25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեկ դերասանի թատրոն» չսարքել, չխանդել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի վերջին շրջանի արտասհմանյան ուղեւորությունները տարօրինակ չեն ու չեն կարող չտեղավորվել Հայաստանի արտաքին քաղաքականության շրջանակում: Այս կարծիքին է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հինադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը :

«Ես չեմ կարող ասել, թե ինչպիսի դերակատարում էին ուզում տեսնել նախագահի համար, երբ սահմանադրական փոփոխութունները գրում էին, բայց այնպես էլ չէ, որ խորհրդարանական համակարգերում արտաքին քաղաքականության որեւէ խնդիրներից նախագահը չի խոսում, եթե այդպես է, եթե խորհրդարանական հանրապետության պայմաններում նախագահները ոչնչով չպետք  էզբաղվեն, ուրեմն, ավելի լավ կլինի վերացնել այդ պաշտոնը»,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետը:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ոչ պետք է դավադրությունների տեսության գիրկն ընկնել, ոչ էլ խանդի տեսարաններ սարքել նախագահի այցելությունների հետ կապված. «Միայն արտերկրից հյուրընկալված պաշտոնյաներին ընդունելով, նրանց հետ որոշակի հարցեր քննարկելով, արդեն իսկ նախագահը որոշակիորեն մասնակցում է քաղաքականությանը՝ լինի ներքին, թե արտաքին, հետեւաբար, ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում Արմեն Սարգսյանի գործողություններում»:

Հիշեցնենք,  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը անդրադարձել էր Արմեն Սարգսյանի արտասհմանյան այցելություններին եւ նշել, որ  «ՀՀ Սահմանադրության 146 հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ պետության արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ Կառավարությունը եւ հետեւաբար յուրաքանչյուր պետական պաշտոնյայի արտաքին քաղաքական գործունեություն պետք է համաձայնեցված լինի կառավարության, նրա ղեկավարի՝ ՀՀ վարչապետի հետ եւ տեղի ունենա նրա համաձայնությամբ կամ հանձնարարությամբ:  Հայաստանի Հանրապետության նախագահի՝ արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող այցերը պետք է դիտարկել հենց վերը նշված համատեքստում»: 

Գոնե հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է խուսափի արտաքին ու ներքին քաղաքականությունը  «մեկ դերասանի թատրոն» դիտարկելու մոտեցումից՝ լինի դա վարչապետը, թե արտգործնախարարը, նշեց մեր զրուցակիցը.  «Ցավալիորեն, Հայաստանի ողբերգությունը հենց դա է եղել: Քանի որ խորհրդարանական համակարգը նոր է, մենք կունենանք  որոշակի ադապտացման շրջան, թե  ինչպիսի այցելություններ պետք է անել, ինչպիսիք ՝ չանել, բայց կրկնում եմ՝ ցավագին ու խանդով վերաբերվել պետք չէ»:

Հավելենք, որ պաշտոնական ձևաչափով նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայիում, ինչը մամուլին վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասության  մասին տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տվել: Մամուլը գրել էր նաեւ, որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՌԴ այցելության եւ չէր բացառել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում նրա ներգրավման հնարավորությունը:

Այս հարցի վերաբերյալ քաղաքագետը շեշտել է. «Դա մի հարց է, որը պետք է Հայաստանում որոշվի, քանի որ վարչապետն ունի գործադիր շատ մեծ լիազորություններ, ինքը կարող է որոշել, թե իր եւ իր կառավարության անունից ով ինչ հարցով կարող է բանակցել եւ եթե լինի կառավարության ցանկությունը, ապա դա կարող է տեղի ունենալ միայն այդ դեպքում, այլ պարագայում, Արմեն Սարգսյանը չի կարող որեւէ կերպ ինքնուրույնաբար վարել արտաքին ու ներքին քաղաքականություն»:

Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյոք նախագահը կարող է հավակնություններ ունենալ առավել ակտիվ ներգրավվելու Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին, քաղաքագետն ասել է.«Ես Արմեն Սարգսյանի կողմից նման հավակնություններ չեմ տեսնում, բայց եթե նույնիսկ այդպիսի հավակնություններ ունենա, դա կրիմինալ չէ, բա ինչի՞ համար է քաղաքականությունը»:

Ըստ Սաֆարյանի, նախագահի արտասահմանյան այցելությունների շուրջ ստեղծված աղմուկը չիմացության հետեւանք է.«Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն նա վարչապետի հետ պետք է համաձայնեցնի իր տուն գնա՞լն էլ: Որեւէ մեկին ընդունելու, որեւէ մեկի հետ հանդիպելու որեւէ խնդիր չկա, եթե դա չի հակասում երկրի որդեգրած արտաքին քաղաքական կուրսին, եթե նա շարունակում է կրկնել կամ զարգացնել նույն թեզերը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ