24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանի փողոցներից երթուղայինների վերացման հարցը մեկ ամսում չի լուծվի

Հայկ Մարությանը, որը շուտով կստանձնի Երեւանի քաղաքապետի պաշտոնը, Facebook-ի իր էջում գրել էր, որ մեկ ամսից Երեւանում «գծատերեր» չեն լինի: Թեմայի շուրջ մեզ հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը փաստեց՝ որպեսզի Երեւանի փողոցներից երթուղայինները վերանան, անհրաժեշտ է մայրաքաղաքի ավտոպարկը համալրել նոր շարժակազմերով, եւ այս հարցը չի կարող մեկ ամսում լուծվել: 

Նա նշեց, որ Երեւանի նոր ավագանին փաստացի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքի նոր նախագծի մշակման կարիք չունի, այն արդեն կա, քննարկվել է փորձագիտական խմբի կողմից, որի անդամն է նաեւ Չիլինգարյանը: Ընդ որում՝ այս նախագծի մշակման համար WYG միջազգային քոնսալթինգային ընկերությանը բավականին խոշոր գումար է վճարվել՝ 800 հազար եվրո, եւ նախագիծը փուլ առ փուլ պետք է ներդրվի 2019 թվականից:

«Պետք է տեղի ունենա աշխատանքային խմբի եւս մեկ խորհրդակցություն՝ ծրագրի ծախսային մասը քննարկելու համար, մասնավորապես՝ այն հարցը, թե որքան կարժենա նոր տրանսպորտային միջոցների ներմուծումը, մրցույթով ընտրված քանի տրանսպորտային օպերատոր կլինի: Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կընդունեն նոր ավագանին եւ նոր քաղաքապետը, սակայն հաստատ պետք չէ նոր նախագծի վրա ծախս անել»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:

Նրա կարծիքով՝ ժամանակացույցի խախտումների եւ կրկնակի երթուղիների վերացման նպատակով արդյունավետ տրանսպորտային ցանցի համար անհրաժեշտ է ներդնել երթուղային գծերի առցանց-մշտադիտարկում, եւ այս գործառույթը կարող է կատարել կա՛մ քաղաքապետարանը, կա՛մ իրենք տրանսպորտային օպերատորները, սակայն ցանկացած դեպքում մայրաքաղաքի վարչակազմը պետք է իրականացնի վերահսկողության գործառույթը, որ օպերատորները չընկալվեն որպես «գծատերեր»:

Նա հավելեց, որ մայրաքաղաքային ավտոպարկը, որը մեծ մասամբ կազմված է երթուղայիններից, կարելի է տեղափոխել մարզեր, որտեղ ուղեւորափոխադրումներն այդքան ինտենսիվ չեն: «Երթուղայինները Երեւանին չեն համապատասխանում, առավել եւս, որ այդ «ԳԱԶել»-ները նախատեսված են փոքր բեռնափոխադրումների համար, իսկ մեծ ավտոբուսները, նույնիսկ կցորդով, միանգամայն համապատասխանում են ինչպես մայրաքաղաքի ճանապարհներին, այնպես էլ ուղեւորափոխադրումներին: Ի դեպ, այդպիսի ավտոբուսներ օգտագործվել են խորհրդային տարիներին՝ հայտնի «Իկարուսները»»,- եզրափակեց Կարեն Չիլինգարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ