16 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Ով չէր պաշտում, հայտնվում էր «հակաների» ցուցակում և պատժվում, բնականաբար՝ ժողովրդի անունից

87987_b

Անգլիայի լեգենդար վարչապետ Չերչիլն ասում էր, որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ համակարգն է, բայց մարդկությունը դեռ ավելի լավ բան չի հորինել։ Չերչիլն ուզում էր ասել, որ մյուս համակարգերի հետ համեմատության մեջ է ժողովրդավարությունը լավը։

Ժողովրդավարության հակադիր մոդել է համարվում միապետությունը։

Ժողովրդավարության ու միապետության արանքում կարելի է տեղավորել ավտորիտար ռեժիմների տարատեսակները։

Ժողովրդավարության պայմաններում համարվում է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է իր քվեով։

Ժողովրդավարությունը ենթադրում է ազատ ու մրցակցային տնտեսաքաղաքական հարաբերություններ, մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատարաններ, ազատ ու անկախ մամուլ, գործատուների և աշխատողների գործընկերային հարաբերություններ, փոքրամասնության իրավունքների պաշտպանություն և օրենքի գերակայություն։

Ժողովրդավարությունն ունենում է նաև խեղաթյուրված դրսևորումներ։ Դա բռնապետությունն է կամ տոտալիտար՝ ամբողջատիրական քաղաքական համակարգը։ Աշխարհի ոչ մի բռնապետական կամ ամբողջատիրական իշխանություն չի հայտարարում, որ ինքը հակաժողովրդավարական է։ Ճիշտ հակառակը՝ որքան ուժեղ է բռնապետությունը և որքան խիստ ամբողջատիրական իշխանությունը, այնքան շատ է օգտագործվում «ժողովրդավարություն» եզրը և այնքան շատ է տվյալ տիպի իշխանության կրողը հանդես գալիս ժողովրդի անունից։

Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմները հաստատվում են հիվանդ հասարակություններում։ Այդպիսի ռեժիմների հաստատումը տեղի է ունենում տարիներ շարունակ կուտակված խնդիրների դեմ ռեակցիայի արդյունքում։ Պարադոքսն այն է, որ դուրս գալով ստրկության, ճնշումների ու անարդարության դեմ՝ բռնապետության կամ ամբողջատիրության հումք հանդիսացող զանգվածը, շատ հաճախ, հայտնվում է է՛լ ավելի մեծ ստրկության, ճնշումների և անարդարության մեջ. փոխվում է ձևը, բայց ոչ բովանդակությունը։

Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմների ձևավորման հիմքում ատելությունն է, որն ունենում է ազգային, դասակարգային կամ սոցիալական բնույթ։

Բռնապետությունները զուտ հռետորաբանության առումով, որպես կանոն, ամենաժողովրդավարականներն են լինում։ Ժողովրդավարական ընտրություններով են ձևավորվել ֆաշիստական Գերմանիայի իշխանությունը, բոլշևիկյան Ռուսաստանի իշխանությունը, մահմեդական շատ երկրների իշխանությունները։ Հիտլերը, Մուսոլինին, Տրոցկին, Լենինը, Ստալինը ունեին գերբարձր լեգիտիմություն։ Նրանց ոչ թե հարգում էին, այլ՝ պաշտում։ Ով չէր պաշտում, հայտնվում էր «հակաների» ցուցակում և պատժվում, բնականաբար՝ ժողովրդի անունից։

ՍՍՀՄ–ում «հականերին» տվել էին «ժողովրդի թշնամի» պիտակավորումը։ Սովետական ամբողջատիրական ռեժիմում մի տարածված երգ կար, որի բառերից էին. «Я другой такой страны не знаю, где так вольно дышит человек» (ես ոչ մի նման այլ երկիր չգիտեմ, որտեղ այսքան ազատ շնչում է մարդը)։ Եվ դա այն դեպքում, երբ բոլշևիկները միլիոնավոր քաղաքացիների էին գնդակահարում և գուլագներում հսկայական զանգվածների էին բռնաճնշումների ենթարկում։

Ընդունված է ասել, որ ժողովրդավարության պայմաններում ստանում ենք օրենքի դիկտատուրա, բայց կան դեպքեր, երբ ստանում ենք դիկտատուրա՝ առանց օրենքի։

Որպես կառավարման ձև՝ ժողովրդավարականին առավել մոտ է համարվում խորհրդարանական կառավարումը, բայց չպետք է մոռանալ, որ խորհրդարանական էին նացիստական Գերմանիան և բոլշևիկյան ՍՍՀՄ–ը։ Երկուսի մոտ էլ գործադիր իշխանությունը ձևավորվեց հանրային լեգիտիմությունը կորցրած խորհրդարանների վրա ճնշման արդյունքում։ Հիտլերն ու Լենինը (հետագայում՝ Ստալինը), ունենալով հանրության անվերապահ ու կույր աջակցությունը, ամբողջությամբ վերցրեցին իշխանությունը բոլոր ճյուղերում և ձևավորեցին «ժողովրդի իշխանություն»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում, ըստ Սահմանադրության, ժողովրդավարական հարաբերություններ են և ընտրված է կառավարման խորհրդարանական ձևը։ Գործադիր իշխանության ղեկավարն այժմ ունի  գերլեգիտիմություն։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն մեզանում և ուր կտանի մեզ հայկական հեղափոխությունը, պարզ կդառնա առաջիկայում։

Մեկ բան ակնհայտ է, որ մեզ մոտ կայացած չէ կուսակցական համակարգը։ Չկայացած կուսակցական համակարգի պայմաններում քաղաքական ինստիտուտները փոխարինվում են անհատներով և կառավարման որակները կախված են լինում բացառապես անհատների որակներից, պատկերացումներից և աշխարհայացքից։

Առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են…

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ