23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղոթենք

Տե՜ր իմ, Տե՜ր Աստված, պարգևներ բաշխող, ինքնաբուն բարի, ամենքին տիրող հավասարապես, անգոյությունից կյանք գոյավորող միա՛կ Արարիչ, փառավորվա՜ծ Ես, ահարկո՜ւ, ահե՜ղ, սոսկալի՜, հզո՜ր, նաև խստամբե՜ր և անտանելի՜, անմերձենալի՜, անըմբռնելի՜, անիմանալի՜, անքննելի՜. անճառելի՜ Ես, անտեսանելի՜, անզննելի՜, անշոշափելի՜, անորոնելի՜, առանց սկզբի և հա՜ր անվախճան: Անմո՛ւթ գիտություն, աներկմի՛տ տեսություն, Էականություն ճշմարիտ, նաև՝ բարձր և խոնա՜րհ, գոյություն անվե՜րջ օրհնաբանելի, անստվե՜ր ծագում, և ամե՜ն կողմից փայլող ճառագայթ, խոստովանվա՛ծ լույս, անտարակուսելի՛ վստահություն, անտարտա՛մ հանգիստ, անփոփո՛խ կնիք, անսահմա՛ն տեսիլ, վկայվա՛ծ Անուն, Ճաշա՜կ քաղցրության, Բաժա՜կ բերկրության, հոգի հաստող Հա՛ց, Սե՛ր, որ՝ օտար է մթություններին, աներկբայելի ու վստահ խոստում, ծածկո՜ւյթ ցանկալի, զգե՜ստ անկապուտ, օթո՜ց բաղձալի և փառքերի զա՛րդ, ձեռք բռնող Դու Մե՛ծ, գովյա՛լ ապավեն, աննվա՛զ շնորհ, և գա՛նձ անպակաս, անապա՛կ անձրև, արփիացնցուղ ցո՛ղ, և Դե՛ղ՝ տեղացող ամեն կողմերից, բժշկություն Ես, և սակայն՝ ձրի, և՝ առողջությո՛ւն Դու կրկնաձիր, Վեհագո՛ւյն խրախույս, անպատրա՛նք կոչում, հանո՜ւր ավետիս: Եվ ստրկամեծար Թագավո՛ր Ես Դու, և աղքատասեր, Պաշտպա՛նն աղքատի, մշտապես Հարուստ, որ բաշխո՛ւմ է միշտ. Քեզ դիմողների համար անխափան Ներկայությո՛ւն Ես, հրամաննե՛րդ են աննահանջելի, Հո՛ւյս Ես անպակաս, և Տեսողությո՛ւն՝ ժամանակների այն կողմից էլ դուրս: Անզի՛ղջ պարգևող, Ամենաբա՛շխ աջ, Արդարակշի՛ռ ձեռք, Աչք Ես՝ ամե՛ն բան անաչառ տեսնող, Մխիթարո՛ղ ձայն և լո՛ւր ամենայն սփոփանքների, Բերկրաբե՛ր Հոգի, Կենդանի՛ Անուն, Մա՛տ Նախախնամ, Անգայթակղելի՛ ելք, Անխարդա՛խ ընթացք, Կենդանարա՛ր կամք, Աննե՛նգ խրատող, Աննախանձելի՛, մշտասո՜ւրբ Պատիվ, Լայնակա՛ն հնարք, Անձկակա՛ն պայման, Անգտնելի՛ հետք, Աներևո՛ւյթ շավիղ, Անչափագի՛ր պատկեր, և որքանությո՜ւն Անսահմանության, և Քո տեսակով՝ Աննմանելի՜, Անզուգակա՛ն գութ, և Ողորմության բազմազե՛ղ հեղում, Խոնարհությո՛ւն Ես տոնելի, նաև Համբո՛ւյր փրկարար: Եվ ավելին էլ կարող ենք ասել, քան թե իմ թված խորապես ազդող հատկանիշները Քո վայելչական, որ Աստվածությանդ պարգևներն են մեզ. Օրհնվա՜ծ, Գովվա՜ծ և Բարեբանվա՜ծ, Քարոզված, նաև՝ Ավետարանվա՜ծ, Հռչակվա՜ծ, նաև Բա՜րձր հնչեցված, Պատմվա՜ծ, նաև՝ Քո անխաբելի Կամքով աղաչվա՛ծ, և այն, ինչ որ մեզ պարգևներ բերին Հանդերձյալները՝ իրենց ճառերում լուսաբանելով նկարագիրը Քո Բազմաճառագ, այդ Քեզանից էր քաղցրությամբ հոսում ու հասնում էր մեզ, և որոնցով էլ իմ փրկությունն Ես տեսցրել զվարթ ու երանական, իբրև թե լիներ իմ արժանության պարարտությամբ լի և իմ ախորժի տենչանոք լեցուն, քանի որ ոչ թե փառավորվում Ես սնոտիապատվաստ երգիս միջոցով, այլ ա՛յն պատճառով, որ վերցնում Ես աղերսը փոքրիս և հագեցնում Ես խոսածս խոսքը Մեծիդ փրկությամբ:

Մատյան Ողբերգության

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ