19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իսկ ի՞նչ է ասում պարոն Լավրովը. Ստյոպա Սաֆարյանը զարմացած է

«Ես զարմանում եմ, որ Սերգեյ Մարկեդոնովը չի տեսնում որևէ միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Նշենք, որ Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը քննարկման ժամանակ ասաց, որ Ս. Լավրովի խոսքերում չի տեսել միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Ըստ ռուս փորձագետի՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդամենն անհանգստությունների մասին է խոսել։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձություններն ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ: «Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաև՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել է նա:

Ս. Սաֆարյանը խորհուրդ տվեց համեմատել Ս. Լավրովի հայտարարությունն այն հայտարարությունների հետ, որոնք նման թեմաներով եղել են Եվրամիության, ԵԽ ԽՎ-ի, ԱՄՆ-ի կողմից։ Հիշեցնենք, որ «Ամերիկայի ձայնի»՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորվելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացրել էր. «Միացյալ Նահանգները հետևողական կերպով կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների վստահելի, լուրջ և անկախ քննություն։ Մենք շարունակում ենք շեշտել հայաստանյան մեր գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշերը»։

«Իսկ ի՞նչ է ասում պարոն Լավրովը, նա ասում է՝ մեզ անհանգստացնում է, որ դուք հետապնդում եք նախկին իշխանություններին, նա խոսում է ինչ-որ կոմպրոմիսի մասին՝ այն դեպքում, որ Հայաստանում գտնվող որևէ մեկի համար հասկանալի չէ, թե ինչպիսի կոմպրոմիս կարող է լինել Մարտի 1-ի հետաքննության հարցում, որովհետև իրականում այն հանցագործություն է, ու այս գործը փակելը ներկայիս ու նախկին իշխանությունների կոմպրոմիսների խնդիրը չէ։ Այս կոնտեքստում ես զարմանում եմ, որ պարոն Մարկեդոնովը խոսում է շարունակականության սկզբունքի խախտման մասին։ Եթե Հայաստանի երեք նախագահները կատարել են հանցագործություններ, ուրեմն՝ նրանք պետք է պատասխան տան դրանց համար։ Իսկ ո՞վ ասաց, որ անձեռնմխելիությունը, որը տարածվում է նախկին ղեկավարների վրա, միանշանակ գործում է բոլոր գործողությունների դեպքում, որ նրանք արել են իրենց ղեկավարման տարիներին»,- նշեց Ս. Սաֆարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ