14 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2018

Միգուցե Մանդելան սխալ էր, Փաշինյանը՝ ճիշտ

ss

Նելսոն Մանդելան աշխարհի ամենահակասական կերպարներից մեկն է, բայց անկախ այդ հակասականությանը Մանդելան հզորագույն քաղաքական ու գաղափարական առաջնորդ էր:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի համապատասխան միջոցառմանը խոսել է Մանդելայի մասին և մոտավորապես ասել, որ Մանդելան իր համար role model ա եղել ընդհանրապես, իսկ իր բանտում եղած տարիներին իրեն մոտիվացրել է “Long Walk to Freedom” գիրքը: Նիկոլը շատ ճիշտ տեսական արձանագրումներ է արել Նելսոն Մանդելայի մասին, բայց գործնականում նրա վարած քաղաքականությունը հազարավոր մղոններով հեռու է Մանդելայի վարած քաղաքականությունից: 

Քանի որ շատերը ոգևորվել են Փաշինյանի արտահայտած մտքերից և ավելի շատերը չեն ճանաչում Մանդելայի արած գործերն ու չեն էլ պատկերացնում, թե ինչ տարբեր են գործնականում Փաշինյանն ու Մանդելան բերեմ մի քանի ակնհայտ տարբերությունների օրինակներ:

Նելսոն Մանդելան իշխանության եկավ ժողովրդավարական ընտրություններով 1994 թվականին, իսկ մինչ այդ Մանդելան 27 տարի բանտում էր անցկացրել: Հարավային Աֆրիկայում երկար տարիներ իշխում էր Ապարտեիդի ռեժիմը, որի պայմաններում երկրի բնակչության մեծամասնությունը հանդիսացող սևամորթները տարատեսակ ճնշումների էին ենթարկվում իշխող սպիտակամորթների կողմից: Ի դեպ շատ հետաքրքիր զուգադիպությամբ Մահաթմա Գանդին իր իրավապաշտպան գործունեությունը երիտասարդ տարիներին սկսել է հենց Հարավային Աֆրիկայում 1900-ականների սկզբին:

Նելսոն Մանդելան բանտում անցկացնելով 27 տարի 1990 թվականին ազատվեց բանտից գործող նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկի կողմից: Դե Կլերկն ու Մանդելան շուրջ 4 տարի միասին բանակցում էին երկրում սևամորթների և սպիտակամորթների հաշտեցման ծրագրի շուրջ:

Վերջիվերջո 1994 թ-ին Մանդելայի և դե Կլերկի բանակցությունները տվեցին այդքան սպասված արդյունքներն ու Հարավային Աֆրիկայում առաջին անգամ սևամորթներն ու սպիտակամորթները հնարավորություն ստացան հավասարապես իրացնել իրենց ընտրական իրավունքը: Արդյունքում Մանդելան ընտրվեց ՀԱՀ-ի նախագահի պաշտոնում և դարձավ ՀԱՀ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը: 

-Ի տարբերություն Փաշինյանի Մանդելան ընտրությունները չհաղթեց «սև-սպիտակի» քաղաքականությամբ: 

-Ի տարբերություն Փաշինյանի Մանդելան հրապարակային չսպառնաց նախկին իշխաություններին այլ հակառակը` ընտրվելով նախագահի պաշտոնում հավաքեց իր աշխատակազմի բոլոր սպիտակամորթ աշխատողներին (այդ ժամանակ բոլորն էին սպիտակամորթ) և խնդրեց, որպեսզի նրանք շարունակեն ծառայել ՀԱՀ-ին: Նույնը նա արեց կառավարության միջին և ցածր օղակի աշխատակիցների պարագայում ինչը Փաշինյանի դեպքում խիստ տարբեր է:

-Ի տարբերություն Փաշինյանի Մանդելան հասարակության շրջանում «հեղափոխական-հակահեղափոխական» մակարդակի անտոգոնիզմի ու նախկինների վերադառնալու վախի վրա իշխանություն չպահեց և ոչ մեկին ասֆալտներին պառկեցնելու և պատեպատ տալու կոչեր չարեց:

-Ի տարբերություն Փաշինյանի Մանդելան երբեք չասաց «վենդետա չի լինելու», բայց ՀԱՀ-ում վենդետտաներ ու հակառակորդներին բռնել բաց թողնելու արշավ տեղի չունեցավ:

-Վերջիվերջո, ի տարբերություն Փաշինյանի, Մանդելան երբեք «միտինգային ժողովրդավարության» գայթակղությանը չտրվեց և երկրում իր իշխանության տարիներին ստեղծեց իրական ժողովրդավարական կարգեր, իսկ իրեն նախորդած նախագահ դե Կլերկի նկատմամբ որևէ հետապնդում չսկսեց` չնայած նրան, որ դե Կլերկի կառավարությունն ուղղակիորեն ոչնչացրել էր ՀԱՀ-ում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները և սպանել ավելի շատ մարդ, քան երբևէ ՀՀ-ում սպանվել են ներառյալ հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը:

Դե Կլերկին Մանդելան չհետապնդեց ոչ թե նրա համար, որ դե Կլերկը հանցանք չէր գործել, կամ, որ Մանդելան ներեց նրան, այլ այն պարզ պատճառով, որ խաղաղություն և հաշտություն ստեղծելուն դա ուղղակի հակասում էր: 

Հ.Գ. Միգուցե Մանդելան սխալ էր, իսկ Փաշինյանը ճիշտ, բայց խնդրում եմ երբեք մի համեմատեք անհամեմատելին, առավել ևս մի համեմատեք երկու տարբեր մարդկանց իրար հետ, երբ գոնե մեկի կյանքի մասին տարրական գիտելիքներ չունեք: Իսկ Փաշինյանը թող շարունակի մեր երկիրը և իրեն դրսում ներկայացնել այնպես ինչպես ուզում է, միևնույն է աշխարհը շատ լավ հասկանում է այն ինչ Հայաստանում չեն հասկանում շատ շատերը: Մնացեք բարյավ: 

Նարեկ Սամսոնյան

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ