19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտություն է հայտնում վարչակազմին եւ Կոնգրեսի անդամներին

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտ է վարչակազմին եւ Կոնգրեսի անդամներին իրենց նախնական հայտարարությունների համար` ի պատասխան այն նորություններին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպային կացինով սպանելու համար մինչ վերջինս քնած էր. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Երկու սպաները Հունգարիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի 2004թ. “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրին:

Ազգային Անվտանգության Խորհուրդն ուրբաթ օրը հայտարարություն տարածեց` ընդգծելով նախագահ Օբամայի խորին մտահոգությունները եւ նշելով, որ “այդ որոշումը հակասում է լարվածության թուլացմանը եւ հաշտեցման համար գործադրվող ջանքերին տարածաշրջանում”: Պետքարտուղարությունը նույնպես հայտարարություն տարածեց, որում ասվում էր.”Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է այն նորության կապակցությամբ, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին. ով Հունգարիայից փոխանցվելուց հետո այսօր ժամանել էր Բաքու: Սաֆարովը հունգարական բանակում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար”:

Համագումարը, մտահոգված այն նորությունից, որ Ադրբեջանը գործի է դրել իր ֆինանսական պաշարները եւ թուրքական ազդեցությունը Սաֆարովի հայրենադարձությունն ապահովելու համար եւ ավելին` որ Սաֆարովը վերահաստատվել է եւ ստանձնել ավելի բարձր կոչում բանակում: Համագումարը, ինչպես բարեխիղճ մյուս անձիք, կաշխատի այս ողջ գործի լիակատար մերկացման ուղությամբ: Սաֆարովը թուլամորթ ահաբեկչություն իրագործեց` սպանելով մի մարդու, ով անպաշտպան քնած էր, եւ Ալիեւի կողմից նման արարքի պարգեւատրումը լիովին ապացուցում է այն, որ Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության սպասնալիք է: Այն նաեւ միանշանակորեն հաստատում այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի դեպքում չպետք է ենթարկվի ադրբեջանական որեւէ տեսակի կառավարման:

Հայկական կոնգրեսական խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոուն Կրտսերը դատապարտեց Ադրբեջանի նախագահի` մարդասպանին ներում շնորհելու քայլը. “Ինձ խիստ զայրացնում են Ադրբեջանի կառավարության անխոհեմ գործողությունները` ներում շնորհելով Ռամիլ Սաֆարովին` ադրբեջանական մի զինվորականի, ով գազանաբար սպանեց անզեն մի հայ զինվորականի Հունգարիայում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված ծրագրի ժամանակ … Նման գործողությունները հարիր չեն կառավարությունը, եթե այն հավատարիմ է արդարությանն ու խաղաղությանը: Ցավոք, ադրբեջանական կառավարության այս քայլերը նպատակ ունեն արդարացնելու բռնությունը Հայաստանի ու նրա ժողովրդի հանդեպ”: Կոնգրեսական Փալոունը նաեւ կոչ արեց Ադրբեջանի կառավարությանը հրաժարվել իր որոշումից:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է. “Ես խիստ ցնցված էի` իմանալով Ռամիլ Սաֆարովի վերադարձի եւ ներման մասին, ով դատապարտվել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար: Հունգարիան, ոտեղ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, եւ Ադրբեջանը պարտավոր են միջազգային հանրությանը բացատրություն տալ արդարադատության նկատմամբ այս սարսափելի ոտնձգության համար: Սա անընդունելի լուծում է խոստովանված ոճրագործության համար”:

“Համագումարը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը”,- նշեց Համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին: “Մենք երախտապարտ ենք վարչակազմի, պետքարտուղարության եւ Կոնգրեսի անդամների կողմից հնչեցված նախնական հայտարարությունների համար: Նախագահ Իլհամ Ալիեւի գործողությունները հանդիսանում են իր հռետորիկայի շարունակությունը, որով նա շարունակում է սպառնալ հայերի դեմ պատերազմի վերսկսում: Հակամարտության վերջին շիկացումը միայն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը”,- հավելեց Արդունին:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ