22 Սեպտեմբերի, Saturday, 2018

Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա. Ռ. Քոչարյան

19121

Փաստաբանների թիմը, որի աշխատանքին նաև ակտիվ ես էի մասնակցում դատավարության ժամանակ, ուղղակի ջախջախել է մեղադրանքը: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իր կալանավորմանն ու վերաքննիչ բողոքի քննությանը վերաբերող հարցին:

«Էսպես ասենք՝ քարը քարի վրա չեն թողել այդ մեղադրանքից: Սա այն դեպքը չէ, որ ասես՝ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է, ուժեղ է: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա, ավելի շատ՝ եզրակացություների վրա: Ցավոք, ես չեմ կարող խոսել կոնկրետ գործի մասին, որովհետև կա, այսպես կոչված, նախաքննական գաղտնիք: Գործում որևէ գաղտնիք չկա, որևէ պետական գաղտնիք չկա, ուղղակի սուտ է: Բայց օրենքը ենթադրում է, որ սա նախաքննական գաղտնիք է, և իրավունք չունես բարձրաձայնել շատ-շատ դրվագների մասին»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

Հարցազրույցի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահը նաեւ դիմել է հանրությանը, հատկապես՝ լրագրողներին, որպեսզի պահանջեն, որ ամբողջ գործընթացը թափանցիկ լինի, հանվի նախաքննության գաղտնիքը և հնարավորություն տրվի պաշտպանվող կողմին բարձրաձայն խոսել գործի հետ կապված ամեն ինչի մասին:

«Դուք կտեսնեք, որ ամբողջ գործը շինծու, արհեստական գործ է, և սա միայն հստակ քաղաքական հետապնդման դասական մոդել է: Պնդեք, լրագրողներով միացեք և դիմեք քննչական մարմնին, հանեք այդ գաղտնիքը, թող մենք այսպես բարիկադի տարբեր կողմերից փորձենք պաշտպանվել: Վերջապես դատարանը մրցակցային գործընթաց է, դատարանում երկու կողմը հավասար են, և դատարանը փորձում է գնահատել»,- ասել է նա:

Անդրադառնալով քրեական գործով վկայությունների եւ ցուցմունքների մասին հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ որեւէ էական բան չկա, դատարկ ցուցմունքներ են, սակայն հրաժարվել է առավել մասնամասներ ներկայացնել, որպեսզի հետագայում չմեղադրեն նախաքննական գաղտնիք բացահայտելու մեջ:

«Ես ուղղակի չեմ կարողանում խոսել, վաղը-մյուս օրը ինձ մեղադրելու են, թե նախաքննական գաղտնիք եմ բացահայտել հարցազրույցի ժամանակ: Ասում են, որ ես, օրինակ, եթե չեմ սխալվում՝ փետրվարի 29-ին հարցազրույց եմ տվել, որտեղ ասել եմ, որ կա երկու ելք այս վիճակից՝ կա՛մ հանրահավաքները Թատերական հրապարակում իրենք իրենցով մարվելու են, կա՛մ ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի ապօրինի, չարտոնված հանրահավաքները դադարեցնելու ուղղությամբ. սա որպես մեղադրանքի մաս է՝ ուղղված ինձ: Պատկերացնո՞ւմ եք: Ինձ մոտ հարց է առաջանում. իսկ երրորդ տարբերակը ո՞րն է: Ես ուղղակի ասել եմ՝ կա կա՛մ այս տարբերակը, կա՛մ այն տարբերակը: Կամ ինչ-որ մեկը մեկին ասել է, որը հաստատված անձ չէ և այլն, և այլն: Ամբողջությամբ իրավական տեսանկյունից ոչ մի բան չնշանակող ապացույցներ են»:

Եվս մեկ անգամ կոչ անելով հանել նախաքննության գաղտնիքը՝ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ դա կողմերին հնարավորություն կտա ամեն ինչի մասին բարձրաձայն խոսել: « Հիմա իրենք որ մասով ուզում են՝ փոքր կտորներով, կոնտեքստից դուրս ինչ-որ բաներ են ասում: Մենք հնարավորություն չունենք այդ քայլն անելու, որովհետեւ անմիջապես օրենքի սահմանափակման տակ ենք հայտնվում», – եզրափակեց նա:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ