայտնեք, որ երեկ ձեզ թույլ եմ տվել դուրս գալ շենքից, որ իմ շնորհիվ ժողովուրդը ձեզ չծեծեց։ Ծեծեք, վախեցող չկա։ Ծեծեք, սպանեք։ Պատգամավորների վրա հարձակվում են, ինքը տեղյակ չի, պատգամավորին սադրանքի են ենթարկում, որոշակի թեմա է լինում, ինքն իր ելույթի 5 րոպեն նվիրում է այդ պատգամավորին։ Բա որ կին պատգամավորի վրա հարձակվել են, Աշոտյանը հարց է տալիս, դրանից տեղյակ չի։ Այսինքն՝ Միհրան Պողոսյանի դեպքի մասին ձեր խմբակցությունը տեղյակ էր, Ռուզան Առաքելյանի դեպքի մասին տեղյակ չէր, այդ ինչպե՞ս է լինում։ Դա կրկնակի ստանդարտ չի՞։ Երեկ այստեղ ասում են շատ սադրանքներ են եղել, ասում են ԱԺ-ի պատուհաններ են ջարդվել, գույքն է վնասվել, մեքենաների անիվներն են ծակել։ Հիմա շնորհակալություն, հարգելի վարչապետ, որ թույլ ես տվել մեզ տուն հասնել կամ թույլ ես տվել կենդանի մնալ։ Էս ո՞ւր հասանք։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ