23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ հոգևորականը միշտ լինելու է հայ զինվորի կողքին՝ առաջնագծում

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջևանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին այնտեղ դիմավորել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, N զորամասի հրամանատարական կազմը և ՀՀ ԶՈՒ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` գնդերեցների ուղեկցությամբ։

Բանակի սպաների և զինվորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ։ Նորին Սրբությունը, աղոթելով հայրենի երկրի խաղաղության համար, Երկնավորից հայցել է, որ հայոց զորականների բազուկը միշտ հաղթական լինի և կարողանան իրենց քաջարի ոգով պաշտպանել Հայոց աշխարհի խաղաղությունը, իրենց մայրերի և քույրերի անդորրը:

Դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները` Գարեգին Բ Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու նրանց ընծայել խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն։

Հայրենյաց պաշտպանների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշել է, որ հայ զինվորը մշտապես իր աղոթքներում է: Անդրադառնալով բանակ-եկեղեցի կապին Հայոց Հայրապետն ընդգծել է. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես և այսօր ու ապագայում հայ հոգևորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։ Սահմանապահ զինվորականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրել է ծառայության ավարտին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հյուրընկալվել Հայոց Հայրապետին:

Զինվորականները շնորհակալություն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և զորակցության խոսքերի համար ու փոխադարձաբար մաղթեցին ուժ ու երկար տարիների կյանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն իր ծառայության մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ