24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմա հիմնականում փողի կռվի է գնում, տարիներ շարունակ ոմանք բիզնես են արել երեխաների դժբախտության վրա

ՀՀ նախկին իշխանությունների՝ մարդասիրական ուղղությամբ արված ամենակարևոր քայլն այն է, որ անցան համընդհանուր ներառման քաղաքականության օրինականացման, որը մինչև 2025 թ.-ն պետք է ամբողջությամբ ներդրվեր, սակայն այդ ժամանակացույցից այս պահին շեղում ունենք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:  Նրա խոսքով՝ հիմնական շեղումը, հատկապես Երևանում է, այսինքն՝ 2018 թ.-ին փոխարեն, սկսելու է 2019 թ.-ից:

«Բան այն է, որ համընդհանուր ներառման անցնելու գործընթացը պետք է սկսի հատուկ դպրոցների վերակազմավորումից, այսինքն՝ մանկավարժահոգեբանական ծառայությունների կենտրոններից: Այն հատուկ դպրոցները, որոնք պետք է դառնային մանկավարժահոգեբանական ծառայությունների կենտրոններ, մինչ օրս չեն դարձել: Ինչո՞ւ՝ պատճառները շատ են, որոնցից մեկն այն է, որ այդ հատուկ դպրոցների տնօրենները և շահագրգիռ տարբեր մարդիկ, ժամանակին այդ գործընթացը չեն սկսել»,- ասաց նա:

Բախշյանի խոսքով՝ Երևանում 4 հատուկ դպրոց պետք է անցներ մանկավարժահոգեբանական ծառայությունների կենտրոնի, սակայն, ըստ Բախշյանի, այդ հատուկ դպրոցները ընդհատակյա գործողություններ են արել՝ տարածել են, թե այդ դպրոցներում սովորող երեխաների կրթության իրավունքը ոտնահարվում է և այլն:

«Այդ դպրոցներից մեկը նախարարության ենթակայության տակ գտնվող թիվ 17 հատուկ դպրոցն է, որը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ են սովորում: Երբ նայում ենք այդ դպրոցի կայքը, որտեղ կան միջոցառումների նկարներ, տեսնում ենք, որ մասնակիցները բացառապես նրանք ենք, ովքեր չունեն հենաշարժողական խնդիրներ, միայն կարող ենք նկատել հատուկենտ երեխաներ, որոնք սայլակի վրա են: Հարց՝ ինչու  են այստեղ սովորում ոչ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ, արդյոք այդ դպրոցը հարմարացված է խնդիրներ ունեցող երեխաներին: Կայքում տեղ կա՝ շինություն, սակայն սեղմում ես ու տեսնում, որ որևէ բան չկա, և պարզ չէ՝ այդտեղ վերելակ կա՞, թեքահարթակները հարմա՞ր են, թե՝ ոչ»,-շեշտեց Անահիտ Բախշյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ հավելեց, որ ՀՀ-ում կրթության վիճակը բավականին բարդ է: Նա նկատեց, որ վերջին տարիներն այս ոլորտում 2 կարևոր փոփոխություն է արվել՝ 12-ամյան պարտադիր կրթություն և համընդհանուր ներառականությունը:

«Այս 2 ծրագրերն իրականացնելու համար ՀՀ-ում բավականին մեծ ներդրումներ պետք է արվեն, որովհետև 12-ամյա պարտադիր կրթություն ստանալու համար երեխաներին պետք է տրանսպորտով ապահովես, որ գնա մարզկենտրոնի քոլեջ: Եթե գյուղում տրանսպորտ չկա, ապա ինչպես է ինքն իր կրթության իրավունքն իրացնելու: Ինչպես նաև մենք գիտենք, որ երեխաները, որոնք 8-րդ դասարանից դուրս են գալիս, իրենք զրոյական գիտելիք ունեցող երեխաներ են, հիմա, եթե զոռով բերում եք 12-րդ դասարան, ապա դա հարկավոր է լրացուցիչ ռեսուրսներ աշխատելու համար: Եթե իրենց դնում ենք սովորական դասարանում, ապա այն հաջողություն չի բերելու»,- շեշտեց Սերոբ Խաչատրյանը:

Վերջինս, անդրադառնալով ներառական կրթությանն ասաց, որ կրթական ոլորտն ամենացավոտ տեղերից է: Նրա գնահատմամբ՝ տարիներ շարունակ ոմանք բիզնես են արել երեխաների դժբախտության վրա:

«Օգտագործվել է այն հանգամանքը, որ երեխան խնդիրներ ունի առողջական խնդիրեր ունի կամ աղքատ ընտանիքից, օգտագործել են գումար վաստակելու համար: Ցավոք սիրտին, նույնիսկ այն դպրոցները, որոնք թվում է, թե շատ ոգևորված են, հաճախ այնտեղ էլ կա զուտ ֆինանսական հետաքրքրվածություն: Շիրակի մարզի Բյուրական դպրոցի օրինակը բերեմ, որտեղ դպրոցը 74 երեխաներից 43-ին գրանցել են որպես ներառական կրթության կարիք ունեցող երեխա, իսկ նպատակը լրացուցիչ գումար ստանալն է»,-  հավելեց նա:

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ հումանիստական խնդիր կա, այն է, որ այդ երեխաները կարողանան գտնել իրենց տեղն այս հասարակության մեջ: Ըստ նրա՝ ցանկացած բարեփոխման մեջ ամենակարևորը ռեֆորմին լավ պատրաստվել է, հակառակ դեպքում կարող ես ամենալավ գաղափարը խորտակել, իսկ այս ռեֆորմին հասարակությունը պատրաստ չէր:

«Հիմա հիմնականում փողի կռվի է գնում, գիշերօթիկները երեխաները հավելագրում են, քանի որ փողն ավելի շատ է: Այս պահին ռեալ չեն գնահատում այդ երեխաների կարիքները»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ