29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ով Ամուլսարին մոտ գա, ամուլ–ամուլ ման կգա. ակտիվիստները բողոքի ակցիա էին իրականացնում

default

Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներն այսօր՝ սեպտեմբերի 6-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի էին եկել կարմիր եւ կանաչ փուչիկներով, որոնցից կարմիրների վրա գրված էին, ըստ ակտիվիստների, միֆերը, որոնք պետք է ցրվեն, այս դեպքում դրանք պայթեցնելու միջոցով, իսկ դրանց հակադրվում էին կանաչների վրա գրված ուղերձները։

Ակտիվիստները ցույցին վանկարկում էին «Էկոգաղութարարներ, դե ռադ եղեք օֆշորներ», «Ամուլսարը բարձր ա, նրա ջուրը քաղցր ա, ով որ նրան մոտ կգա, ամուլ–ամուլ ման կգա», «Ճշտի վրա վստահ ենք, արբիտրաժից վախ չունենք», «Ամուլսարն առանց հանքի» եւ այլն։

Ակտիվիստներից Աննա Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ ՀՀ կառավարությունը չպետք է տրվի միջազգային կապիտալի շահարկումներին, պետք է պատրաստ լինի հայ ժողովրդի հետ դիմակայելու մասնավոր ընկերությունների կողմից ներկայացնող սպառնալիքներին։

Նրա խոսքով՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական  մարմնի հանձնարարականը դեռ հարցի լուծում չէ. «Կառավարությանն առընթեր բնապահպանության եւ ընդերքի տեսչական  մարմինը ստուգումներ է անցկացրել եւ խախտումներ է արձանագրվել, հանձնարարականներ են տրվել։ Մասնավորապես, որ «Լիդիան Արմենիան» գործունեությունը պետք է չշարունակի, մինչեւ այդ խախտումների հետ կապված լուծումներ չլինեն, իսկ խախտումները շատ լուրջ են։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ Ամուլսարի խնդիրը ամբողջությամբ լուծված է»։

Ակտիվիստը նշեց, որ իրենք կառավարությունից ակնկալում են հստակ քաղաքականություն հանքարդյունաբերության հետ կապված, որով պիտի սահմանափակի հանքարդյունաբերությունը փոքր տարածք ունեցող երկրում, իսկ անթույլատրելի հանքերի հարցով, որոնք ավելի վաղ թույլտվություն են ստացել, պետք է հետաքննություն իրականացվի, որ բացահայտվեն ապօրինությունները եւ դադարեցվի շահագործումը. «Մենք միշտ պնդել ենք, որ Ամուլսարի տարածքում հանք շահագործելու ծրագիրը եղել է ապօրինի ձեւով հաստատված։ Այն չէր կարող թույլտվություն ստանալ, քանի որ նորմալ փորձաքննություն չէր անցկացվել, ընկերության ներկայացրած ծրագրում բազմաթիվ ռիսկեր կային, ընդ որում՝ անկառավարելի ռիսկեր»։

Նա հավելեց՝ միֆն այն մասին, թե «Լիդիանի» կողմից արբիտրաժային դատարան դիմելու դեպքում պետությունը լուրջ վնասներ կկրի, պետք է ցրել։

Ցույցը ավարտվեց հեծանվորդների երթով։

Հիշեցնենք, որ արդեն 2 ամսից ավելի է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը:

Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները: Մասնավորապես, մեծ է թթվային դրենաժի հնարավորությունը եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու: Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տեւելու, փորձագետները պնդում են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրման կայան կառուցի, որը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչեւ փակումը, այլեւ շահագործումից հետո եւս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»:

Բացի այդ, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու եւ սահմանված կարգով ընթացք տալու համար:  ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որեւէ գործողություն կատարելուց մինչեւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:

Իր հերթին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել է, որ դեմ է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եզրակացությանը: Նրանք նշել են, որ Ամուլսարի ծրագիրը նախագծվել է եւ կառուցվում է ամենաբարձր բնապահպանական չափանիշներով եւ այս փաստը անտեսվել է Կառավարության կողմից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ