28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտակ Զեյնալյանը այս ընտրություններում իր շանսերը շատ բարձր է գնահատում

f5b7bccbf371eb_5b7bccbf375d9.thumb

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքում հակված չեն կարծելու, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 10-ի ելույթը որեւէ կապ ունի իրենց հետ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ քարոզարշավի ժամանակ,  նման կարծիք հայտնեց դաշինքի շտաբի պետ Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք՝ վարչապետը նախօրեին հայտարարել էր, թե կան քաղաքական ուժեր, ովքեր հեղափոխության անունն են շահարկում, բայց կուլիսներում ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերում: Վարչապետը նաեւ հավելել էր, որ ՀՀԿ-ն ում կողքին կանգնի, այդ ուժը կվարկաբեկվի:

«Կիսում եմ պարոն Փաշինյանի մտահոգությունը եւ այդ սատարման գործոնը չի աշխատելու: Մարդիկ ում կողքին տեսնեն Հանրապետական նախկին ընտրակաշառք բաժանողներին, այդ ուժը կվնասվի»,- նշեց Խաժակյանը: Իսկ «Լույս»-ի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը  նույն հարցին խուսափողական պատասխան տվեց. «Ես ժամանակ չեմ ունեցել ելույթը լսել եւ ընկալել ամբողջությամբ: Ձեր փոխանցածի վերաբերյալ կարծիք չեմ կարող ասել: Ես կասեմ հետեւյալը, որ Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա անհրաժեշտություն է»:

Արտակ Զեյնալյանը այս ընտրություններում իր շանսերը շատ բարձր է գնահատում: Հարցին, եթե չընտրվի քաղաքապետ, պատրա՞ստ է որպես ավագանու անդամ մնալ ավագանու կազմում, Զեյնալյանը փիլիսոփայական պատասխան տվեց: «Ես ընտրում եմ Երեւանը: Որքանո՞վ է շնորհակալ գործ, որ ես իմ շանսերը գնահատեմ: Ես եւ իմ թիմը իմ ընտրվելու շանսը բնականաբար շատ բարձր ենք գնահատում: Կարծում եմ, որ քաղաքական պայքարին մասնակցող ցանկացած ուժ հենց այս պատասխանն էլ պետք է տա»:

Արտակ Զեյնալյանի շտաբի պետ Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ եթե համագործակցության առիթ լինի, ապա «Լույս» դաշինքը կհամագործակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: «Այդպիսի քննարկում չենք ունեցել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը համարում ենք բարեկամ, գործընկեր կուսակցություն: Համարում ենք, որ մենք մեկ քաղաքական ընտանիքին ենք պատկանում: Անկախ ընտրությունների արդյունքներից՝ կհամագործակցենք խնդիրների լուծման շուրջ»:

Դավիթ Խաժակյանը չի կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործոնը անհավասար մրցակցություն է ստեղծում քաղաքապետի թեկնածուների պայքարում: Հարցին՝ վարչապետի վարկանիշն արդյո՞ք փոխում է խաղի կանոնները, Խաժակյանը պատասխանեց. «Օրենքը սրան չի հակասում, եթե օրենքի առումով խնդիր չկա, ապա մենք էլ խնդիր չպետք է տեսնենք»:

«Լույս» դաշինքն ընտրվելու դեպքում խոստանում է ապահովել ժամանակակից տրանսպորտային համակարգ, ճանապարհային բեռնաթափում, վերելակային տնտեսության բարեկարգում, ինչպես նաեւ խոստանում է ներդնել քաղաքապետարանի գործունեության թերացումների արդյունքում բնակիչներին հասցված վնասների փոխհատուցման համակարգ: Դավիթ Խաժակյանը նշեց, որ Երեւանում վերելակները, ավտոբուսները եւ փողոցների անցումները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Նոր ավտոբուսները, որոնք ձեռք կբերվեն, պետք է ունենան հարթակներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Առ այսօր կան բարեկարգման աշխատանքներ, որոնք չեն ներառում շենքի մատչելիությունը, եթե ներառում էլ են, ապա միայն առաջին հարկերին: Սա վերաբերվում է նաեւ վարչական շենքերին: Կարծում եմ, որ ավագանին այստեղ գործ ունի անելու, Երեւանի ՏԻՄ օրենքը թույլ է տալիս, որ ավագանին կարող է խստացնել պահանջները, որպեսզի շենքը 100 տոկոսով լինի մատչելի: Վերելակների դռները նեղ են, սայլակները չեն կարողանում մուտք գործել: Նոր վերելակային տնտեսության դեպքում պետք է հաշվի առնել մուտքերի լայնացումը: Ճիշտ է, սա ծախսերը շատացնում է, բայց լուծվում է հստակ խնդիր»,- ասաց նա:

Քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկն էլ բարձրաձայնեց այն մասին, որ միայն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիությունն ապահովելու մասին է խոսք գնում: «Արդյո՞ք տրանսպորտը, վերելակը եւ փողոցը հարմար է լինելու տեսողության, լսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար»,- հարցրեց ներկաներից մեկը:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ, օրինակ, վերելակների հագեցվածությունը քաղաքացու նշած չափանիշներով ապահովելը ենթադրում է ավելի շատ ծախսեր: «Դա լինելու է փուլային, մենք առաջարկում ենք՝ լայնացնել վերելակների մուտքերը, հետո զբաղվել մյուս հարմարությունների ստեղծմամբ»:

Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ընտրվելու դեպքում ձեռնարկելու են հաշմանդամությունը կանխող գործողություններ: «Երեւանում կառավարում իրականացնելու ենք մենք, մենք դառնալու ենք խնդիրների լուծողը: Մենք փողը ստեղծելու ենք եւ անելու ենք բոլոր գործերը, պաշտպանելու ենք մեր իրավունքները: Մենք Երեւանում իրականացնելու ենք խելքով եւ սրտով: Մենք, որպես իշխանություն, անելու ենք ամեն ինչ, որպեսզի նվազեցնենք հաշմանդամության ռիսկերը: Բարելավելու ենք առողջապահությունը, երթեւեկությունը, արտադրությունը: Մեր խնդիրները չենք հանձնելու ուրիշին, նրանք, ովքեր նշանակվելու ենք քաղաքապետ, ծառայելու են մեզ: Մենք առանց մուննաթի լուծելու ենք բոլոր խնդիրները: Ես հաշմանդամ եմ, բայց երբեք չեմ նվնվացել, գնացել եմ առաջ եւ լուծել եմ հանրային խնդիրներ: Ես ինձ հավասարապես համարել եմ պատասխանատու: Չեմ սպասել, որ ինձ ինչ-որ մեկը ինչ-որ բան տալու է»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ