19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նորերը տպագիր մամուլ չկարդալու հաշվին խնայողություն են անում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը, բայց արի ու տես, որ խնայողություններն անում է տպագիր մամուլի հաշվին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ իրենք հրաժարվել են թերթերի բաժանորդագրումից: «Թերթերի բաժանորդագրումներից հրաժարվելը կատարվել է աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Հաշվի առնելով հանգամանքը, որ թերթերը չեն սպառվում աշխատակազմում` որոշում է կայացվել հրաժարվել բաժանորդագրումից. սա հիմնականում կապված է թերթերում տպագրվող հոդվածների էլեկտրոնային հասանելիության հետ:

Բացի այդ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» շարունակում է ստանալ թերթեր, ի թիվս իր այլ բազմաթիվ գործառույթների կատարում է մամուլի մոնիտորինգ և ներկայացնում պաշտոնյաների ուշադրությանը»,- պարզաբանել է նա: Եթե նման որոշում կայացներ նախկին վարչապետներից որևէ մեկի ղեկավարած կառավարությունը, մենք չէինք զարմանա, և կհամարեինք բնական. ի վերջո այդ պաշտոնյաները միշտ էլ մամուլին որպես հակառակորդ են դիտարկել` չխորշելով անցանկալի լրատվամիջոցների ճանապարհին հարուցել զանազան խոչընդոտներ: Բայց արի ու տես, որ նման որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն դեպքում, երբ վարչապետն ինքը երկար տարիներ եղել է հայաստանյան առաջատար թերթերից մեկի գլխավոր խմբագիրը, և լավ գիտի, թե տպագիր մամուլի համար ֆինանսական ինչպիսի լուրջ հարված է բաժանորդագրումից հրաժարվելը:

Սա նշանակում է քայլ անել մամուլը սնանկացնելու ուղղությամբ: Ընդ որում` այդպես կառավարությունը չնչին միջոցներ է խնայում: Ինչ վերաբերում է թերթերում տպագրվող հոդվածների էլեկտրոնային հասանելիությանը, ապա շատերն իրենց հրապարակումները տեղադրում են հաջորդ օրը, որպեսզի չխանգարի վաճառքին: Եվ  վերջապես, մամուլի մոնիտորինգը ևս չի կարող փոխարինել թերթ ընթերցելուն թեկուզ և այն պատճառով, որ մոնիտորինգ իրականացնողն իր պատկերացումների շրջանակներում է ներկայացնում կարդացած հոդվածը, և նախկինում նման դեպքերում եղել են նյութերի բովանդակությունը ներկայացնելիս թյուրիմացություններ: Այնուամենայնիվ հակված ենք մտածելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել այս որոշումից, ու կառավարության աշխատակազմն ինքնագլուխ կերպով է գնացել նման քայլի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ