23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝  կապված  «Yerevan.Today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկության հետ։

«Սեպտեմբերի 17-ին  «Yerevan.Today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի և 19-ի պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ «…խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը…»։ Թեև խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված այնպիսի կարևոր գործի հետաքննությանը, ինչպիսին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն է, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանումը կարելի է ընկալել միայն որպես հավաստիացում, որը պետք է ամրապնդվի ծանրակշիռ փաստերով և հիմնավորումներով։ Քանի դեռ դրանք չկան, մենք հայտարարում ենք, որ.

Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելիս իրավապահ մարմինները պարտավոր են առավել նրբանկատություն դրսևորել և հաշվի առնել, որ սարքավորումներ առգրավելը և օրեր շարունակ պահելը խափանում է ԶԼՄ-ի աշխատանքը և սահմանափակում է լսարանի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը,

Իրականացված խուզարկության համար հիմք կարող էին ծառայել միայն համապատասխան օպերատիվ տեղեկությունները, բայց ոչ՝ լրատվամիջոցի հրապարակումները,

Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը և սպառնալ տեղեկատվության աղբյուրների պաշտպանվածությանը,

Չի կարելի անտեսել խուզարկության՝ լրատվամիջոցի համբավի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, ինչպես նաև լրատվական դաշտում ավելորդ զգուշավորություն առաջացնելու վտանգը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

Քննչական կոմիտեից՝ փորձաքննության ավարտից անմիջապես հետո հրապարակել դրա հիմնական արդյունքները, ինչից պարզ կդառնա, թե որքանով էին ՀՀ ոստիկանության և ՀՔԾ-ի գործողություններն անհրաժեշտ և համաչափ,

Ոստիկանությունից և ՀՔԾ-ից՝ հնարավորինս շուտ խմբագրությանը վերադարձնել համակարգիչը և հիշողության կրիչները, քանի որ, կարծում ենք,  պրոֆեսիոնալ գործողությունների պարագայում իրավապահները կարող էին 3 օրվա ընթացքում ավարտել «Yerevan.Today»-ի հետ կապված փաստերի ու հանգամանքների ուսումնասիրությունը,

Դատախազությունից՝   պատշաճ վերահսկողություն սահմանել ոստիկանության և քննչական մարմինների գործողությունների նկատմամբ՝ կապված «Yerevan.Today»-ում իրականացված խուզարկության հետ՝ քննության առարկա դարձնելով նաև այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մատնանշած խախտումները։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել նախաքննության ընթացքին ու իրադարձությունների զարգացումներին և մեր դիրքորոշումն ու գնահատականները հայտնել հանրությանը»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈւԼԻ ԱԿՈւՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈւՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈւԹՅԱՆ ԱԿՈւՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈւՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈւԼԻ ԱԿՈւՄԲ

«ԻՐԱՎՈւՆՔԻ ՈւԺ» ՀԿ

 «ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՀԿ

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ