18 Նոյեմբերի, Կիրակի, 2018

Պատրաստ ենք մասնակցել` վարչապետի առաջարկած օրակարգով

Արփինե-Հովհաննիսյան

Պատրաստ ենք մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ` վարչապետի առաջարկած օրակարգով: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:

Նա իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու եզրակացությունները շատ կարեւոր են եղել ժողովրդավարության ձեւավորման գործում: Հաջողվել է իշխանության փոխանցում իրականացնել խաղաղ ճանապարհով:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` վարչապետի առաջարկած օրակարգով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ ընդունելու լավ փորձ` հիմնված բոլոր քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության համաձայնության վրա, որը, ի դեպ, առաջարկվել եւ ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ ներկայումս խորհրդարանում ձեւավորել ենք այդպիսի ներառական աշխատանքային խումբ: Երկու օր առաջ Ազգային ժողովում բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրանում ներգրավվելու իրենց պատրաստակամությունը»:

ԱԺ փոխնախագահի խոսքով` արդեն ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, գնահատվել որպես լավ կազմակերպված եւ որտեղ հիմնարար իրավունքներն ընդհանուր առմամբ պահպանված են եղել: «Սա ոչ թե իմ գնահատականն է, այլ նաեւ միջազգային դիտորդական առաքելության, ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ինը: Այսպիսով, սա պետք է լինի այն հիմքը, որի վրա անցկացվեն նոր ընտրությունները», – նշել է Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահի եւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ընդգծել է՝ կարեւոր է, որ ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` ներառական եւ թափանցիկ ձեւով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար եւ որպեսզի կուսակցություններն Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար:

 

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ