16 Հուլիսի, Երկուշաբթի, 2018

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

aa-16

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ: Քսաներեք տարի առաջ մենք ազատ կամարտահայտմամբ ընդունեցինք հայոց նորանկախ պետականության ամրապնդման համար բացառիկ նշանակություն ունեցող մի փաստաթուղթ, որն ամփոփեց երրորդ հազարամյակի շեմին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կերտելու մեր երազանքը:

Հայ ժողովուրդն իր բարձր իրավագիտակցությամբ պայմանավորված որոշումը վավերացրեց դժվարին մի ժամանակներում, երբ հազիվ մեկ տարի առաջ էին լռել հրանոթների որոտները, իսկ խաղաղությանն ուղղված իրական սպառնալիքներն ավելի շատ էին, քան կայուն զարգացման դեռ փխրուն երաշխիքները:

Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի ընդունումը կանխորոշեց մեր պետության հետագա ընթացքն ու զարգացման ուղին: Անկախ պետականություն կառուցելու տարբեր հանգրվաններում այն երկու անգամ ենթարկվեց փոփոխությունների եւ փայլուն կատարելով իր պատմական առաքելությունը` միշտ մնաց բոլոր տեսակի իրավահարաբերությունների կարգավորման հիմքը, իսկ իրավական հարթությունում դարձավ մեր ինքնիշխանության մշտարթուն պահապանը:

Եւ այսօր յուրաքանչյուրիս իրավունքների ազատ իրացումով ու պարտականությունների պատշաճ կատարումով է պայմանավորված պետական եւ հասարակական կյանքում Սահմանադրության անառարկելի գերակայության հաստատումն ու լիարժեք կիրառումը: Իսկ այն բոլոր ասպարեզներում Հայաստանի կայուն զարգացման կարեւորագույն նախապայմանն է:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը գրեթե քառորդ դար շարունակ փարոսի լույսի պես մեզ առաջնորդում է անկախ ու ժողովրդավարական պետություն ստեղծելու դժվարին ճանապարհով: Եւ մենք էլ պիտի աչքի լույսի պես փայփայենք այն, ինչպես մեր պետական խորհրդանիշները, որոնց օրը նույնպես նշում ենք այսօր:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` բոլորիս մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում: 

 

 

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ