19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանին պետք է Թուրքիա գործուղել, որպեսզի նա այնտեղ էլ հեղափոխություն անի

Թուրքիայի հասարակությունը, մասնավորապես, այնտեղ ապրող հայերը դրական են գնահատում Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Արևմտահայկական ազգային կոնգրես» կազմակերպության խորհրդի անդամ Արագած Ախոյանը` ամփոփելով Թուրքիա կատարած այցի արդյունքները։

Որոշ օղակներում նույնիսկ կատակով ասում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է Թուրքիա գործուղել, որպեսզի նա այնտեղ էլ հեղափոխություն անի, նշեց Ախոյանը։

Միաժամանակ քաղաքական գործիչը կարծում է, որ գործող իշխանությունը զբաղված է «ապամոնտաժմամբ, այլ ոչ թե շինարարությամբ, բայց պետք է աշխատանք սկսել` ուղղված երկրի զարգացմանը»։

Ախոյանը նշեց, որ Թուրքիայի հայերի շարքում կարոտ է զգացվում ազգային արժեքների ու մշակույթի նկատմամբ։ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թուրքիա այցեր կազմակերպելու մասին, սակայն դրանք այժմ պետք է հաստատվեն մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից։

Հնագետ Հակոբ Սիմոնյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում բարդ շրջան է։ Բոլոր պաշտոնյաները փորձում են գտնել իրենց և մատնանշել նախորդների սխալները, իսկ դա կարող է խանգարել երկրում ստեղծված շանսն իրագործելուն։ Հնագետը համոզված է, որ ներկա քաղաքական գործիչները պետք է գիտակցեն քաղաքական գործընթացներում մշակութային կապերի կարևորությունը։

Նրա խոսքով` աշխարհագրությունը ստիպում է Հայաստանին ու Թուրքիային որոնել իրար կողք խաղաղ ապրելու ուղիներ, և հենց մշակույթը կարող է կամուրջ դառնալ երկու երկրների հասարակությունների միջև։ Հայաստանի մտավորականության, մշակույթի գործիչների այցերը, ինչպես նաև նրանց կողմից կազմակերպած միջոցառումները նպաստում են ազգամիջյան երկխոսության զարգացմանը և օգնում քաղաքական գործընթացներին, կարծում է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 2009թ.–ին ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները, սակայն դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Բայց ինչպես հայերը, այնպես էլ թուրքերն այցեր են կատարում երկու ուղղություններով, հիմնականում զբոսաշրջային նպատակով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ