11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Մինչեւ Փաշինյանը լայվ է, Բաքվում «Ղարաբաղի ազատագրումը» կարգախոսով հանրահավաք են նախապատրաստում

307052_src

Դուշանբեից վերադառնալուն պես  վարչապետ Փաշինյանը լայվ մտավ եւ ինչպես խոստացել էր՝ մանրամասներ հաղորդեց իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարճատեւ շփումից: Փաշինյանն արձանագրեց, որ այս անգամ խոսակցությունն առարկայական էր եւ, որ մի քանի կարեւոր կետեր արձանագրեցին:

«Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և  սահմանային  միջադեպերը  կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- հայտարարեց  Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ այս մասին տեղյակ է պահել Արցախի նախագահին, հանձնարարականն ու համապատասխան հրամանն էլ արդեն  տվել է զինված ուժերին: Փաշինյանն արձանագրեց, որ նախորդ գիշերը, իր վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղն է եղել:  

Վարչապետի խոսքով, Ալիեւի հետ խոսակցության ժամանակ նաեւ բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունն են կարեւորել:  «Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, իսկ թե այն ինչպիսին կլինի տեխնիկական առումով պայմանավորվածություն ձեռք չենք բերել»,-ասաց Փաշինյանը: Վերջում նա ասաց, որ ուրախ է ու հույս ունի,  որ  այդ պայմանավորվածությունները կպահպանվեն, քանի որ  դրանց պահպանումը չափազանց կարևոր է:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում  հրավիրված գագաթնաժոովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների ու դրան հաջորդած Սանկտ-Պետերբուրգի համատեղ հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց: Չասաց, որ Ադրբեջանի նախագահը մինչեւ օրս որեւէ պատրաստակամություն չի հայտնել կյանքի կոչել այս պայմանավորվածությունները, որոնք ինչպես գիտենք, ուղղված էին շփման գծում լարվածության թուլացմանն ու վստահության մթնոլորտի ամրապնդման մեխանիզմների ներդրմանը, ասել է, թե այն նույն նպատակն էին հետապնդում, ինչի շուրջ Ադրբեջանի նախագահի հետ Փաշինյանը Դուշանբեում ոտքի վրա բանավոր պայմանավորվել  եւ ուրախացել է:

Թե ինչու Հայաստանի վարչապետը չհիշատակեց Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի՝ թղթի վրա մնացած պայմանավորվածությունները, դժվար է ասել, գուցե չցանկացավ այդ պայմանավորվածությունների չկատարման այսպես ասած հոռետեսական ֆոնը տարածել իր ու Ալիեւի բանավոր պայմանավորվածության վրա, գուցե պարզապես մոռացավ դրանց գոյության մասին, ասենք այնպես , ինչպես շփոթեց Տաշքենդը  Դուշանբեի հետ կամ, որ ամենահավանականն է, չհիշատակեց, որովհետեւ Ադրբեջանի նախագահի հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել ու այսուհետեւ հին, չկատարված ու թղթի վրա մնացած պայմանավորվածություններն էլ բանի պիտանի չեն՝ ոչինչ, որ դրանք միջազգայնորեն ամրագրված էին, առաջինը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, երկրորդը՝ Հայաստանի, Ադրբեջանի ու համանախագահող երկիր Ռուսաստանի նախագահների ընդունած հայտարարությամբ:

Կարեւորը՝ վարչապետ Փաշինյանը ուրախ էր ու երեւի՝ վստահ, որ նոր պայմանավորվածություններին Իլհամ Ալիեւը հավատարիմ կմնա, որ Բաքու հասնելուն պես չի մոռանա ու կրակելու հրաման չի տա: Գուցե այստեղ էլ, ինչպես վարչապետն է սիրում ասել՝ իրավիճակ է փոխվել ու Իլհամ Ալիեւն իր խոսքին հավատարիմ է դարձել: Գուցե:

 Մինչեւ «իրավիճակի փոփոխությունը» տեսնենք, վաղը՝ սեպտեմբերի 29-ին Բաքվում  «Ղարաբաղի ազատագրման» կազմակերպությունը մտադիր է հանրահավաք անցկացնել: Ադրբեջանի իշխանություններն արդեն արտոնել են հանրահավաքի անցկացումը Բաքվի Մեխսուլ մարզադաշտում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանրահավաքի հիմնական կարգախոսերը լինելու են  «Ղարաբաղի ազատագրումը» եւ  «փախստականների վերադարձը հարազատ վայրեր»:

«Ղարաբաղի ազատագրման» կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագին արդեն հայտարարել է, որ հանրահավաքի գլխավոր նպատակն է ցույց տալ Ադրբեջանի իշխանության եւ ընդդիմության՝   «Ղարաբաղի հարցում ունեցած միասնական դիրքորոշումը»:

Ի դեպ, Փաշինյան-Ալիեւ զրույցին անդրադարձել է նաեւ ադրբեջանական կողմը: Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ զրուցակիցները խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու ,  շփման գծի ու  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով հրադադարի ամրապնդման ու միջադեպերի կանխման հանձնառություն են հայտնել: Ըստ հաղորդագրության՝ կողմերը որոշել են  համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ մշակել:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ