19 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2018

Փաշինյանի երեկվա ելույթը ուժգին հարված էր

armen_ashotyan_634x445.thumb

Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել, արդյոք միտումնավոր կերպով է երկրի վարչապետը, շեղելով ուշադրությունը իր ղեկավարած կաբինետի անհաջող, իսկ երբեմն, բացահայտ ձախողված աշխատանքից, անթույլատրելիորեն ավելացնում ավտորիտարիզմի չափաբաժինը, թե հանրահավաքի նախապես ազդարարված թաքուն առաքելությունը (պատասխան Լավրովի հայտարարությանը) կորցրեց իր արդիականությունը: Այս մասին ֆեյբսուքյան էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նա մի քանի կետով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ տարբեր ոլորտներին՝ ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն և Արցախյան հիմնախնդիր:

Ներքին քաղաքականության վերաբերյալ նա գրել է.

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ուժգին հարված էր Հայաստանի պետականությանը: Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտները, կառույցներն ու մեխանիզմները, պետությունը փոխարինելով «ԵՍ ու Ժողովուրդը» առաջին հայացքից ականջահաճո, իսկ իրականության մեջ հակապետական բանաձևով: Հայաստանը տոտալ դեինստիտուցիոնալիզացիայի փուլում է. վարչապետը փորձում է իրենով փոխարինել օրենքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչությունները և այլն:
Օրեր առաջ Հայաստանի նոր իշխանություններին անվանեցի թավշյա խունտա, ինչին հետևեց պետական քարոզչամեքենայի ինտենսիվ գործադրումը: Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը լավագույնս հաստատեց իմ տրված գնահատականը: Ճնշումների գործադրմամբ իշխանության եկած, ուժային կառույցների գործադրմամբ սեփական իշխանությունը ամրացնելու փորձեր անող, երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորող իշխանության ղեկավարը երեկ հարձակվեց իշխանության մյուս ճյուղերի՝ օրենսդիր և դատական մարմինների վրա»,-կարծում է Աշոտյանը:

Արցախյան հիմնադրի վերաբերյալ նա շարունակել է.

«Ակնհայտ էր դառնում, որ վարչապետը հետևողականորեն հետ է կանգնում Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումներից բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերականգնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիենա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն: Այսինքն 100 օրվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր բանաձևի ձախողված փնտրտուքից հետո վարչապետը այնուհանդերձ գոնե ակներև վերադարձավ մեր իշխանության օրոք մշակված դիվանագիտական ձևակերպումներին:

Սակայն երեկվա հավաքին երկու տարակուսելի ու վտանգավոր էլեմենտ առաջացավ: Նախ, Նիկոլ Փաշինյանը փորձեց սենսացիոն ակնարկներ անել բանակցային գործընթացի պատմության մասին: Եվ քանի որ կիսատ-պռատ մոտեցումները ու պոպուլիզմը այս հարցում ճակատագրական կարող են լինել, ակնկալում ու պահանջում եմ, որ այդ ջինը դուրս գա շշից ամբողջությամբ, և Փաշինյանը հրապարակի ողջ բանակցային գործընթացի տեղեկատվությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած:

Երկրորդ խիստ վտանգավոր էլեմենտը, դա Արցախյան հիմնախնդրի հնարավոր կարգավորման բանաձևը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի հրապարակում հաստատելու մասին խոստումն էր: Պարոն վարչապետ, հիշեք մեկընդմիշտ, որ կարգավորման ցանկացած բանաձև պետք է ստանա նախ Ղարաբաղի ժողովրդի հավանությունը»,-գրել է ՀՀԿ-ականը:

Իսկ կառավարության վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ պատգամավորը գրել է.

«100 օրվա ընթացքում գործող իշխանությունները հետևողականորեն մսխում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կապիտալը: Քանիցս խոսվել է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության մասին: Ընդամենը երեք դրվագ հիշեցնեմ. ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթացը, ՌԴ ԱԳ նախարարի աննախադեպ կոշտ հայտարարությունը և, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի ԱԳ նախարարին չընդունելը Լավրովի կողմից:

Երեկ վարչապետը նաև ասաց, որ Բրյուսել կատարած իր այցը չի քննադատվել: Թարմացնեմ Նիկոլ Փաշինյանի հիշողությունը: ԵՄ ղեկավար մարմինների հետ իր հանդիպումներն այնքան անհաջող էին և անարդյունավետ, որ անգամ ինքը բարձրաձայն խոսեց այդ մասին հենց օդանավակայանում: Հիշեցնեմ նաև, որ Հայաստան-ԵՄ ուժի մեջ մտած համաձայնագրով առ այսօր ՈՉ ՄԻ գործողություն չի իրականացվել:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու լոբբիստական ջանքերը, իհարկե, տեղին են, բայց դրա մասին բացեիբաց բարձրաձայնելը մանկամտություն է: Եթե Թրամփ-Փաշինյան հանդիպում ունենալու հույսը ԱՄՆ կոնգրեսականների ստորագրություններն են, բա որտե՞ղ մնաց այդ դեպքում իշխանափոխությունից հետո Հայաստանի հանդեպ իբր մեծացած ուշադրությունը և Նիկոլ Փաշինյանի ժպիտի մոգական ուժը՝ Թրամփերի զույգին Բրյուսելում բարևելուց»:

Ամփոփելով վերոհիշյալը՝ Արմեն Աշոտյանը գրել է, որ պիտի ընդունի, որ սխալվում էր, երբ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ: «Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք: Անգամ շարքային»,-եզրափակել է նա:

 

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ