28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոսկվան կաջակցի՞ Քոչարյանին

IM7wGETAU9wY9deD4rqb0BnJZg

«Ռուսաստանը հայաստանյան քաղաքական դաշտում կարող է ֆավորիտներ ունենալ, բայց չաջակցել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու որոշմանը: Հիշեցնենք, որ նախօրեին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ համարեք, որ վերադարձել է քաղաքականություն, ինչին, նրա խոսքով, իրեն մղել է ՀՀ նոր կառավարության փորձի բացակայությունն ու ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները:

 

Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում փորձեց պարզաբանել, թե Մոսկվան ուրվագծվող քաղաքական պայքարում քաղաքական որ ուժին կաջակցի՝ հաշվի առնելով այդ ուժերի դիրքավորումը Մոսկվայի հետ հարաբերություններում:

 

Ռուս քաղաքագետն ասաց, որ անկախ Հայաստանում իշխանության եկած կամ ապագայում գալիք իշխանությունների արտաքին քաղաքական նախասիրություններից, հավակնություններից, հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի համար անայլընտրանքային են: Նրա խոսքով, հեղափոխության ժամանակ Ռուսաստանն աշխատում էր ՀՀ իշխանությունների հետ, բայց տեղի ունեցավ փոփոխություն, և Ռուսաստանը կրկին պետք է աշխատի նոր իշխանության հետ, այսինքն` Ռուսաստանը չի միջամտում, աջակցում և այլն:

«Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրա հետ մեկտեղ՝ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, գազի մատակարարը, Հայաստանն արտոնյալ պայմաններով զենք է ստանում Ռուսաստանից, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ԵԱՏՄ անդամ է: Ցանկացած իշխանություն դա հաշվի է առնելու կամ կարող է հաշվի չառնել, դա Հայաստանի ներքին ընտրության հարցն է, բայց ՌԴ իշխանությունները դրան պետք է հանգիստ վերաբերվեն: Ուստի, ըստ իս, Մոսկվայի կողմից որևէ գործչին աջակցելու դիսկուրսն անիմաստ է: Բայց Մոսկվայի իշխանությունները կարող են ունենալ ֆավորիտներ, ինչը բնական է: Սակայն դա ոչինչ չի որոշում: ՀՀ նախկին իշխանությունների հետ Մոսկվան արդյունավետ աշխատել է, թվում էր, թե աջակցում էր, բայց ծագում էին խնդիրներ, ներկայիս իշխանության հետ ևս խնդիրներ կան՝ անկախ նրանից՝ ֆավորիտ է, թե ֆավորիտ չէ, աջակցում է, թե չի աջակցում:

Ի դեպ, Մոսկվան երկար ժամանակ հետսովետական տարածքում աշխատել է այս երկրների իշխանությունների հետ, աջակցել նրանց, կտրվել ողջ քաղաքական դաշտից, ինչը հետագա զարգացումները ցույց տվեցին, որ սխալ է, քանի որ պետք է աշխատել ողջ քաղաքական դաշտի հետ, պետք է ծանոթ լինել առկա բոլոր տրամադրություններին, հնարավոր գործընթացներին, որպեսզի հետագայում անակնկալներ չլինեն ոչ իշխանության կողմից, ոչ էլ` ընդդիմության: Միայն իշխանության հետ աշխատելու վտանգն այն է, որ իշխանություններն ինչ-որ պահից սկսում են Մոսկվայի հետ հարաբերությունների մենաշնորհայնությունն օգտագործել հենց Մոսկվայի դեմ ինչ-ինչ որոշումներ կայացնելիս: Իսկ երբ Մոսկվան աշխատի ողջ դաշտի հետ, նման վտանգներ չեն լինի»,- ասաց Լուկիանովը: Նրա խոսքով, ներկայումս Հայաստանի պարագայում դեռևս հասկանալի չէ, թե ինչ վստահություն և ինչպիսի հարաբերություններ են ձևավորվել ՀՀ ներկայիս իշխանությունների հետ:

«Այս պահին կան տեսանելի որոշակի խնդիրներ, որոնք շատ մեծ չեն, բայց ուշադրություն են պահանջում հարաբերություններում ճգնաժամից խուսափելու նպատակով: Այնուամենայնիվ դեռ վստահության բավարար մթնոլորտ երևի թե չի ձևավորվել, քանի որ ՀՀ իշխանությունները իրականացրել են քայլեր, որոնք մտահոգել են Մոսկվային: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում քաղաքական գործընթացները չեն մարել, ՌԴ իշխանությունները կուսումնասիրեն դաշտը, քաղաքական ուժերի հայտարարությունները, արտաքին քաղաքական ուղերձները:

Այնուամենայնիվ, իշխանության ղեկին գտնվելն այլ պատասխանատվություն է, հենց այդ պատճառով շատ քննարկվեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունը նախկինում պահանջել է Հայաստանին դուրս բերել ԵԱՏՄ-ից, իսկ հիմա նշում է, որ այս կառույցին ՀՀ անդամակցությունը պետք է ավելի օգտակար լինի Հայաստանի համար, հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է խորանան: Ուստի այդ դիսկուրսն արհեստական է, քանի որ արտաքին աջակցության գործիքներ չկան կամ դրանք ներկայումս շատ կոպիտ են և չեն աշխատում միջազգային հարաբերություններում»,- ասաց Լուկիանովը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ