19 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

ՀՀ վարչապետի սիրո ուղերձը ՄԱԿ-ի գագաթաժողովին /տեսանյութ/

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին: Միջոցառման մասնակիցները նախ արարողակարգային լուսանկարահանման են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո սկսվել են աշխատանքային քննարկումները:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը, որին ներկա են եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքային քննարկումներին մասնակցող բազմաթիվ պետությունների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ։ Այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է»․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում՝ Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովին

Ելույթն ամբողջությամբ՝ ստորև։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջույնի խոսքով դիմել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին, որը ոգեկոչում է այդ սրբադաս քաղաքական առաջնորդի հարյուրերորդ տարեդարձը: Մանդելայի կերպարը խորհրդանշում է խաղաղություն և մարդկային արժանապատվություն, միաժամանակ մարմնավորելով աննկուն պայքար և կարեկցանք:

Նրա անունը խորապես արմատավորված է մեր հավաքական հիշողության մեջ որպես ռասիզմի և խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ, արդարության և հավասարության ջատագով:

Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը:

Տիկնայք և պարոնայք, ընդամենը կես տարի առաջ Հայաստանի ժողովուրդը մերժեց վախը, ընդվզեց անարդարության դեմ և դուրս եկավ փողոց՝ պահանջելու իր հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը: Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ:

Իսկ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է: Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի այդ նշանավոր քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, որը պիտի փոխեր իր երկիրը և իհարկե իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները: Ինչպես Մանդելան մի առիթով ասել է. «Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ: Քաջ մարդը ոչ թե նա է, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է այդ վախը»: Այս խոսքերը, որ մեծապես ազդել են իմ գիտակցության վրա, նպաստել իմ քաղաքական ինքնության և տեսլականի ձևավորմանը, ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական «քայլարշավը հանուն ազատության» իմ երկրի քաղաքներում և այլ բնակավայրերում:

Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը:

Տիկնայք և պարոնայք,
Ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ, ցավոք սրտի, արյունոտ հակամարտությունները, կոռումպացված կառավարման համակարգը և մարդկանց միջև թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունն ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը: Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում: Հույս ունեմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը բացառելու է ռազմական գործողությունները, պատերազմների և ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով և անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և հաշտեցմանը:

Տիկնայք և պարոնայք,
Այս տարի մենք նշելու ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման յոթանասուներորդ տարեդարձը:

Սա մեզ ևս մեկ հնարավորություն է ընձեռում խորհելու այն մասին, թե ինչու առայսօր մարդկությունը պաշտպանված չէ խտրականությունից, անհանդուրժողականությունից, այլատյացությունից, հալածանքից և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններից:

Նելսոն Մանդելայի կյանքն ու պայքարը մեզ հուշում են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ և ինչ կարելի է անել, քանզի նա քարոզում էր, որ «ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար …, և եթե մարդիկ կարող են սովորել ատել, ուրեմն նրանց կարելի է նաև սովորեցնել սիրել միմյանց:

Շնորհակալություն»:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ